Foto

«Կեցցեների» Հայաստան

Վերջին մի քանի օրերին բոլորիս աչքի առաջ տեղի են ունենում երևույթներ, որոնք փաստում են, որ ՀՀ իշխանություններն, այնուամենայնիվ, ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեն ադրբեջանական կողմի հետ, և, որ այդ պայմանավորվածությունների խոստացված ժամկետն արդեն մոտենում է։ 

Բառացիորեն մեկ-երկու օր առաջ՝ Ջեյհուն Բայրամովն իր հերթական հարցազրույցներից մեկի ժամանակ, զարմանալիորեն, մատ թափ չէր տալիս Հայաստանի վրա, նշենք, սա մի առանցքային դրվագ է, որը սովորաբար արվում էր նրա կողմից ԱԳ նախարար նշանակվելու պահից: Բայրամովն ընդամենը Հայաստանին հորդորում էր չկորցնել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը, ինչը կյանքի կկոչվի, եթե, նրա խոսքերով ասած, Հայաստանը չձգձգի «Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը»: Այնուհետև իր խոսքում նա հավելել է, որ Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու առումով իրենք ունեն այլընտրանքային հաղորդակցություն: Բայրամովը նաև ասել է, որ այդ նպատակով արդեն մեկնարկել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի շինարարությունը:

Ըստ էության, այդ հաղորդագրությունը մի քիչ անհասկանալի էր. ադրբեջանական կողմը, որպես 44-օրյա պատերազմը փաստացի հաղթանակած երկիր, անընդհատ խոսում են «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու անհրաժեշտությունից, իսկ հիմա, չգիտես ինչու, ասվում է, որ կարող են մի կերպ համակերպվել առանց դրա: Ավելին, ադրբեջանցիների տրամաբանությամբ՝ այդ միջանցքն իրենք ուզում են, որպեսզի Հայաստանը պարզապես դուրս չմնա այդ գործընթացից, այլ կերպ ասած՝ մեզ լավություն են ուզում անել, բայց ում չի պարզ, որ ձրի պանիր միայն թակարդում է լինում: Հենց այստեղ տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի հերթական անհեթեթությունը՝ կապված «հայկական խաչմերուկի» հետ, ու այդ պարագայում փազլի ողջ համայնապատկերը կընկնի իր տեղը։

Ընդհանրացնենք ներկայացված դրույթները. եթե Փաշինյանը ցանկանում է կյանքի կոչել իր հնարած հեքիաթը՝ իսկ մեր այսօրվա պայմաններում «հայկական խաչմերուկն» ուղղակի հեքիաթ է, ապա պետք է օգտվի Ադրբեջանի կողմից Հայաստանին ընձեռնված հնարավորությունից: Այսպես, երեկվա ագրեսորը փորձում է միջազգային հանրություն կոչվածի աչքին երևալ դրական կողմից: Հատկապես որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում Լաչինի միջանցքից բացի այլ միջանցքի հիշատակում գոյություն չուն ի դեպ՝ այս հանգամանքը, բնականաբար, սեփական աչքերով տեսնում է նաև Ադրբեջանի ղեկավարությունը:

Վստահաբար կարող ենք պնդել, որ բանական հայի տրամաբանությունը հուշում է, որ «հայկական խաչմերուկ» կոչվածը հեքիաթ է՝ միֆ, և դրանում կասկած լինել չի կարող: Պետք է ընդամենը ոչ իշխանական (տվյալ դեպքում նիկոլական) հայացքով դիտարկել այսօր գոյություն ունեցող իրականությունը: Ավելին, անհրաժեշտ է բացել նաև Անդրկովկասի քարտեզը և ուսումնասիրել Երևանից Նախիջևանի վրայով, այնուհետև Արաքսի ափերով և վերջում Բաքվի վրայով դեպի Ռուսաստան երկաթգծի երթուղին, և համեմատել այն նախորդ դարի 70-ականների սկզբին կառուցված և 20 տարի շահագործվող «Երևան-Իջևան-Աղստաֆա» և այնուհետև Մոսկվա գնացող գծի հետ:

Իրականում դա նույնպես խաչմերուկ չէր լինի, բայց դրանով բեռների տեղափոխումը շատ ավելի կարճ կտևեր և ավելի էժան կնստեր, քան Նիկոլի պատկերացրած տարբերակում: Բացի դրանից՝ գործարկումն ավելի էժան կնստեր պետության վրա, քան դեպի հարավ գնացող երկաթգծի դեպքում: Իսկ եթե ասվի, որ հարավայինն անհրաժեշտ է Իրանի հետ երկաթգծային կապ հաստատելու նպատակով, ապա քանի դեռ Հայաստանը խաղաղություն է մուրալու՝ լինելով խեղճ ու ռազմականապես թույլ, այն էլ՝ անհայրենիքների իշխանության ներքո, այդ ուղղությունը մեզ համար միայն խնդիրներ է հարուցելու, քանի որ այդ պայմաններում Ադրբեջանի հետ մշտական խաղաղության մասին կարող է երազել միայն աշխարհից բան չհասկացող մեկը (իհարկե, եթե Նիկոլը մտածում է պետության շահերի մասին, այլ ոչ թե սեփական իշխանությունը պահպանելու):

Եթե փորձենք վերադառնալ «Երևան-Իջևան-Աղստաֆա» գծին, առանցքային է արձանագրել, որ փաշինյանական ապիկարությունն այն աստիճան է նայիվ, որ նա ոչ մի կերպ չի կարող տեղեկացված լինել, որ, ասենք, Չինաստանում, արդեն գործող ճանապարհը 2-3 ժամով կրճատելու նպատակով բազմամիլիարդ (դոլարային) ներդրումներ են կատարվում՝ կառուցելով հսկայական չափերի կամուրջներ: Մտածելով վաղվա օրվա մասին՝ կառուցում են բնակելի բազմահարկեր՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց տեղավորելու համար: Միաժամանակ զարգացնում են գիտությունը և ապահովում երկրի անվտանգությունը՝ զարկ տալով ռազմական արդյունաբերության և բանակի զարգացմանը: Բայց դա իմանալու համար պետք էր ընտանեկան օրաթերթում ոչ թե շաբաթը մեկ բանանի և շաքարավազի գների վերաբերյալ հոդվածներ հանձնարարեր, այլ հետևեր խեղճությունից ու աղքատությունից ազատվելու ահռելի ջանքեր գործադրող Չինաստանի օրինակին: 

Այսօրվա մեր դառն իրականությունը կայանում է նրանում, որ բոլորս փաստացի ականատես ենք, թե արցախցին ինչպիսի ցանկություն է դրսևորում՝ պահպանելու իր հայրենիքի մնացած հատվածը, ականատես ենք նաև, թե ինչպես է նա միանգամից խեղճանում, դառնում անօգնական՝ թիկունքին չզգալով Հայաստանի քաջալերող շունչը: Քանիցս ենք ականատես եղել, թե ինչպես է իր բազմաթիվ ելույթների վերջում Փաշինյանն հնչեցնում իր սիրելի մտքերը՝ «կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»: Այսօր պետք է փաստենք, որ Փաշինյանի երազանքի Հայաստանը հանգեցրեց պետության չգոյության։

Արմեն Հովասափյան