Foto

Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել

Թուրքիայում ներդրումներ իրականացնող Ադրբեջանի պետական նավթային «SOCAR Türkiye» ընկերությունը սկսել է «Վերականգնվող ավիացիոն վառելիքի» (SAF) առևտրային գործունեությունը՝ նպատակ ունենալով նպաստել ավիացիոն ոլորտում ածխածնային արտանետումների նվազեցմանը։ Առաջին առևտրային գործարքը իրականացվել է թուրքական ավիացիոն «Turkish Airlines» ընկերության հետ, 2026-ի հունվարի 29-ին։

Նշվում է, որ այս քայլը համապատասխանում է ընկերության կայուն զարգացման ռազմավարությանը և ուղղված է էներգետիկ և ավիացիոն ոլորտներում ցածր ածխածնային լուծումների խթանմանը։ «SAF»-ի ոլորտում առաջին գործարքը հիմնված է «SOCAR Türkiye-ի» և «Turkish Airlines»-ի միջև 2025-ի օգոստոսի 13-ին ստորագրված համագործակցության հուշագրի վրա։

«SOCAR Türkiye»-ի գլխավոր տնօրեն Էլչին Իբադովն ընդգծել է, որ կայունությունն ընկերության գործունեության առանցքային ուղղություններից է՝ նշելով, որ «STAR» նավթավերամշակման գործարանի (այն գտնվում է Թուրքիայում, սակայն դրա 40%-ը պատկանում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը, իսկ 60-ը՝ SOCAR-ին) հնարավորությունները և հետազոտական ներուժը կարևոր դեր են խաղում «SAF» նախաձեռնության զարգացման գործում։

Նշենք նաև, որ միջազգային ավիացիոն կառույցների տվյալներով՝ «SAF»-ը, որը արտադրվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ավանդական ավիավառելիքի համեմատ զգալիորեն նվազեցնում է արտանետումները։ Թուրքական աղբյուրի համաձայն էլ՝ «SOCAR Türkiye»-ի նախաձեռնությունը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ համաշխարհային մակարդակով ավիացիոն ոլորտում ածխածնային արտանետումների նվազեցման գործընթացում։

Ermenihaber