Շատերն են հավանաբար հիշում, թե ինչպես էին
այս իշխանությունները ժամանակին դժգոհում, որ նախկինները պետության վրա պետական
պարտքի մեծ բեռ են կուտակում։ Թվում էր, թե իշխանության գալուց հետո պիտի մտածեին պարտքը
թեթևացնելու մասին, բայց ականատես ենք լինում հակառակ տեսարանին՝ պարտքի բեռը վերջին
տարիներին սկսել է ավելի արագ աճել, և ոչ միայն աճել. պարտքն այս տարվա սկզբին նաև
կտրուկ թանկացել է։ Վերջին տվյալներով, պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը հասել
է 5,5 տոկոսի, նախորդ տարվա վերջին 4,7 տոկոս էր։ Ստացվում է՝ ընդամենը վեց ամսվա ընթացքում
պարտքը թանկացել է 0,8 տոկոսային կետով։
Արձանագրենք, որ երբեք
Հայաստանի պետական պարտքն այսքան թանկ չի եղել։ Մեկ տարի առաջ պարտքի միջին կշռութային
տոկոսադրույքը տատանվում էր 4,2-4,3 տոկոսի սահմաններում․ իսկ արդեն մեկ տարվա ընթացքում այն հասցրել է թանկանալ 1,2-1,3 տոկոսային
կետով։ Սա ենթադրում է բավական լուրջ ֆինանսական ճնշում պարտքի սպասարկման վրա։ Խոսքը
հիմնականում բյուջեից կատարվող հատկացումների մասին է, որովհետև պետական պարտքի գերակշիռ
մասը կառավարության պարտավորություններն են և սպասարկվում են բյուջեի հաշվին։ Վերջին
տվյալներով, կառավարության պարտքը կազմում է ընդհանուր պարտքի գրեթե 94,5 տոկոսը, իսկ
մնացած ընդամենը 5,5 տոկոսը Կենտրոնական բանկի պարտավորություններն են։
Ինչպես հայտնի է՝ որքան
թանկանում է պարտքը, այնքան կառավարությունը ստիպված է ավելի շատ միջոցներ հատկացնել
դրա սպասարկման համար։ Պարտքի յուրաքանչյուր 0,1 տոկոս թանկացումը միլիոնավոր դոլարների
լրացուցիչ ծախսեր է ենթադրում պետբյուջեում։ Մի կողմից՝ պարտքի թանկացման, մյուս կողմից՝
պարտքի ավելացման հետևանքները մենք տարեցտարի տեսնում ենք հատկացվող ֆինանսական միջոցների
ավելացման տեսքով. բացառություն չի եղել նաև այս տարին։
Այսպես, տարեսկզբի 5 ամիսներին
պետական պարտքի կառավարության պարտավորությունները սպասարկելու համար բյուջեից վճարվել
է ավելի քան 95 մլրդ դրամ՝ 10 միլիարդով ավելի, քան անցած տարի։ Եթե այդ գումարը վերածենք
տարադրամի, ապա կստացվի առնվազն 200 մլն դոլար։ Հենց այդքան գումար է 5 ամսվա ընթացքում
կառավարությունը վճարել իր բաժին պարտքային պարտավորությունների տոկոսները սպասարկելու
համար։ Հավելենք, որ շատ ավելի մեծ միջոցներ են պահանջվել ներքին, քան արտաքին պարտքի
սպասարկման համար՝ չնայած արտաքին պարտքը կրկնակի գերազանցում է ներքինին։ Բայց քանի
որ ներքին պարտքը շատ ավելի թանկ պարտք է, քան արտաքինը, հետևաբար՝ դրանց սպասարկման
ծախսերն էլ տարբեր են լինում։ Վերջին մեկ-երկու տարիներին կառավարությունը փոխել է
պարտքի կուտակման ռազմավարությունը և հետևողականորեն ավելացնում է ներքին պարտքը, ինչն
էլ իր ազդեցությունն է ունենում պարտքի թանկացման վրա։ Հրապարակված վերջին տվյալներով,
