Foto

Ինֆանտիլիզմի ցավոտ հետևանքները

Հետևելով քաղաքական վերջին զարգացումներին՝ վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ այսօրվա իշխանությունը կազմակերպում է արցախահայության բռնագաղթ՝ իր օրրանից։ Եթե փորձենք համեմատական անցկացնել, ապա այս ամենը հիշեցնում է 1988-90 թվականներին Սումգայիթի և Բաքվի այն բռնի տեղահանումները, որ կազմակերպեցին Ադրբեջանի ազգայնամոլական կուսակցությունն իր կառավարությամբ։ Այսօր արդեն ՀՀ գլխավոր անհայրենիքի ղեկավարած քաղաքական ուժը կազմակերպում է նմանատիպ գործողություն՝ արդեն մեկ անգամ գաղթած, իր տնից-տեղից լքված հայի հանդեպ: Ամենավատն այն է, որ Ադրբեջանը՝ որպես պատերազմում պաշտոնապես հաղթած կողմ, խնդիր է դնում մեր առջև, ասում է՝ այս խնդիրը պետք է լուծվի:

Ըստ էության, կա իշխանություն, որը Արցախի հարցի փաթեթային լուծումը վաճառել է, հիմա էլ դիմացինը եկել է, ասում է՝ «պարտատոմսդ մոտս է, պարտքդ տուր և դուրս արի այստեղից»:  Փաստն այն է, որ անցած 4-4.5 տարվա ընթացքում մեզ հրամցրածի արդյունքում ունենք այս իրավիճակը: Մեզ հրամցրել են, որ բանակ գոյություն չունի, ազգի ողնաշարը ջարդվել է, դու ի վիճակի չես դիմադրելու: Այսինքն՝ քեզ պարտադրում է կապիտուլյացիա՝ մինչև զենք վերցնելը: Ի դեպ, ընդգծենք, որ հոգեմտավոր կապիտուլյացիան ամենավտանգավորն է, երբ դու հանձնվել ես թշնամուն և ասում ես՝ վերջ, ես պայքարելու ո՛չ ունակ եմ, ո՛չ խնդիր ունեմ:

Առանցքային ու կարևոր խնդիրներից է այն, որ քարոզչական դաշտում թեզեր են նետում մի քանի խեղվածների միջոցով, որոնք փորձում են ՔՊ-ում գաղափարական հեղափոխություն իրականացնել և՝ ՀՀՇ-ի իդեաները հրապարակավ տիրաժավորելով, այդ կառույցը ռեբրենդինգ անել: Դոկտոր մահը, որը վերջերս ցինիկաբար մտքեր շարադրելով՝ փորձում էր ասել, թե ով ինչ պետք է գերադասի:

Ըստ էության, Բերձորում և Աղավնոյում ադրբեջանցիների խնդիրն է՝ միջնաժամկետ ժամկետում վերահսկողություն սահմանել Հայաստանը Արցախին կապող ցանկացած բնակավայրում, ցանկացած ճանապարհի, դիրքի, դաշտի, ձորի նկատմամբ։ Հստակ պետք է փաստենք հետևյալը. երբ դու վերահսկողություն ես սահմանում այդ հատվածի նկատմամբ, դրան գումարում Մեղրիից Նախիջևան գնացող ճանապարհին Ծավ և Ներքին Հանդ գյուղերի նկատմամբ ադրբեջանական ախորժակը, ամբողջությամբ պարզ է դառնում, թե ինչ է ուզում Ադրբեջանը:

Այսօր կարող ենք հստակ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, նա ընդամենը դե ֆակտո իշխանություն է, չունի լեգիտիմություն: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք ընդդիմադիր դաշտում գործող դերակատարները սպասում են՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը կամ ՌԴ-ԱՄՆ պրոքսի պատերազմը Ուկրաինայում կավարտվի՞ մինչև Նոր տարի, թե՞ ոչ, որովհետև բոլորն, ըստ էության, հաշվարկների վրա են:

Այս օրերին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ հունիսի վերջին արցախցի որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև՝ Հայաստանից որոշ պաշտոնյաներ, Մոսկվայում հանդիպել են ադրբեջանցի գործընկերների հետ (իհարկե միջնորդավորված) և գծել են Աղավնոյի, Բերձորի և Սուսի շրջաններից դուրս գալու ճանապարհային քարտեզը: Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հստակ պահանջ է դրել Եղցահողի և Լիսագորի հայաթափման քարտեզը ստանալու, ինչից հնարավոր է եղել խուսափել և շրջանցել այդ թեման։

Կասկածից վեր է, որ առաջիկայում սպասվում են էլ ավելի դժվար ու բարդ ժամանակներ, որոնք, պարտավոր ենք հաղթահարել: Համաձայնեք՝ ողբերգություն է այն, երբ դու ունես ինֆանտիլ նախարարներ, որոնք արդարացնում են վերջին տարիներին տեղի ունեցած անդառնալի կորուստները կամ իշխանության մեջ են ներառված անհայրենիք ու առանց անցյալի ծերունիների մի կույտ, որոնք լկտիաբար հարցազրույցներ են տալիս ու ադրբեջանահաճո հայտարարություններ անում ու անամոթաբար հանրությանը մոլորության մեջ գցում։

Արմեն Հովասափյան