Foto

Ինտրիգային անորոշություն


Ինչպես հայտնի է՝ Վլադիմիր Պուտինն օրերս հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը, կողմերը հաստատել են իրենց մտադրությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման գործում: Ինչպես նաև անդրադարձ է եղել Ուկրաինայում տիրող իրավիճակին։

Միանշանակ է, որ մեզ համար էական ու առանցքային է Պուտին-Ալիև հեռախոսազրույցի բովանդակությունը։ Ըստ հաղորդագրության` մանրամասն քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը։ Նշվում է նաև, որ հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։ Ի դեպ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևը Վլադիմիրովիչին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Փաշինյանի և Միշելի հետ կայացած հանդիպման մանրամասները։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ առաջիկա օրերին Մոսկվա է պատրաստվում մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը։ Պետք է արձանագրենք, որ առաջինը Պուտինին Ալիևն է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, սակայն ավելի տրամաբանական կլիներ, եթե դա աներ հայկական կողմը։ Փաստացի սա նշանակում է, որ որքան էլ բանակցությունները Բրյուսելում են, Ռուսաստանի դիրքորոշումը ներկայումս շարունակում է կարևոր մնալ որպես միջնորդ, և, առանց Ռուսաստանին տեղեկացնելու, հնարավոր չէ առաջ շարժվել։

Հատկանշական է նաև այն, որ եթե կենտրոնանանք զրույցի բովանդակության վրա, ապա պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի ֆոնին Պուտին-Ալիև հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակը կայունացնելու և մեծ սրում թույլ չտալու նպատակով։

Տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի դինամիկան, եռակողմ փաստաթղթերը, սակայն, ինչպես և կարելի էր կանխատեսել, բոլոր թեմաների կենտրոնում, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» հարցն է։ Ըստ էության, դա ներկայումս գոյություն ունեցող ամենակարևոր հարցը և այստեղ ամենամեծ ինտրիգն այն է, թե որքանով է հնարավոր մոտ ապագայում նման համաձայնագրի կյանքի կոչումը։ Հենց այստեղ է, որ առաջ են գալիս տրամաբանական մի շարք հարցեր. ինչպես նշում է Իլհամ Ալիևը, արդյոք համաձայնագիրը շրջանցելո՞ւ է Ղարաբաղի կարգավիճակի հարցը կամ թե չէ ի՞նչ ձևաչափով է լինելու և ի՞նչ հարցեր է ներառելու։

Ի դեպ՝ առաջնային նշանակություն ունի նաև այն, որ եթե համաձայնագիրը կնքվի, և ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատանքը չսկսի, ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ճակատագիրը, ինչպես նաև օդում կախված է շարունակում մնալ խաղաղապահների հարցը։ Հարցերը շատ են, իսկ բանակցությունները՝ հիմնականում փակ, հրապարակային դաշտում ողողված տարաձայնություններով, սակայն գործընթացը փաստացի առկա է չնայած հանրային և փորձագիտական սեգմենտի համար անորոշությունները չափազանց շատ են։

Արմեն Հովասափյան