Foto

Ովքե՞ր են մեղավոր և ո՞վ պատասխանատվություն կրողը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սա նշանակում է, որ պայթյունի պատասխանատվությունը կրելու է պահեստի սեփականատերը կամ աշխատակիցը։ Այսինքն նրանք, ովքեր սխալ են օգտագործել կամ խախտել են պայթուցիկ նյութեր օգտագործելու պահանջները։ Այս հոդվածները խախտելու  առավելագույն պատիժը 8 տարի ժամկետն է։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի փոխանցմամբ՝ 99 տոկոսով պայթյունի պատճառը տեսանելի է, որը փաստորեն լրիվ համապատասխանում է քրեական վարույթի հոդվածներին։ 

Իսկ վերահսկող տեսչական մարմի՞նը։ Մի՞թե պատասխանատվություն չի կրելու։ Նախորդ տարվա մարտին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ է իրականացրել, մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերել և դրանք վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։ Խախտված են եղել հրդեհային անվտանգության գրեթե բոլոր կանոնները։

Իսկ արդեն խախտումներ արձանագրելուց հետո մինչև հիմա վերստուգում չի արվել ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ «Վերստուգումը հերթականությամբ է իրականացվում՝ հաշվի առնելով, որ ունենք տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված օբյեկտներ, որոնց քանակը շատ է։ Այդ օբյեկտը վերստուգելու հերթը դեռ չէր հասել»,– նշում է նա։

Եթե այս կառույցը տեսուչների կամ ժամանակի խնդիր ունի, իսկ տնտեսվարողն անբարեխիղճ է, ապա ստացվում է, որ դրա հետևանքը պիտի կրեն ՀՀ մյուս քաղաքացիները, որոնց մտքով անցել է գնալ գնումների։ Տեսչական մարմինը, այս կառույցին վերահսկող ՀՀ կառավարությունը հավասարապես մեղավոր են «Սուրմալու» ա/կ-ում տեղի ունեցած ողբերգության մեջ, և եթե տնտեսվարողը պիտի պատասխանատվություն կրի, ապա նույն և գուցե ավելի խիստ պատիժ պետք է կրեն պատկան կառույցները, որոնց անգործության վերաբերյալ դեռ որևէ քրեական վարույթ նախաձեռնված չէ։