Foto

Կոշիկ լիզելու գուրուն

Երբ տևական ժամանակ հետևում ես քաղաքական գործընթացներին և դրանք փորձում ես վերլուծել ըստ ժամանակահատվածների և փաստական իրողությունների, ապա պարզ է դառնում, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Եթե անգամ լինում են, ապա՝ օրինաչափությունները հաստատելու համար։ Այսպես կոչված ոչ պատահական քաղաքականությունն ինչ-որ տեղ նաև խորհրդանիշների զբաղմունք է, իսկ սիմվոլները մեծ նշանակություն ունեն հատկապես արևելյան ժողովուրդների, առանձնապես՝ թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Հենց այս իրողություններով պայմանավորված օգոստոսի 31-ին, Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Ըստ էության՝ օրվա ընտրությունը պատահական բնորոշել, նշանակում է հերքել, որ այդ հանդիպումը քաղաքականության հետ կապ ունի և բացառելը վերը շարադրածի տրամաբանությոնը։

Եթե շարժվենք նույն տրամաբանությամբ, ապա, ըստ ամենայնի, օգոստոսի 31-ը՝ որպես հանդիպման օր, պահանջվել է Ադրբեջանի  կողմից, և նրանից կախված ԵՄ համաձայնել է պահանջին, թեև, իհարկե, պաշտոնապես հայկական կողմը կարող է հայտարարել, որ օրվա ընտրությունը «պայմանավորված է երկու կողմերի աշխատանքային գրաֆիկներով, դիվանագիտական արարողակարգով և այլն»։ Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 30-ին հայկական կողմը կատարել է Ադրբեջանի հերթական  պահանջը՝ հանձնելով Բերձորի շրջանն  իր երեք գյուղերով։ Դրանից հետո արդեն՝ Ալիևը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, առնվազն ժամկետային առումով, ամռան սկզբին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքն ու Բերձորի շրջանը։ Առաջին օրերին հայկական կողմը ինչ-որ լղոզված ձևակերպումներով խուսափում է ուղիղ պատասխանից, հետո ասուլիս է տալիս Նիկոլ Փաշինյանը ու ասում, որ դրանք, այսպես թե այնպես, հանձնվելու են՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։

Ըստ էության՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայկական կողմը՝ Հայաստանի գլխավորությամբ ու Արայիկ Հարությունյանի ֆունկցիոներությամբ, կատարում է Ալիևի հերթական պահանջը՝ Ալիևի սահմանած ժամկետում, նույնիսկ առանց որևէ դիմադրության փորձի, առանց գոնե իրավիճակը փոխելու ջանքի։ Եվ, ահա, ստացվում է, որ Ադրբեջանի պահանջը կատարելու հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ալիևին։ Կարելի է միայն կռահել, թե ինչ ձևաչափով է Փաշինյանն Ալիևին տեղեկացնելու պահանջի կատարման մասին, չի բացառվում, որ բանավոր զեկույցի։  Բնականաբար կարող ենք նաև ենթադրել թե ինչպիսի գոհ ժպիտով և բավարար դեմքի արտահայտւոթյամբ է նա գոհացել այդ ամենից՝ տիրական գլխով հավանության նշան անելով։ Այլ կերպ ասած՝ դասական «կզողի» և «կոշիկի լիզելու» մասին ամպագորգոռ հայտարարություններ անող Նիկոլը, այսօր ուղղակիորեն լիզում է Ալիևի կոշիկները և սկուտեղի վրա մատուցում մեր հայրենիքի տարբեր հատվածները։

Վերջին երկու տարիների աշխարահաքաղաքական զարգացումների ֆոնին և հարավկովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող «ռասկալդը» հուշում է, որ ըստ այսօրվա իրականության՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել էր գնացել ոչ թե հավասարը հավասարի հետ Ալիևի հետ հանդիպելու նպատակով, այլ մոտավորապես այնպես, ինչպես ուսանողն է գնում քննության, կամ կապալառուն է ներկայանում պատվիրատուին՝ կատարված աշխատանքի մասին հաշվետվություն տալու։

Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺում ամիսներ առաջ ինքնախոստովանությամբ հանդես եկավ, որ «դավաճան» պիտակից խուսափելու համար զոհել է մի ամբողջ սերնդի, ինչը, իհարկե, նրան չփրկեց «դավաճանի» խարանից։ Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ նա դավաճանել է պատերազմից առաջ կամ դրա ընթացքում։

Փորձենք մի պահ պատկերացնել, որ բոլոր այդ մեղադրանքներն ամբողջապես սուտ են, և Նիկոլ Փաշինյանը համայն հայության ամենահայրենասեր կերպարն է ու պատերազմի ընթացքում իրեն դրսևորել է անձնուրաց քաջի բնորոշ պահվածքով։ Ստացվում է, որ իրականում, եթե անգամ նա դավաճանության փորձ  իսկ չի արել պատերազմից առաջ ու դրա ընթացքում, ապա իրական դավաճանություն է նաև այն, ինչ նա անում է արդեն շուրջ երկու տարի՝ հետպատերազմյան շրջանում։ Ակնհայտ է, որ Նիկոլից բացի, ցանկացած մեկը, անգամ նրա թիմակիցներից, Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ ու Արցախի համար կկարողանար պաշտպանել առնվազն պակաս ստորացուցիչ պայմաններ, քան իր նվաստացած կարգավիճակով կարողանում է Նիկոլ Փաշինյանը։ 

Դաժան իրականությունն այն է, որ նա կառչելով իշխանությունից՝ ամեն օր դավաճանում է Արցախի ու Հայաստանի շահերին՝ առնվազն այնքանով, որքանով իրենից բացի ցանկացած մեկը կկարողանար արժանապատվության գոնե նվազագույն նշաձող ապահովել Ալիևի հետ բանակցություններում։

Արմեն Հովասափյան