Foto

ՀՀ-ում ամենուր նույնն վիճակն է՝ сам дежурный сам дневальный


Օրվա իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 2018-ին և դրանից առաջ իրենց հրապարակային ելույթների մեխն էին համարում կոռուպցիայի մասին հայտնի պնդումների տիրաժավորումը։ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում նախկին իշխանությունների կողմից բաց թողնված ամենաչնչին դետալն անգամ հանրային լայն շրջանակների սեփականությունը դարձնելու և այն պարբերաբար թմբկահարելու համար։ Սակայն իշխանությունը բռնազավթելուց հետո՝ ամեն ինչ հարմարացվեց նոր իշխանությունների քաղաքական քիմքին և ֆինանսական շահերին։ 

Կառավարության նախորդ նիստում հերթական չզեկուցվող հարցերի փաթեթով՝ իշխանությունը «դաբրո» տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին 100% հավելավճարներ տալուն։ Այդ որոշումից պարզ է դառնում, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցում՝ ինքը Խաչատրյանն ու կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան իրենց ստաժի հավելավճար՝ աշխատավարձի դրույքաչափի 100 տոկոսի չափով։ Ի դեպ՝ այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ, ըստ Գլխավոր դատախազության, Խաչատրյանի նշանակումից ի վեր այդ կառույցը չի քննել գեթ մեկ կոռուպցիոն գործ, որի քննության ընթացքում կատարած աշխատանքը բավարարում է հավելում տրամադրելու օրենքով սահմանված պայմաններին։ Ասել է թե, լուրջ կասկածելի է, թե այդ որ մի լավ աշխատանքի համար է կառավարությունը տվյալ կառույցին պարգևատրում։ 

Նշենք նաև, որ որոշման հետ կապված ծավալուն և իրավական հիմնավորումներով լի առարկություններ են ներկայացրել՝ ինչպես ֆիննախը, այնպես էլ՝ Գլխավոր դատախազությունը։ Ֆիննախը 100 տոկոս հավելավճար տալը համարել է չարդարացված ու հավելյալ բեռ՝ պետական բյուջեի վրա։ Մասնավորապես, նախարարությունից նշել են, որ օրենքով «հավելում» հասկացության բնորոշումից պարզ է դառնում, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելումը տրվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու դեպքերում, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված։

Ըստ էության, ՀՀ օրենսդրությամբ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու կամ աշխատանք կատարելու համար հավելավճարի տրամադրում չի սահմանվում, որովհետև այդ դեպքում այդ տրամաբանությամբ հավելում կսահմանվեր նաև մասնագիտացում պահանջող բոլոր տեսակի աշխատանքների կատարման կամ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Նախարարությունն իր առարկության մեջ նշել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին ստաժի 100 տոկոսով հավելավճար տալը խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։

Դատախազության առարկություններում ընդգծվել է, որ Խաչատրյանի նշանակման օրվանից մինչև կոմիտեի ձևավորումը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման համար հիմք ծառայող գործոնները, այն է՝ գործի մասնակիցների զբաղեցրած դիրքով և պաշտոնով հնարավոր արտաքին զգալի ճնշումը, կոռուպցիոն գործերով հանրային բարձր հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ հանրային կարծիքից բխող ճնշումների առկայությունը, բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ հնարավոր սուբյեկտիվ, անհիմն և կոշտ որակումները դեռևս առկա չեն եղել, քանի որ փաստացի ձևավորված չի եղել Հակակոռուպցիոն կոմիտեն, և վերջինիս վարույթում առկա չեն եղել քննվող քրեական գործեր: Դատախազությունը Խաչատրյան Սասունին հավելում տրամադրելու համար օրենսդրական փոփոխություն կատարելը համարել են չտրամաբանված։

Ամփոփելով հավելենք, որ չնայած նման հիմնավորումներին՝ և՛ դատախազության, և՛ ֆիննախի առարկությունները մերժվել են, և, ինչպես Խաչատրյանը, այնպես էլ այդ կառույցի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան ստաժի հավելավճար՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով։ Նշենք, որ հատկացվելիք գումարը, մասնավորապես Խաչատրյանի նշանակման օրվանից, կազմել է 1.1 մլն դրամ։ Ահա և քեզ իրավական Հայաստան, որտեղ մասնագիտական գործառույթներում ակնհայտ թերացում իրականացնող մարմնին հատկացվում են միլիոնավոր գումարներ, հաշվի չեն առնում պետական կառույցների՝ թեմայի հետ կապված առարկությունները։ Այլ բնորոշմամբ՝ сам дежурный сам дневальный։ 

Արմեն Հովասափյան