Foto

Ռուսական տրանսֆերտային «մամլիչը»

Կապիտալի ակտիվ հոսքը Ռուսաստանից Հայաստան շարունակում է պահպանվել։ Հունիսին հերթական ռեկորդն է գրանցվել. միայն ՌԴ-ից ստացվել է շուրջ 452 մլն դոլար։ Խոսքը բացառապես բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների մասին է, իսկ նախորդ տարվա այդ ամսին Ռուսաստանից ստացվել էր ընդամենը 85 մլն դոլար։ Այսպես կոչված՝ տրանսֆերտային հոսքերը հունիսին ավելացել են գրեթե 367 միլիոնով կամ 4,3 անգամով։ Իհարկե, հասկանալի է, որ դրանք այն մաքուր տրանսֆերտները չեն, որոնք մինչև վերջերս ստացվում էին։ Իրականում դրանք գումարներ են, որոնք փոխանցվում են Հայաստան բոլորովին այլ նպատակներով ու ոչ մեր քաղաքացիների հաշվին։

Հավանաբար բոլորին է հայտնի, որ նախկինում տրանսֆերտային հոսքերը գալիս էին հիմնականում մեր այն քաղաքացիներից, ովքեր Ռուսաստանում արտագնա աշխատանք էին կատարում։ Մի մասն էլ այնտեղ ապրողներն էին փոխանցում իրենց հարազատներին։ Հիմա գալիս են գումարներ, որոնք քիչ կապ ունեն այս երկու գործոնների հետ։ Բանն այն է, որ տնտեսական պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո ռուսական կապիտալն ապահով տեղ է փնտրում, նաև ի հայտ եկած տեղաշարժի դժվարությունները հաղթահարելու հնարավորություն։ Պատահական չէ, որ այդ գումարների ակտիվ տեղաշարժը սկսեց նկատվել հենց ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Պատժամիջոցների պատճառով մարդիկ իրենց գումարները հանում են Ռուսաստանից, ու դրանց մի մասը հանգրվանում է Հայաստանում, նաև բանկային համակարգում՝ ավանդների տեսքով։

Հատկանշական է այն, որ բանկային համակարգում նկատելի է ոչ ռեզիդենտների բանկային ավանդների աճը։ Դրանք ավելացել են առաջին հերթին «փախչող» գումարների հաշվին։ Այս տարվա առաջին կեսին ընդհանուր առմամբ Ռուսաստանից Հայաստան է մտել 1 մլրդ 131 մլն դոլարի տրանսֆերտ, նախորդ տարի եղել էր ընդամենը 375 միլիոն։ Վեց ամսում Ռուսաստանից ֆիզիկական անձանց կատարած փոխանցումներն ավելացել են 756 մլն դոլարով, որը կրկնակի գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Ընդգծենք, որ ակտիվությունը ռուսական շուկայից սկսվեց փետրվարից հետո։ Դրան հաջորդող 4 ամիսներին ստացվել է ավելի քան 1 մլրդ 8 մլն դոլար՝ 3,5 անգամով շատ, քան նախորդ տարի։ Մուտքերի աճը ամսեամիս նկատելի է. մարտին փոխանցվել էր 115,8 միլիոն, ապրիլին՝ 174,2 միլիոն, մայիսին՝ 266,2 միլիոն։ Արդեն հունիսին ռուսական շուկայից փոխանցված գումարները կազմել են 452 մլն դոլար՝ 186 միլիոնով ավելի շատ, քան մայիսին։ Շեշտենք նաև, որ անգամ լավագույն ժամանակներում ՌԴ-ից ֆիզիկական անձանց փոխանցումների այսպիսի ակտիվ հոսք չէր եղել։ Վեց ամսում՝ ավելի քան 1,1 մլրդ դոլար։ Ի դեպ՝ կապ չունի, որ այդ գումարների մեծ մասը ստացվում է ոչ ՀՀ քաղաքացիների հաշվին։ Դրանք գումարներ են, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական և արժութային շուկայի, ինչպես նաև տնտեսության վրա։ Ճիշտ է, կա Հայաստանից նաև ֆինանսական միջոցների որոշակի արտահոսք, բայց այս տարի զուտ ներհոսքը շատ ավելի մեծ է, քան արտահոսքը։

