Foto

Հերթական միջազգային «թատերական» պարտիան

Նախօրեին արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Հայաստանը հրավիրված է մասնակցելու հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ըստ մամուլի՝ Պրահայում քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։ Նշենք, որ այս գաղափարի կնքահայրն Էմանուել Մակրոնն է, ով դեռևս մայիսին է առաջարկել ստեղծել Եվրոպական քաղաքական համայնք, որը ներառելու է մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունները, այդ թվում՝ Ուկրաինան ու ԵՄ անդամության հավակնորդներին Արմ. Բալկաններում։ Ի դեպ՝ Շառլ Միշելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ևս հրավիրվելու է գագաթնաժողովին՝ չնայած Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված բարդություններին։

Կարևոր է արձանագրել, որ Թուրքիայի մասնակցության հարցը դեռևս վիճելի է, քանի որ Հունաստանը և Կիպրոսը, որոնք ներքաշված են Անկարայի հետ երկարատև վեճերի մեջ, դեմ են այս երկրի ներկայացուցիչներին հրավիրելուն։ Թուրքիան մնում է ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու, թեև բանակցությունները տարիներ շարունակ փակուղում են։ Այս առիթով էլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն պետք է հրավիրի Թուրքիային, սակայն կառույցը պետք է համոզված լինի, «որ աջակցություն կա բոլոր գործընկերների կողմից»: Նշվում է նաև, որ հրավիրվել են նաև Նորվեգիան ու Շվեյցարիան, ինչպես նաև ԵՄ անդամակցությանը սպասող 9 երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Արևմտյան Բալկանների 6 երկիր, ինչպես նաև ոչ թեկնածուներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Ըստ էության, ԵՄ այս որոշումից զարմանալ պետք չէ, քանի որ ԵՄ-ն հետսովետական տարածքում փաստացի մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը Ռուսաստանի դեմ: Ակնհայտ է, որ ՌԴ դեմ ակտիվ գործիքներից մեկը, որն այս փուլում կարող է օգտագործվել, դա նույն այդ տարածքում ձևավորված Արևելյան գործընկերության գոտին է և այդ ծրագիրը ներառող երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ԵՄ անդամակցության հայտ չեն ներկայացրել, սակայն այդ ծրագրում են:

Միանշանակ է, որ այստեղ առկա են առանցքային դրվագներ մասնավորապես այստեղ հետաքրքրական հանգամանքն այն է, որ այս դեպքում և աշխարհաքաղաքական այս իրավիճակում ԵՄ-ն ԱլԳ երկրներից չի պահանջում հստակ ընտրություն կատարել, այդ մասին հայտարարել։ Հակառակը՝ իր քաղաքականությունն է վարում, քանի որ դա հարկավոր է ԵՄ-ին։ Փաստացի ԵՄ-ն արդեն իսկ ինտեգրված է տարածաշրջանում և այնտեղ առկա խնդիրների կարգավորմամբ է զբաղվում, դրանից բացի՝ սերտացնում է համագործակցությունը՝ նույնիսկ ընկալելով, հասկանալով որոշ իրողություններ և այն, որ, օրինակ, Ադրբեջանը չի հայտարարում, որ ունի եվրոպական ինտեգրման ցանկություն։ Ի դեպ՝ մի քանի տարի առաջ իրավիճակը լիովին տարբեր էր ԵՄ քաղաքականության շրջանակում, պահանջվում էր հստակ կողմնորոշում, հայտարարություններ, իսկ հիմա այդպես չէ: Այնուամենայնիվ, ԵՄ-ն գուցե գիտի, որ մերժում չի ստանալու: Ավելին ասեմ, դեռ հայտնի չէ, թե երբ են անդամակցելու Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, թեև ԵՄ անդամ երկրների մի շարք պաշտոնյաներ պայքարում են նրանց անդամակցության համար: Սակայն ուկրաինական պատերազմի ընթացքում ևս դա անորոշ մի հարց է և այդպես էլ կմնա, իսկ առջևում ԵՄ-ին ավելի մեծ փորձություններ են սպասվում, և հայտնի չէ, թե ինչպես ԵՄ ժողովուրդները կհաղթահարեն դրանք և ինչպիսի մոտեցում այդ ամենի արդյունքում կունենան ընդլայնման հարցի վերաբերյալ:

Եթե անդրադառնանք ԱլԳ մյուս երկրներին, ապա նրանց վերաբերյալ անորոշությունը շատ ավելի մեծ է ըստ էության, Բելառուսի դեպքում ամեն ինչ հասկանալի է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք նաև հակամարտություն ունեն և ունեն համագործակցություն ԵՄ-ի հետ, կարող են հրավիրվել, սակայն անդամակցության հեռանկարից խոսելն ավելորդ է, դա ներկայումս պետք չէ ո՛չ ՀՀ-ին ու Ադրբեջանին, ո՛չ ԵՄ-ին, որն ընդլայնման մեծ գործընթացի ռեսուրս չունի, բայց կարող է նման միջոցառումներով ստեղծել նման քարոզչական ազդեցություն:

Ընդհանուր այս դասավորվածությունից ակնհայտ է դառնում, որ ԵՄ-ն փորձում է սրանով իր ազդեցությունը տարածել, միջնորդությունը հարավկովկասյան խնդիրների կարգավորման հարցում դարձնել անխոչընդոտ՝ երկու երկրներին դարձնելով ԵՄ-ին լոյալ գործընկերներ, իսկ ավելի պարզ՝ ձեռքի խաղալիք: Սակայն, թե ռեալ ինչ կարող է ԵՄ-ն առաջարկել Հվ. Կովկասի երկրներին, բացի ֆինանսական որոշ ներարկումներից՝ բարդ է պատկերացնելը: Միանշանակ է, որ մեր տարածաշրջանում առկա խնդիրների գործնական լուծման հարցում, ՌԴ-ն ակնհայտ շատ ավելի մեծ լծակներ ու ազդեցություն ունի, քան մեկ այլ բևեռ։

Ամփոփելով ընդգծենք նաև, որ անկասկած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական քննարկումները վերաբերելու են Ուկրաինային, ընթացող պատերազմին և Ռուսաստանի դեմ քաղաքական ուղենիշներին:

Արմեն Հովասափյան