Foto

Քառատված տնտեսական համակարգ՝ զրո ներդրում


Թերևս բոլորս ենք հիշում, թե ինչպես էր իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է։ Նա ամպագորգոռ համայն հայության առաջ կոկորդ էր պատռում, որ ՀՀ-ում չկա համակարգային կոռուպցիա, այլ բան՝ այդպե՞ս էր, թե՞ ոչ։ Այն փաստը, որ Հայաստանում հիմա էլ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, վկայում են այն բազմաթիվ ֆինանսական չարաշահումները, որոնք հայտնաբերվում են տարբեր գերատեսչություններում ու տարբեր պաշտոնյաների գործունեության հետ կապված։ Դեռ ինչքան դեպքեր էլ կան, որոնք պարզապես չեն հայտնաբերվում կամ նպատակահարմար չէ հանրայնացնել։

Հստակ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում նոր որակի է հասել հատկապես հովանավորչությունը, ինչը կոռուպցիայի յուրահատուկ դրսևորումներից մեկն է։ Այդպիսի կոռուպցիոն երևույթների մասին իշխանությունները գերադասում են չխոսել, բայց դա չի նշանակում, թե այն չկա։ Փաստ է այն, որ այն կա ու գնալով ընդլայնվում է։ Այսօր ունենք մի իրավիճակ, որ Հայաստանում կոռուպցիան այնպիսի մակարդակում է, որ լուրջ խոչընդոտ է ներդրումների համար։ Ի դեպ՝ դա ոչ թե մենք ենք ասում, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորներից ու ջատագովներից մեկը՝ ի դեմս ԱՄՆ-ի։

Օրերս Պետդեպը մի հայտարարություն էր տարածել, որտեղ ՀՀ ներդրումային միջավայրի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար»։ Ըստ էության, տվյալ զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ ներդրողների կարծիքով, տնտեսության շատ ոլորտներ թափանցիկ չեն աշխատում։ Չնայած որոշ բարելավումներին, բազմաթիվ խնդիրներ դեռևս մնում են և պետք է լուծվեն՝ ապահովելու համար թափանցիկ, արդար և կանխատեսելի բիզնես միջավայր: Ավելին, մի շարք ներդրողներ մտահոգություն են հայտնել մասնավոր հատվածի և կառավարության միջև երկխոսության որակի վերաբերյալ: Ներդրողները նաև նշել են այն խնդիրները, որոնք վերաբերում են պետական պաշտոնյաների՝ իրենց առջև ծառացած խնդիրներն արագ լուծելու կարողությանը:

Ընդգծենք, որ տնտեսության ոլորտներից ԱՄՆ Պետդեպի զեկույցը հատուկ ուշադրություն է դարձրել հանքարդյունաբերությանը՝ նշելով, որ երկրի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճը զգալի միջազգային ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց շարունակում է մնալ էական։ Այստեղ մասնավորապես խոսքը վերաբերում է այն «վեճին», որը կապված է Ամուլսարի շահագործման հետ։ Պետդեպը, իհարկե, խուսափել է ուղիղ ասել, թե ում մեղքով ու ջանքերով առաջացավ այդ «վեճը», բայց փաստ է, որ այն «հրահրվեց» Փաշինյանի կողմից, իսկ հետո դուրս եկավ Հայաստանի սահմաններից՝ խնդիրներ ստեղծելով ներդրումային միջավայրի համար։ Փաստն այն է, որ չորս տարի հետո էլ այդ «վեճը« մնում է չհանգուցալուծված, չնայած վերջին 1-2 տարիներին իշխանությունները ելքեր են փնտրում Ամուլսարի ծրագիրն իրականացնելու համար։ Հիմա արդեն դա բխում է իրենց քաղաքացիական շահերից։ Իրենց քաղաքական շահերի պատճառով ժամանակին ամեն ինչ արեցին, որ այս խոշոր ներդրումային ծրագիրը տապալվի։ Այժմ փորձում են վերակենդանացնել, բայց դա այլևս այդքան էլ հեշտ չէ։

