Foto

«Խաղաղության օրակարգն» ու հիբրիդային հետևանքները

ՀՀ-ում վերջին օրերի առաջնային քննարկվող հարցերը կապված են կիրակի տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ։ Հանրային տարբեր շրջանակենրում քննարկվում են պայթյունի վերաբերյալ ամենատարբեր վարկածներն ու տարբերակները։ Անցնող մի քանի օրերին տարբեր ահազանգեր են ստացվում ռումբերի տեղադրման վերաբերյալ։ Նշենք, որ ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգերն արդեն չեն սահմանափակվում մայրաքաղաքով. նոր ահազանգերի մասին տեղեկանում ենք նաև մարզերից: Նախօրեին զանգ էր ստացվել Գյումրու երկաթուղային կայարանում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքերի առկայության մասին, որը միայն ժամեր անց հերքվեց:

Հատկանշական է այն, որ փորձագիտական տարբեր շրջանակներ վերջին շրջանի հայաստանյան իրադարձությունները դիտարկում են հիբրիդային պատերազմի հարթության մեջ: Կարող ենք արձանագրել, որ կեղծ ահազանգերի միտումը ՀՀ դեմ իրականացվող նպատակային քաղաքականություն է, որը մի քանի ուղղություն ունի. առաջին հերթին դեռևս 44-օրյա պատերազմից հետո չվերականգնված հայ հասարակությանն անընդհատ սարսափի, մտահոգության, վախի մթնոլորտում պահելն է, մյուս կողմից՝ պետական կառույցների համար տարաբնույթ խնդիրներ ստեղծելը՝ թույլ չտալով կենտրոնանալ իրենց առօրյա գործունեության վրա, պարալիզացնել նրանց աշխատանքը:

Բացի դրանից նման խառնաշփոթ ստեղծելով՝ հանգիստ կարողանում են բթացնել հասարակությանը, որովհետև պարզ է՝ նման կեղծ ահազանգերի շարունակականությունը կարող է բթացնել և՛ հասարակությանը, և՛ պետությանը (և չի բացառվում, որ որևէ պահի արդեն իրական, թեկուզ աննշան որևէ միջադեպ կարող է լուրջ հետևանքներ ունենալ)։ 

Ըստ էության, նման թեզը իրականություն դառնալու հավանականություն ունի՝ եթե հարցը դիտարկենք ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՀՀ ուղղվող տնտեսական հոսքերի համատեքստում։ Ակնհայտ է, որ հակառակորդներն այս կերպ նաև փորձում են մտավախություն առաջացնել այն պոտենցիալ տնտեսվարողների շրջանում, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը տեղափոխել և գործել Հայաստանում:

Ներկայացված փաստերի ընդհանուր համադրությունների վերլուծությունը թույլ է տալիս կանխատեսել, որ իրականացվում է նպատակային քաղաքականություն, որի հետևում կարող են կանգնած լինել կազմակերպված խմբեր՝ հիմնականում թշնամական երկրների կողմից ուղղորդվող կառույցներ, գուցե և պետական կառույցներ, որոնք նպատակ են հետապնդում կազմաքանդել ՀՀ-ն, վերացնել մեր պետականությունը:

Անվիճելի է այն իրողությունը, որ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը» ներկա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում գործնականում ոչ մի շանս չունի իրականություն դառնալու․ ըստ էության, այն քաղաքական ուղեգիծ է, որի տակ պետք է լիներ բովանդակություն, բայց այն փաստացի չկա: Ներկա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մենք ականատես ենք լինելու ՀՀ հանդեպ թշնամական քաղաքականություն վարող հարևանների կողմից նպատակային քաղաքականության՝ ստանալու ՀՀ-ից առավելագույնը՝ առանց նվազագույն զիջումների: Ընդ որում, դա իրականացվելու է և ՛ Ադրբեջանի կողմից՝ Հայաստան-Ադրբեջան առանձին օրակարգի համատեքստում, և՛ Թուրքիայի կողմից:

Միանշանակ է, որ նշված երկու դերակատարներն էլ գործելու են ձեռք ձեռքի բռնած, միասնաբար և փոխադարձաբար ճնշումներ գործադրելով, փորձելու են առաջ տանել ընդհանուր օրակարգը, որքանով թույլ կտան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակները: Իսկ այս ամենի ֆոնին ՀՀ ապիկար կառավարիչները շարունակում են անընդհատ հասարակությանը կտրել իրականությունից և համոզել, որ թուրքի հետ կարող ենք խաղաղ ապրել, իսկ կառավարության նիստերի ժամանակ, փոխանակ արհավիրքը կանխելու քայլեր ձեռնարկեն՝ խոսում են մշակութային գեղագիտական կոմպոնենտներից։ 

Արմեն Հովասափյան