Ընդհանուր առմամբ՝ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում տրանսֆերտների տեսքով ստացված մուտքերը կազմել են 1 մլրդ 870 մլն դոլար՝ գրեթե 922 միլիոնով ավելի շատ, քան անցած տարի էր։ Գումարների ավելացումը, ինչպես նշեցինք, եղել է հիմնականում ռուսական շուկայի հաշվին. 1 մլրդ 870 միլիոնից 1 միլիարդ 131 միլիոնը ստացվել է ՌԴ-ից։ ԱՄՆ-ից եկող մուտքերը կազմել են 318 մլն դոլար, որոնք, ի դեպ, նույնպես ավելացել են, բայց շատ ավելի քիչ՝ վեց ամսում՝ 58 մլն դոլարով։ ՌԴ-ից և ԱՄՆ-ից միասին ստացվել է 1 մլրդ 449 մլն դոլար, մնացած գումարները եկել են այլ երկրներից։ Ֆիզիկական անձանց փոխանցումների տեսքով ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից 6 ամսում հասել է 891 մլն դոլարի, ինչն անհամեմատ ավելի շատ է, քան անցած տարի։ Նշենք, որ անցած տարի եղել էր 565 մլն դոլարի արտահոսք, ստացվում է, որ այս տարի ավելացել է գրեթե 326 միլիոնով կամ 57 տոկոսով։ Դրանով հանդերձ, շատ ավելի ակտիվ է եղել ներհոսքը՝ գրեթե կրկնակի ավել գումար է մտել Հայաստան, որոնց մեծ մասը մնացել է Հայաստանում։

Ներկայացված տվյալները վկայում են, որ այս տարի տրանսֆերտային փոխանցումներից առնվազն 596 միլիոնով ավելի շատ կապիտալ է մնացել Հայաստանում։ Դա փոքր գումար չէ մեր տնտեսության, առավել ևս՝ ֆինանսական շուկայի համար։ Այն, անշուշտ, կարող էր իր ազդեցությունը թողնել փոխարժեքների վրա, ինչը տեսնում ենք վերջին ամիսներին՝ դրամի ամրապնդման տեսքով։ Բայց կարող էր նաև այդպես չլինել, եթե Կենտրոնական բանկն ամբողջությամբ չեզոքացներ տարադրամի ավելացուկը, որը, ի դեպ, ամենևին էլ միայն տրանսֆերտների շուկայից չի գալիս։

Ի դեպ՝ տարադրամի քանակը ֆինանսական շուկայում ավելացել է նաև այլ գործոնների հետևանքով։ Այդ գործոններից մեկն էլ առևտրաշրջանառության ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության հետ է կապված։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանը վերջին ամիսներին դադարել է ներկրվող էներգակիրների համար Ռուսաստանին վճարել դոլարով։ Խոսքը ևս մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, որը մնացել է ներսում՝ մեծացնելով ճնշումը փոխարժեքների վրա։ Այս ֆոնին ԿԲ-ն փորձել է ինչ-որ առումով թուլացնել այդ ճնշումը՝ ֆինանսական շուկայից տարադրամի գնման միջոցով։ Որոշ տվյալներով, այս ընթացքում ձեռք է բերվել գրեթե 300 մլն դոլար, բայց դատելով արժութային շուկայի դրսևորումներից, դա շատ քիչ է եղել փոխարժեքների կայունությունը պահպանելու համար։

Ըստ էության, հոսքերը տրանսֆերտների տեսքով այս տարի չափից դուրս ակտիվ են, բայց թե այդ ակտիվությունը դեռ ինչքան կպահպանվի, կախված է կրկին արտաքին գործոններից և առաջին հերթին՝ ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից։ Ակտիվությունը որքան անակնկալ սկսվեց, նույնքան անակնկալ կարող է մարել։ Մեծ է ռիսկը, որ կապիտալի այսպիսի ակտիվ տեղաշարժը հետագայում կարող է խնդիրներ ստեղծել նաև Հայաստանի ֆինանսական ու բանկային համակարգի համար։

Արմեն Հովասափյան