Foto

Եթե ԵՄ շահը թելադրի, ապա Փաշինյանին կարող է տրվել նույնիսկ նախարարներից մեկին ուտելու քարտ բլանշ

Այսօր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես ապացույց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ գոյություն չունեն, մատնանշեց այն հանգամանքը, որ իբր ԵՄ կառույցների զեկույցներում այդ մասին նշված չէ։

Տիկին նախարարը ամենայն հավանականությամբ անտեսում է այն փաստը, որ ԵՄ կառույցները միսիոներական կազմակերպություններ չեն, որոնք ստանձնել են աշխարհում արդարություն հաստատելու առաքելությունը, այլ քաղաքական միավորներ իրենց հստակ քաղաքական շահերով։

Մարդու իրավունքներն ու ազատությունները որոշակի արժեք են միայն ԵՄ անդամ երկրների համար, իսկ մնացյալի դեպքում դրանք ուղղակի քաղաքական գործիքակազմ են, որոնք կիրառվում են ըստ նպատակահարմարության։ Եթե ԵՄ կառույցների քաղաքական շահը թելադրի տեսնել Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալներին, ապա Նիկոլ Փաշինյանին նրանք 24\7 ռեժիմով կգամեն անարգանքի սյունին, իսկ եթե հակառակը՝ ապա եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ընթրիքին ուտի իր նախարարներից մեկին, ապա այդ նույն կառույցները կհայտարարեն, որ նախարար ուտելը Փաշինյանին ցուցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Իհարկե թե՛ Սրբուհի Գալյանը, թե՛ այդ նույն ԵՄ կառույցները շատ լավ գիտեն, որ Հայաստանում կա շուրջ 30 քաղբանտարկյալ, սակայն պետք է արձանագրենք, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանը ստացել է գործողությունների ազատության քարտ բլանշ, հետևաբար հանգիստ կարող է նույնիսկ ոչ թե հերթական նախարարին պաշտոնանկ անել, այլ պարզապես ուտել։

Սակայն միանգամայն այլ պատկեր կառաջանա, երբ փոխվեն ԵՄ առաջնահերթությունները, այդ պարագայում նրանք անուն առ անուն կհիշեն բոլոր քաղբանտարկյալներին ու Փաշինյանի կողմից մարսված նախարարներին։ Նման պարագայում ցավալիորեն ԵՄ հիշողության «թարմացման» հետևանքները պատժամիջոցների տեքսով իրենց մաշկի վրա կզգան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ուստի Սրբուհի Գալյանն հավատարմորեն ծառայելով Նիկոլ Փաշինյանին, ապագայում հնարավոր պատժամիջոցների լուծը բառիս բուն իմաստով կախում է հասարակության գլխին։

Կարեն Կարապետյան