Foto

Նախապատերազմյան իրավիճա՞կ․ ո՞վ և ի՞նչ գիտի այդ մասին

Օրագիր․news լրատվական կայքի տեղեկություններով արդեն երկու օր է Ադրբեջանում միչև 50 տարեկան տղամարդկանց երկրից դուրս գալն արգելվում է։ Սա, իհարկե, մտահոգիչ է և տարբեր փորձագետներ այն համարում են նոր պատերազմի հնարավոր սկիզբ։ Ադրբեջանական հայտնի լրատվական կայքերում այդ մասին որևէ տեղեկություն չկա։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի փոխանցմամբ էլ՝ ՀՀ ՊՆ-ն նման տեղեկատվության չի տիրապետում։ ԱԱԾ-ին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։

Այս ամենին զուգահեռ ռազմական և քաղաքական տարբեր գործիչներ խոսում են իշխանության խոստացած «խաղաղության դարաշրջանի» տոտալ բացակայության մասին։ Քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանը, կրկին, աշնանը պատերազմ է կանխատեսում։ Ռազմական փորձագետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է․ «խաղաղության պայմանգիրը» իրականության մեջ կարող էր կոչվել կապիտուլացիայի, անկման, բայց ոչ երբեք խաղաղության։ Ըստ Տիգրան Աբրահամյանի ՝ «Արցախի այսօրվա պետական կառավարման համակարգը, քաղաքական ու հասարակական ներքին հարաբերությունները, ցավոք, թույլ չեն տալիս այսօր գոնե եղած ռեսուրսներով դիմակայելու այն մարտհրավերներին, որոնք հնարավոր էր ապահովել առաջ»։

Եթե իրապես ճիշտ է Ադրբեջանում մինչև 50 տարեկան տղամարդկանց երկրից դուրս գալու մասին արգելքը, ապա ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն առաջարկում է դրա վտանգենրին վերաբերող հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին և զուգահեռ հարցնել, թե ի՞նչ եղավ վերջինիս խոստացած «խաղաղության դարաշրջանը»։ Վրթանեսյանն հիշեցնում է․ «2020թ նոյեմբերի 9-ից սկսած հայտարարել եմ, որ սա ոչ թե խաղաղության փաստաթուղթ է, այլ՝ նոր պատերազմի սկիզբ է դնում»։ Ռուս-ուկրաինական հակամարտություն էլ հաշվի առնելով՝ փորձագետը հիշեցնում է, որ բազմիցս խոսել է բանակը զինելու և մարտական պատրաստության բերելու կարևորության մասին, բայց գործանականում հակառակն է տեսնում։ «Հայաստաանը պետք է ամեն գնով վերականգներ իր զինաված ուժերը։ Մի բան, որը ոչ միայն չի արվել, այլ դրա հակառակն է արվել։ ՀՀ Զինված ուժերը կազմաքանդվել են նպատակաուղղված ձևով»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց Վրթանեսյանը։

Հարցին, թե այս պահին ի՞նչ գործողություններ կարող են անել մեր ՊՆ-ն, իշխանությունը, փորձագետն ասաց․ «Ես այդ «մեր» դերանունը չէի օգտագործի։ Վաղուց համարում եմ, որ մարդիկ, ովքեր այսօր Հայաստանում զբաղեցնում են իշխանությունը, մեզ չեն ներկայացնում։ Հայ ազգի շահերը չեն ներկայացնում։ Հակառակ դեպքում՝ նախ իրենց պատճառով կրած պարտությունից հետո հրաժարական կտային, երկրորդն էլ՝ բանակը չէին քանդի։ Այդ մարդիկ Արցախից զորք են դուրս բերել։ Ակնհայտ է, որ սրանից հետո թշնամին ավելի է լկտիանալու և փորձելու է գնալ նոր արկածախնդրությունների»։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան