Foto

Հեքիաթ «աչքակապության» մասին. գործազրկության սինդրոմը

Հեքիաթ աչքակապության մասին. գործազրկության սինդրոմը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում ավելի քան 180 հազար գործազուրկ կա։ Ընդ որում՝ սրա մեջ չեն մտնում գյուղացիական տնտեսությունները, որոնց թիվն անցնում է 300 հազարից։ Դրանից բացի՝ կառավարությունը համարում է, որ հողը տալով գյուղացուն՝ լուծել է նրա աշխատանքի ապահովվածության խնդիրը, թեև հասկանալի է, որ այդպես չէ։ Փաստն այն է, որ բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ դրանով չեն կարողանում ապահովել իրենց ապրուստի միջոցը։ Այդ պատճառով էլ արտագաղթը մեծ է հատկապես գյուղական բնակավայրերում։ Շատերն են մեկնում արտագնա աշխատանքի, որովհետև տեղում չեն կարողանում հող մշակելով հոգալ իրենց ապրուստի միջոցը։

Ինչպես հայտնի է՝ գյուղում աշխատելու այլ հնարավորություններ գրեթե չկան, իսկ միայն հողի հույսով անհնար է ընտանիք պահել։ Այդ մարդիկ իրականում գործազուրկ են, թեև ընդգրկված չեն գործազրկության պաշտոնական ցուցանիշներում։ Չնայած՝ առանց նրանց էլ գործազրկության մակարդակը Հայաստանում շատ բարձր է (ի դեպ՝ ամենաբարձրերից մեկը ԵԱՏՄ տարածքում)։ Անհերքելի է այն փաստը, որ աշխատունակ բնակչության ավելի քան 14 տոկոսը պարզապես չի կարողանում աշխատանք գտնել։ Ու ինչքան էլ իշխանությունները հեքիաթներ պատմեն, որ Հայաստանում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, բայց մարդիկ չեն ուզում աշխատել, որովհետև սովորել են ապրել առանց աշխատելու, այդպես չէ։

Եթե հավատանք Քերոբյան Վահանի հեքիաթասացություններին, ապա նա հստակ նպատակ ունի ցույց տալ, որ Հայաստանում աշխատողի սուր կարիք կա, բայց մարդիկ չեն ուզում աշխատել ու հենց այս տրամաբանաությամբ էլ նա կառուցում է իր բոլոր հայտարարություններն ու մեկնաբանությունները։ Թե իրականում որքանով է այդպես, շատ լավ գիտեն նրանք, ովքեր աշխատանքի կարիք ունեն, ինչպես նաև նրանք, ովքեր աշխատում են ու կոպեկներ ստանում։ Տրամաբանական հարց է առաջանում, որ եթե աշխատողի այդքան սուր կարիք կա, ու «համարյա բոլոր ընկերությունները» չեն կարողանում անգամ բարձր աշխատավարձով աշխատողներ գտնել, ինչպե՞ս է, որ Հայաստանում աշխատանք ունեցող տասնյակ-հազարավոր քաղաքացիներ ստանում են նվազագույն աշխատավարձ։

Գաղտնիք չէ, որ շատ հաճախ աշխատանքի «սուր կարիք» ունեցող ընկերությունները նվազագույն աշխատավարձով մարդիկ են ներգրավում՝ որոշակի շրջան անցնելուց հետո հիմնական աշխատանքի ընդունելու խոստումով, բայց հետո հրաժարվում են։  Ինչպես հայտնի է՝ թափուր աշխատատեղեր առաջին անգամ չէ, որ Հայաստանում առաջացել են, ի դեպ՝ միշտ էլ այդպես է եղել։ Բայց դրանք հիմնականում սպեցիֆիկ աշխատանքներ են կամ այնպիսին, որ աշխատավարձը չի համապատասխանում աշխատատեղին ներկայացվող պահանջներին։ Առաջարկվող աշխատավարձերը շատ ավելի քիչ են, քան պահանջվում է աշխատանքի համար։ Հիմնականում դա է պատճառը, որ մարդիկ հրաժարվում են այդպիսի աշխատանք կատարելուց, և ոչ թե այն, որ չեն ուզում աշխատել։

Ըստ էության, աշխատավարձի խնդիրը Հայաստանում շատ սուր է դրված. այն չափազանց ցածր է և քչերն են, որ կարողանում են նորմալ աշխատավարձ ստանալ։ Տնտեսության բազմաթիվ ճյուղերում աշխատավարձերը ոչ միայն ցածր են, այլև շատ դանդաղ են բարձրանում։ Պատճառներից մեկն էլ տնտեսության արտադրողականությունն է։ Ցածր արտադրողականության պատճառով չեն կարողանում նորմալ աշխատավարձ վճարել։ Այդպիսի ոլորտները մեր տնտեսության մեջ շատ են՝ սկսած առևտրից, վերջացրած թեթև արդյունաբերությամբ։ Ի դեպ՝ նույնը նաև պետական հատվածում է. տասնյակ-հազարավոր աշխատողներ կան, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, գուցե դրանից մի փոքր ավելի։

Յուրաքանչյուր տրամաբանող մարդ հասկանում է, որ տնտեսության արտադրողականությունը բարձրացնելն էկոնոմիկայի նախարարի սուրբ պարտականությունն է, բայց տարիներն անցնում են, իսկ մեր տնտեսության արտադրողականությունը շարունակում է դոփել տեղում՝ իր ուղղակի հետևանքն ունենալով՝ ինչպես տնտեսության զարգացումների, այնպես էլ՝ աշխատատեղերի ու աշխատավարձերի վրա։ Բարձր աշխատավարձով թափուր աշխատատեղեր, եթե նույնիսկ կան, միշտ չէ, որ հնարավոր է համապատասխան մասնագետներով լրացնել։ Մեկ օրում կամ մեկ ամսում մասնագետ չեն դառնում, քանի որ դրա համար ամիսներ, եթե ոչ՝ տարիներ են պետք։

Ինչպես հայտնի է վերջին շրջանում այդքան խոսվում է ՏՏ ոլորտում մասնագետների պակասի մասին, բայց ամեն մարդ չէ, որ կարող է կարճ ժամանակում ծրագրավորող դառնալ։ Պետության խնդիրն է՝ մտածել այդպիսի մասնագետների պահանջարկը բավարարելու մասին։ Նաև որակյալ մասնագետներ պատրաստելու մասին։

Արմեն Հովասափյան