Foto

Հերթական հակահայ գործընթացը

Շատերի համար անսպասելի, բայց փորձագիտական հանրույթի կանխատեսումներն իրականացան, և օգոստոսի 31-ին կրկին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցային 4-րդ ռաունդը, որն առաջիկայում կլինի տարածաշրջանային զարգացումների էպիկենտրոնում:

Ինչպես հայտնի է՝ հանդիպումից հետո Շառլ Միշելն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ քննարկման առանցքում են եղել Հվ. Կովկասում տեղի ունեցող զարգացումները և ԵՄ հարաբերությունները երկու երկրների հետ։ Ամփոփիչ հայտարարությունը եվրոպական կողմը բաժանել է 4 բաժինների՝ «խաղաղության պայմանագիր», «մարդասիրական հարցեր», «սահմանային հարցեր», «կապ»։ Միշելը նաև նշել է, որ այս բոլոր քննարկումների արդյունքում հորդորել է երկու կողմերի ժողովուրդներին ուղղորդել և նախապատրաստել տևական ու կայուն խաղաղության։

Եթե փորձենք տեղի ունեցած հանդիպումը համեմատել նախորդ հանդիպումների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ ԵՄ-ն՝ ի դեմս Շառլ Միշելի, հաստատել է իր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան գործընթացում և հետագա բարձրաստիճան հանդիպումները կազմակերպելու հարցում։ Դրանից բացի՝ ԵՄ-ն նաև կարողացել է Սահմանային հարցերով հանձնաժողովների՝ Բրյուսելում հանդիպման պայմանավորվածություն ստանալ՝ այս գործընթացը ևս փորձելով դուրս բերել Մոսկվայի ազդեցության տիրույթից։ Ըստ էության, ԵՄ-ն իր հայտարարությամբ ամրագրել է նաև երկկողմ հարաբերություններ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, այս դեպքում, թերևս, արձանագրելով Ադրբեջանի հետ հարաբերությունների առաջընթացը և վերջերս ձեռք բերված էներգետիկ բնույթի պայմանավորվածությունները:

Դիտարկենք, թե իր հերթին ինչ ստացավ Ադրբեջանը։ Փաստացի ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ։ Ընդհանուր հայտարարությունից պարզ է դառնում, որ հանդիպմանը ոչ մի անդրադարձ չի եղել ԼՂ հակամարտությանը, Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև նույնիսկ ԼՂ բնակչության իրավունքների հարցերին, ոչ մի անդրադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման հարցին։ Նշենք նաև, որ հումանիտար հարցերում բացառապես ադրբեջանական օրակարգ է մատնանշվում:

Վերը նշվածից բացի՝ մեզ համար կարևոր է, թե ինչ ստացավ Հայաստանն այս բանակցություններից: Ըստ էության, միակ հրապարակային արձանագրելի արդյունքը վերաբերում է մարդասիրական հարցերում Շառլ Միշելի դիտարկմանը. «Միշելն ադրբեջանական կողմին ընդգծել է հայ ձերբակալված անձանց հետագա ազատ արձակման կարևորությունը»: Ի դեպ, նույնիսկ այս հատվածում ադրբեջանական կողմի օրակարգը Միշելի տեքստում նշված է առաջինը, որը ևս դիվանագիտական ձևակերպումներում էական հանգամանք է: Հայաստանի կողմից առաջմղված ու Միշելի հայտարարությունում հայտնված որևէ դիրքորոշում, դիվանագիտական որևէ դրական արդյունք այս հանդիպումը հայկական կողմի համար չի արձանագրում:

Եթե փորձենք հետհայացք գցել նախորդ հանդիպումներին, ապա կարող ենք արձանագրել, որ մայիսի 22-ի հանդիպումից հետո տարածված Միշելի հայտարարությունում մի նախադասություն էր տեղ գտել, որը ՀՀ-ում շատ քննադատվեց. «շեշտել է երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում ամենաթույլ դիրքորոշումները՝ «բնակչության իրավունքներ ու անվտանգություն», տեղ չեն գտել Միշելի հայտարարությունում: Նախօրեի հայտարարությունում նույնիսկ այս թեմայով որևէ անդրադարձ չկա այն դեպքում, երբ օգոստոսի առաջին օրերին Ադրբեջանն Արցախի ուղղությամբ ռազմական օպերացիա իրականացրեց և այն պաշտոնապես անվանեց «Возмездие» (վրեժ):

Նախօրեին ՀՀ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց նա նաև արձանագրում է, որ իրենց նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այն, ինչի մասին ինքը հայտարարել է։

Ի դեպ՝ ռուսական դիվանագիտական շրջանակներում քննարկվող տեղեկությունների համաձայն՝ ներկայումս տարածաշրջանում հետագա զարգացումների ճակատագիրը կախված է Ադրբեջանի նախագահի քաղաքականությունից և հատկապես այն հանգամանքից, թե բրյուսելյան հարթակում նա Ղարաբաղի ինչ կարգավիճակի շուրջ համաձայնության կգա և բնակչության անվտանգության համար ինչ երաշխիքներ կտա, ինչից խոսում է Երևանը: Այս ամենն իր հերթին նշանակում է, որ Մոսկվան, որպես խաղաղապահ մանդատ ունեցող ուժ և որպես գլխավոր միջնորդ, կարող է կորցնել իր դերի վերջին նշույլները:

Ստացվում է, որ Մոսկվայում, իհարկե, հույս ունեն Թուրքիայի հետ բանակցություններով դիրքերը պահպանելու և Ադրբեջանի հետ մանդատի երկարացման հարցում պայմանավորվելու շուրջ:

Արմեն Հովասափյան