Foto

Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում էներգետիկայի ոլորտում ստեղծված իրադրության պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ խորհրդի նիստը, որը կգլխավորի Մակրոնը, նվիրված կլինի ձմռան նախաշեմին գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ կապված իրավիճակին:

Դրան կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը, ինչպես նաև էներգետիկ բարեփոխումների նախարար Անյես Պանիե Ռյունաշեն:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մեծածախ գինը 2023 թվականին կհասնի ռեկորդային բարձր մակարդակի:

Հուլիսի վերջին Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից «աննախադեպ բարդ» իրավիճակում է գտնվում: Ֆրանսիայի կառավարությունն արդեն ընդունել է էլեկտրաէներգիայի խնայողության մի շարք խիստ միջոցներ։