Հատկանշական է այն, որ իշխանությունների կապրիզի և հետապնդած քաղաքական շահերի ու արկածախնդրության հետևանքով ՀՀ ներդրումային միջավայրը հսկայական վնասներ կրեց, ինչի արդյունքում ունեցանք ներդրումների այն ցածր մակարդակը, որն ունենք այսօր։

Ըստ էության, պետդեպի զեկույցը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունների գործողությունները եղել են ի վնաս ներդրումների։ Ի դեպ՝ բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի դիտարկումների համաձայն՝ ՀՀ տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը բարձր է։ Բացի դրանից՝ որպես հետևանք՝ կենտրոնը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին՝ խուսափել ՀՀ-ում ներդրումներ, ինչպես նաև ֆինանսական գործառնություններ իրականացնելուց։ Այլապես մեծ է հավանականությունը, որ ներդրողները զգալի կորուստներ կունենան` պայմանավորված զուտ քաղաքական գործոնով։

Նորմալ տրամաբանությունը վկայում է, որ նման գնահատականները տնտեսության և ներդրումների օգտին չէին ու թվում էր՝ պետք է լրջորեն մտահոգի իշխանությանը, բայց փոխարենը հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլն ԱԺ ամբիոնից հաթաթա տալիս ներդրողներին։ «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում, ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք»,- հոխորտում էր նա։

Ըստ էության, ներդրումների հետ կապված խնդիրները ՀՀ-ում շատ են և պայմանավորված չեն միայն կոռուպցիայով ու Ամուլսարի շուրջ ստեղծված միջազգային սկանդալով։ Բոլորիս աչքի առաջ մի քանի տասնյակ ներդրողներ, բախվելով իշխանությունների կամակորություններին, ստիպված եղան հեռանալ։ Զարմանալի չէ, որ այսօր միջազգային արբիտրաժային դատարաններում տարբեր ներդրումային գործեր են գտնվում՝ Հայաստանի դեմ։ Իսկ ներքին ներդրողները ստիպված էին հրաժարվել ներդրումներից՝ վախենալով իշխանությունների հետապնդումներից։ 

Ակնհայտ է, որ ՀՀ-ում իշխանության բռնազավթումից հետո կապիտալի անվտանգությունը հայտնվեց հարցականի տակ։ Այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ ցանկացած պահի և տարբեր անհիմն պատճառաբանություններով կարող են զրկվել իրենց ունեցվածքից։ Դրանից բացի՝ էապես ավելացան սեփականության պաշտպանության հետ կապված ռիսկերը։ Այս ամենը բերում էր երկրի ներդրումային մթնոլորտի վատացման, որպես հետևանք՝ անդրադառնալով ներդրումների վրա։

Փաստն այն է, որ այսօր այդ ամենին այլ խնդիրներ էլ են ավելացել, չնայած նախկին խնդիրները, այդ թվում՝ կոռուպցիայի հետ կապված, չեն վերացել։ Իշխանությունները կարծում էին՝ հայտարարեցին, թե կոռուպցիան վերացել է ու դրանով կոռուպցիայի խնդիրը փակված է, դրանից հետո ներդրողները լցվելու են Հայաստան։ Մինչդեռ, որպեսզի հարևաններից հետ չմնանք, Հայաստանին մեծածավալ ներդրումներ են պետք։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՆԱ-ում օտարերկրյա ներդրումները հասնեն 6 տոկոսի, այսօր ընդամենը 1,7 տոկոս են։ Ապիկարները երկրի ներդրումային միջավայրը 4 տարի շարունակ քառատել են և նոր հիշել են, որ առանց ներդրումների հնարավոր չէ փոխել տնտեսության կառուցվածքը։

Արմեն Հովասափյան