Foto

Առեղծվածային ոսկու ոդիսականը

Հետևելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության հրապարակումներին՝ պարզվում է, որ այս տարվա հունիսին Հայաստանից խոշոր արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Այստեղ հատկանշական է այն, որ արտահանումը եղել է մեկ ապրանքի գծով. արտահանվել է ավելի քան 20 մլն դոլարի ոսկի (ավելի կոնկրետ՝ ոսկու փոշի)։ Իսկ, թե ով է իրականացրել այդ արտահանումը, և ինչպես է դա հաջողվել տարիներ շարունակ թուրքական իշխանությունների ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքից հետո, մնում է միայն գուշակել և ենթադրություններ անել։

Կարևոր է շեշտել, որ նախկինում երբևէ նման մեծ արտահանում չէր իրականացվել Հայաստանից Թուրքիա, ոչ թե այն պատճառով, որ չի եղել այդպիսի հնարավորություն, այլ, որովհետև թուրքական իշխանությունները թույլ չեն տվել։ Ու հիմա հանկարծ որոշել են այսպիսի «բարեկամական» ժեստ անել։

Միանշանակ է, որ ընթերցողի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական հարաբերություններ չունեն իրար հետ, բայց առանց այդ հարաբերությունների էլ առևտրային կապերը գործել են, թեև հիմնականում մեկ ուղղությամբ՝ Թուրքիայից Հայաստան իրականացվող ներմուծումների ձևով։ Տարեկան դրանք կազմել են ընդհուպ 280 մլն դոլար, իսկ արտահանումը՝ 2-3 միլիոն։ Ու հանկարծ այս տարի միանգամից 20 մլն դոլարանոց արտահանում է տեղի ունենում, այլ կերպ ասած՝10 անգամ ավելի շատ, քան նախորդ տարիների ամբողջ տարվա արտահանումները։ Համաձայնեք, որ նման բան հենց այնպես՝ օդից, չի լինում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ տարվա առաջին կեսին արտահանումը Հայաստանից Թուրքիա կազմել է 20,5 մլն դոլար։  Արտահանման հիմնական մասը տեղի է ունեցել կիսամյակի վերջին ամսում։ Մինչ այդ արտահանումները Հայաստանից դեպի Թուրքիա գրեթե զրոյական են եղել։ Առաջին 5 ամիսներին Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ ընդամենը 318,7 հազար դոլարի տարբեր տեսակի ապրանք։ Արտահանումը կտրուկ ավելացել է հունիսին՝ միանգամից 20 մլն 189 հազար դոլարի չափով (դրանից 20 մլն 167 հազարը եղել է ոսկի)։ Փաստն այն է, որ Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353,1 կիլոգրամ ոսկի։ Դատելով հայտարարագրված թվերից՝ 1 գրամի մաքսային արժեքը կազմել է 5,7 դոլար։ Այս գործարքից հետո էլ արտահանումը Թուրքիա նման կտրուկ աճ է ունեցել։

Ըստ էության, դժվար չէ գուշակել, թե ինչպես է, որ հիմա Թուրքիան այդքան առատաձեռն է գտնվել Հայաստանի նկատմամբ. շան գլուխն ամբողջությամբ թաղված է այն քաղաքականության տակ, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները՝ խաղաղության իրենց օրակարգի շրջանակներում։ Կարող ենք եզրակացնել, որ այս գործարքը, հավանաբար, այդ օրակարգի մի մասն է, որով նպատակ ունեն առաջ մղել այն կեղծ պնդումները, թե Թուրքիայի հետ սահմանների բացումն ու առևտրային հարաբերությունների հաստատումը բխում է մեր տնտեսության շահերից։

Մասնագետների կարծիքով՝ չկա նման բան, ու Հայաստանը չի կարող տնտեսական հարաբերություններում առավելություններ ստանալ Թուրքիայի նկատմամբ։ Գուցե առանձին ապրանքների մասով թուրքական շուկայի համար հետաքրքիր լինի հայկական տեսականին, բայց այդ տեսականին շատ սահմանափակ է ու ոչ մեծ ծավալով, մի բան, ինչը չի կարելի ասել թուրքական ապրանքների մասով։

Ինչպես հայտնի է՝ թուրքական ապրանքների էմբարգոն հանելուց հետո թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան անգամներով ավելացել է՝ գրեթե ամբողջությամբ վերականգնելով նախկին մակարդակներին։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին թուրքական ներմուծումները Հայաստան կազմել են ավելի քան 98 մլն դոլար, որն ավելին է նախորդ ամբողջ տարվա ներմուծումներից, որոնք կազմել էին 73 մլն դոլար։

Ճիշտ է՝ արգելանքի ժամանակ այլ երկրների անվան տակ որոշակի քանակությամբ թուրքական ապրանքներ ևս մտնում էին հայկական շուկա, բայց դրանով հանդերձ, ծավալները զգալիորեն պակասել էին՝ հնարավորություն տալով հայկական որոշ արտադրողների ամրապնդել իրենց դիրքերը ներքին շուկայում։ Հերթական անգամ տեղական արտադրողները կրկին խնդիրների առաջ են՝ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների ավելացման հետևանքով, քանի որ համեմատաբար էժան թուրքական ապրանքները շուկայից դուրս են թողնում տեղական արտադրողներին։

Արմեն Հովասափյան