կառավարության արտաքին պարտքը կազմում է 5 մլրդ 954 մլն դոլար։ Ներքին տնտեսական միջավայրից
ներգրաված պարտքի պարտավորությունները հասել են 3 մլրդ 436 մլն դոլարի։
Ըստ էության, տարեսկզբի առաջին 5 ամիսներին
արտաքին պարտքի տոկոսավճարները սպասարկելու համար կառավարությունը պետբյուջեից վճարել
է 34,8 մլրդ դրամ։ Ներքին պարտքի սպասարկումը կազմել է 60,5 միլիարդ՝ գրեթե կրկնակի
ավելի շատ, քան արտաքին պարտքի տոկոսավճարների սպասարկման ծախսերն են եղել։ Ի տարբերություն
ներքինի, կառավարության արտաքին պարտքն այս տարի նույնիսկ նվազել է։ Անցած տարվա վերջին
այն հասնում էր 6 միլիարդ 190 մլն դոլարի, իսկ այս տարվա հունիսի վերջին եղել է 5 մլրդ
954 միլիոն, փոխարենը՝ ներքին պարտքն ավելացել է։
Ըստ պաշտոնական տվյալների՝
2021թ. դեկտեմբերի 31-ին կառավարությունն ուներ 2 մլրդ 577 մլն դոլարի ներքին պարտք։
Այս տարվա հունիսի 30-ի դրությամբ այն հասել է 3 մլրդ 436 միլիոնի։ Վեց ամսում ներքին
պարտքն ավելացել է 859 միլիոնով։ Փաստացի սա ներքին պարտքի շատ կտրուկ աճ է, բայց այն
պարունակում է նաև հաշվարկային բաղադրիչ։ Ներքին պարտքի այսպիսի աճի վրա ուղղակի ազդեցություն
է ունեցել դոլարի փոխարժեքի նվազումը։ Թեև դա չի նշանակում, թե ներքին պարտքի աճը միայն
դրանով է պայմանավորված։ Այս տարի ևս կառավարությունը շարունակել է այն ավելացնել դրամային
պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Վեց ամսում այդ հատվածից ներքին
պարտքը համալրվել է ևս 166 մլրդ դրամով։ Դրամայինից բացի, ներքին շուկայից կառավարությունը
նաև տարադրամային միջոցներ է ներգրավել՝ արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման
միջոցով՝ խոսքն ավելի քան 100 մլն դոլարի մասին է։ Ըստ այդմ, կառավարության ներքին
տարադրամային պարտքը հասել է 264 մլն դոլարի։ Նշենք նաև, որ տարեսկզբին թանկացել է
կառավարության՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Այս տարվա մարտից սկսած,
այն թանկացել է և արդեն հունիսի վերջին հասել է 2 տոկոսի։ Դժվար է ասել, թե հատկապես
ո՞րն է եղել արտաքին պարտքի այսպիսի կտրուկ աճի պատճառը։ Ենթադրվում է, որ դա կարող
է կապված լինել կառավարության պարտքի կազմում առկա որոշ փոխարկելի արժույթների լողացող
տոկոսադրույքների հետ։
Ի դեպ՝ անփոփոխ է մնացել
կառավարության արտարժութային պետական պարտատոմսերի գծով ներգրավված միջոցների տոկոսադրույքը։
Այն շարունակել է պահպանել 5 տոկոսի մակարդակը։ Տարվա ընթացքում իրականացված՝ ինչպես
նոր ներգրավումների, այնպես էլ՝ փոխարժեքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների
արդյունքում ՀՀ պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 10 մլրդ դոլարի սահմանին։ Պաշտոնական
տվյալներով, հունիսի 30 դրությամբ պետական պարտքը կազմել է շուրջ 9 մլրդ 932 մլն դոլար,
որից կառավարության բաժինը 9 միլիարդ 390 միլիոն է։
Արմեն Հովասափյան









