Foto

Լոռու մարզում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի  3-րդ դասակի ավագ պարեկ Հովիկ Հարությունյանը, պարեկ Դավիթ Հարությունյանը, կրտսեր պարեկներ Գագիկ Մատինյանը, Բաբկեն Հարությունյանը:

Վթարի մասին Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Haise ավտոմեքենան հաշվառված է «Ստեփանավան»  բժշկական կենտրոնի հաշվեկշռում և նրանք հիվանդ էին տեղափոխում Ստեփանավանից մեկ այլ հիվանդանոց:

Վիրավորներից մեկը տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի բուժքույրը: