Օգոստոսի 14-ին
«Սումալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթունից հետո
կառավարությունն ամեն ինչ անում է, որ տպավորություն ստեղծվի, թե ուշադրության է
արժանացնում իրենից վտանգ ներկայացնող ցանկացած օբյեկտի: Պայթունին հաջորդող,
կառավարության հերթական նիստին վարչապետը խոսեց վտանգավոր ատրակցիոնների, դրանց
հնարավոր անսարքությունների մասին և նշեց, թե չի բացառվում, որ մի ողբերգական դեպք
էլ գրանցվի ատրակցիոնների անսարքության պատճառով:
ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային
կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը վստահեցնում է.«Ոչ մի
ատրակցիոն շահագործման չի ենթարկվի առանց համապատասխան փորձաքննության դրական
եզրակացության: Փորձաքննության ընթացքում ստուգվում են ատրակցիոնի անվտանգության
բոլոր հանգույցները և եթե
տրվում է բացասական եզրակացություն, ապա դա ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության,
հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղ արգելում են ատրակցիոնի
շահագործումը՝ մինչև չունենան դրական եզրակացություն»:
Այստեղ սակայն մեկ այլ խնդիր կա. Վերահսկողությունն իրականացնում է նույն տեսչական
մարմինը, որը նախորդ տարի մարտի ամսին պետք է կասեցրած լիներ «Սուրմալու» ա/կ-ի գործունեությունը կամ էլ
գոնե պայթուցիկ նյութերի պահեստի: Իսկ թե ինչո՞ւ չի արել՝ պատճառաբանում են, որ
տեսուչ չկար, աշխատում են գերծանրաբեռնված և «Սուրմալու» ա/կ-ի կրկնակի ստուգման
հերթը մոտ 1,5 տարուց ավելի է չի հասել:
ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկում
գրանցված է 212 ատրակցիոն, որոնցից 134-ը գտնվում են Երևան քաղաքում, 78-ը՝
մարզերում: 2022 թվականի օգոստոսի տվյալներով՝ ընդհանուր փորձաքննության են
ենթարկվել և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն են
ստացել դրանցից 139-ը, որոնցից 50-ը գտնվում են մարզերում, 89-ը՝ Երևանում:
«Համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման
մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, յուրաքանչյուր արտադրական օբյեկտ՝ այս
դեպքում ատրակցիոնը, տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական
անվտանգության փորձաքննության: Եվ իրավունք ունի շահագործվելու՝ միայն
փորձաքննության տեխնիկական ավտանգության դրական եզրակացություն ունենալուց հետո: Եթե
պարզվում է, որ ատրակցիոնը չունի դրական եզրակացություն, բայց շահագործվում է՝
իրականցվում է համապատասխան վարույթ: Տնտեսավարողը տուգանվում է 1 միլիոն դրամ, և
կասեցվում է գործունեությունը: Ինչպես նաև հետևում են, որ ատրակցիոնը ապօրինի
չշահագործվի, մինչև չվերացվեն բոլոր թերությունները և կրկնակի փորձաքննություն
չանցնեն:
Ստացվում
է, որ տարեկան մեկ անգամ ԱԻՆ համապատասխան
ՊՈԱԿ-ը ստուգում է իրականացնում տվլայները փոխանացում է տեսչական մարմինը, որին էլ
ապօրինի շահագործումը դադարեցնելու համար անհրաժեշտ է 1.5 տարի՝ այսինքն հաջորդ
փորձաքննությունից էլ ուշ:
Գո՞ւցե
«Սուրմալուի» ողբերգական դեպքն իրապես պետք է առիթ դառնա տեսչական մարմինների
աշխատանքի և աշխատակիցների գործունեության վերանայման համար: Ի վերջո, բոլոր
տեսչական մարմինների անմիջական ղեկավարը ՀՀ կառավարությունն է: «Սուրմալու»-ի
դեպքից առ այսօր նույնիսկ տեսչական մարմինների ղեկավարների հետ
հանդիպում-քննարկում չի նախաձռնվել:









