Ինչպես հայտնի
է՝ այս օրերին Արցախում ու Հայաստանում տեղի ունեցողը սարսափելի է ոչ միայն այն պատճառով,
որ Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում հայկական հերթական երեք գյուղերը,
ինչը, իհարկե, սարսափելի է առաջին հերթին այնտեղ բնակվող մարդկանց, երեխաների համար։
Բայց Փաշինյանն ու Ալիևը սրանով լուծում են շատ ավելի երկարաժամկետ ու վտանգավոր խնդիրներ։
Բոլորիս աչքի
առաջ արդեն մի քանի օր է՝ ողջ հայ հասարակությունը համակարգչի ու հեռուստացույցի էկրաններին
գամված հետևում է, թե ինչպես են 21-րդ դարում ազգությամբ հայ պաշտոնյաների պահանջով
մարդիկ դատարկում իրենց տները։ Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, հայկական
իշխանությունն իր նախաձեռնությամբ տեղահանում է հայ մարդուն։ Մարդիկ այս ամենին հետևում
են ամենասարսափելի էմոցիաներով, բոլորը հայհոյում են, շատերը՝ հեծկլտում, առավել սառնասիրտները
տեսնում են նույնի անխուսափելիությունը նախ ողջ Արցախի, ապա նաև՝ Հայաստանի համար։
Բոլոր այս և էլի բազմաթիվ անհատական ապրումների հանրագումարում
մարդկանց մեջ առաջացնում են անօգնականության, անճարության զգացողություններ։
Արձանագրենք ավելին,
անգամ հայհոյանքով ուղեկցվող պոռթկումը՝ «մի՞թե ողջ ազգով չենք կարողանում ազատվել
մի քանի դավաճաններից», ոչ թե մեղմացնում, այլ շատ ավելի խորն է դարձնում այդ անօգնականության
զգացումը, որովհետև դրանից բխող հետևությունն այն է, որ եթե հայ հասարակությունը չի
կարողանում պայքարել մի քանի տասնյակ թիկնապահով ու մի քանի հազար ոստիկանով պաշտպանվող
Փաշինյանի դեմ, ապա ինչպե՞ս կարող է հակազդել տասնյակ-հազարավոր զորք ունեցող Ադրբեջանին
ու Թուրքիային։ Ահա հենց սա է այն, ինչ անհրաժեշտ է Նիկոլին։
Միանշանակ է,
որ Նիկոլին հուզում է բացառապես սեփական իշխանությունը, և քանի դեռ Ալիևը նրանից չի
պահանջում հանձնել վարչապետի ավտոշարասյունն ու ամառանոցը, նա ոչ մի խնդիր չունի Ալիևի
հետ, ավելին, պատրաստ է հանձնել ամենայնը, բացի սեփական իշխանությունից։ Այսինքն՝ Փաշինյանի
ընկալմամբ, անձամբ իր համար սպառնալիքի աղբյուր է ոչ թե Ադրբեջանը, այլ հայ հասարակությունը,
որը կարող է իր մեջ ուժ գտնել և որևէ ճանապարհով ազատվել երկիրը կործանող իշխանությունից։
Իսկ ի՞նչ է պետք դա թույլ չտալու համար, առաջին հերթին՝ անօգտակարության, անկարողության
զգացում, որն ամեն օրվա հետ խորացնում է Ալիևը՝ պահանջներ ներկայացնելով, և ինքը՝ այդ
պահանջները կատարելով։
Ըստ էության, ամեն օր Նիկոլ
Փաշինյանը ցույց է տալիս, որ գործնականում պատրաստ է հանձնել ամեն ինչ, բացի սեփական
իշխանությունից։ Նա Ալիևին կարող է հակադրվել միայն այն դեպքում, երբ վերջինս պահանջի
իր հրաժարականը։ Բայց Փաշինյանը գիտի, որ դա տեղի չի ունենա, քանի որ Ալիևն ինքն է
հայտարարել, որ դեր է խաղացել 2018 թվականին Հայաստանում կատարված իշխանափոխության
հարցում։ Հետևաբար, նա հաճույքով կատարելու է իրեն իշխանության բերելու գործում «դեր
խաղացած» Ալիևի պահանջները, որոնց արդյունքում հայ հասարակության դիմադրողականությունը,
իմա՝ իրեն իշխանությունից զրկելու ռեսուրսները նվազում են ամեն օրվա հետ։
Ինչպես տեսնում
ենք՝ Նիկոլ Փաշինյանի հաշվարկներն առայժմ իրականանում են, բայց նա չգիտի կամ նրան չեն
զեկուցել, որ անօգնականությունը՝ թուլացնելով ինչպես մարդուն, այնպես էլ՝ հասարակությանը,
իր մեջ նաև ցասում առաջացնելու ներուժ ունի։ Նիկոլն ամեն օրվա հետ ավելի է խորացնում
մթնոլորտը, որում հասարակությունը կարող է հայտնվել այլևս կորցնելու ոչինչ չունեցողի
վիճակում։ Ահա այդ հոգեվիճակը կարող է հանգեցնել հանրային այնպիսի պոռթկման, որի դեպքում
Փաշինյանին չի կարողանա փրկել անգամ Ալիևը՝ Էրդողանի ձեռքը բռնած։
Արմեն Հովասափյան









