Երևան քաղաքում օր օրի ավելանում են նոր և
գեղեցիկ կապույտ ավտոբուսները, որոնք, ինչ խոսք, առավել հարմավետ են։ Երևանցիներին
տված խոստումը քաղաքային իշխանությունը փորձում է պահել, բայց այս նոր ավտոբուսների
գալուց և հին գազելներից ազատվելուց հետո էլ քաղաքի բնակիչներն ունեն հին ու բարի խնդիրները՝
ավտոբուսները ժամանում են ավելի քան 30 րոպե հետո, իսկ գազելները սովորաբար չէին խախտում
պարբերականությունը և կայանման վայրից դուրս էին գալիս 10 րոպե հաճախականությամբ։ Նույն
գերբեռնվածությունն է, քանի որ մեկ ավտոբուսը հաճախ սպասարում 3 երթուղի (օրինակ՝ 20 համարը)։ Քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լևոն Սարդարյանի խոսքով խնդիրը հիմնականում կապված
է մանուշակագույն ավտոբուսների հետ, որոնց մի մասը չի շահագործվում, քանի որ պահեստամասերի
խնդիր կա։ Քաղաքապետարանը պահեստամասեր ձեռք բերելու համար երկու անգամ մրցույթ է հայտարարել,
որը սակայն չի կայացել։ Որոշել են մեկ անձից գնում կատարել և այն պատվիրել են Չինաստանի
համապատասխան գործարանից։ Այս անգամ էլ բեռն է ուշանում, խոստանում են անսարքությունները
վերացնել սեպտեմբեր ամսվա ընթացքում։
Երեկ Ավան վարչական շրջանից Դավիթաշեն գնացող
17 համարի մանուշակագույն ավտոբոսին քաղաքացիները սպասել են 37 րոպե և ավելի, իսկ վարորդի փոխանցմամբ՝ կան
անսարք մեքենաներ, որոշներն էլ սարքին, սակայն վարորդներ չունեն։ Լևոն Սարդարյանը չի հերքում, վարորդի խնդիր ևս կա՝
նրանց հեռացրել են անբարեխիղճ աշխատանքի համար։
Քաղաքապետարանում այս խնդիրը ևս փորձում են լուծել։
«Մինչև տարեվերջ ավտոբուսների նոր խմբաքանակի
ենք սպասում, կներդրվի նաև քարտով վճարման համակարգը, բացի այդ քաղաքապետարանը հնարավորություն
կունենա օնլայն հետևել մեքենաների տաղաշարժին»,-
ուրախալի լուր է հայտնում Սարդարյանը։
Իսկ
մինչ այդ քաղաքացիները ստիպված են ամռան շոգին 35 րոպե և գուցե ավելին սպասել երթուղում գործող միակ աշխատող
և վարորդ ունեցող ավտոբուսին և հիշել այն հին ու բարի ժամանակները, երբ գազելներն աշխատում
էին 10 րոպե պարբերականությամբ։









