Foto

Կապանում Իրանի հյուպատոսությունը Իսլամական հեղափոխության 47-ամյակի օրը դռները բացել է բոլորի համար

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր հյուպատոսության բակում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության՝ Իրանի գլխավոր ազգային տոներից մեկի 47-ամյակի տոնակատարությունը։ Այս տարի միջոցառման ձեւաչափն անսովոր էր. փակ դիվանագիտական ընդունելության փոխարեն հյուպատոսությունն իր դռները բացել էր բոլոր ցանկացողների համար՝ տոնը վերածելով կենդանի մշակութային տոնավաճառի։

IMG_3757.JPG (382 KB)

IMG_3800.JPG (594 KB)

IMG_3784.JPG (386 KB)

Հենց մուտքի մոտ հյուրերին դիմավորում էին ավանդական իրանական noghl քաղցրավենիքներով, իսկ բակում իսկական ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել. իրանցիները ներկայացնում էին ազգային կերակրատեսակներ, ձեռագործ աշխատանքներ, կերամիկա եւ թեյ։

Ինչպես նշել է  Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, տոնը բաց ձեւաչափով անցկացնելու որոշումը գիտակցված էր. «Քանի որ սա Իրանի պետական տոներից մեկն է, այն նշվում է բոլոր երկրներում, որտեղ կան իրանական դիվանագիտական ներկայացուցչություններ։ Նախորդ տարիներին  մենք նման միջոցառումներ ենք կազմակերպել պաշտոնական հյուրերի եւ հրավիրվածների համար, բայց այս տարի որոշեցինք տոնը դարձնել անմիջապես ժողովրդի համար։ Նման որոշումները նպաստում են մեր երկրների միջեւ կապերի ամրապնդմանը եւ փոխհարաբերությունների մշակույթի փոխանցմանը»։

IMG_3850.jpg (142 KB)

Հյուպատոսի խոսքով՝ միջոցառման հանդեպ հետաքրքրությունը շատ բարձր էր։ «Ամեն անգամ, երբ մենք նման միջոցառումներ ենք կազմակերպում, մարդկանց ներգրավվածությունը էլ ավելի է մեծանում նախորդ անգամների համեմատ։ Սա է հենց այն էֆեկտը, որին փորձում ենք հասնել»։

Մորթեզա Աբեդին Վարամինը նաեւ ընդգծեց Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմական եւ մշակութային կապերի խորությունը. «Մենք հազար տարվա հարեւաններ ենք։ Մեր մշակութային կապերի արմատները գտնվում են հին ժամանակների խորքում։ Եթե նայեք մեր երկրների թանգարաններին եւ մշակութային հաստատություններին, կտեսնեք, թե որքան ակնհայտ է այդ կապը։ Մինչ Իրանն ու Հայաստանն արդեն գոյություն ունեին որպես պետություններ, շատ այլ երկրներ անգամ քարտեզի վրա էլ դեռ չկային»։

Տոնավաճառի մասնակիցներից մեկը՝ Թավրիզի արվեստի համալսարանի ներկայացուցիչ Հաբիբ Դիդարը, որը Կապան էր բերել ձեռագործ կերամիկական իրեր, թղթակցին պատմեց, որ տեսնում է հայերի անկեղծ հետաքրրքվածությունն իրանական արվեստով։ Նրա խոսքով՝ հայերը արվեստը խորապես գնահատող ժողովուրդ են։

«Ես մեծ հետաքրքրվածություն եմ տեսնում հայերի կողմից. մարդիկ գնում են իրեր, հարցեր են տալիս, հետաքրքրվում են տեխնիկայով եւ պատմությամբ։ Ինձ համար դա շատ արժեքավոր է, որովհետեւ  արվեստը մշակույթների շփման ամենաանկեղծ միջոցներից մեկն է։

IMG_3814.JPG (634 KB)

Նրա խոսքով՝ նման միջոցառումները հատկապես կարեւոր են հենց հարեւան ժողովուրդների համար. «Իրանցիները եւ հայերը միմյանց շատ մոտ են ապրում, բայց այնքան քիչ բան գիտեն մեկը մյուսի մասին։ Այսպիսի հանդիպումներն օգնում են ավելի լավ հասկանալ միմյանց եւ հարաբերություններն ավելի աշխույժ եւ մարդկային դարձնել»։

Օրվա ընթացքում էկրաններին ցուցադրվում էին վավերագրական նյութեր՝ նվիրված Իսլամական հեղափոխությանը, իսկ զրույցներում քանիցս հնչում էր եղբայրական հարաբերությունների թեման Հայաստանի եւ Իրանի միջեւ։ Սակայն գլխավորը, թերեւս, ոչ թե դա էր, այլ մթնոլորտն ինքը. հյուպատոսության բակում տիրում էր տոնի եւ անկեղծ մարդկային շփման մթնոլորտը՝ առանց արձանագրության, բայց պատմության, մշակույթի եւ հարեւանության հանդեպ հարգանքով։