Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կդադարեցնի ԱՄՆ-ի փորձերը՝ «օգտագործել Թայվանը՝ Չինաստանը վերահսկելու համար»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
Նրա խոսքով՝ եթե ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը անտեսվի, աշխարհը կվերադառնա ջունգլիների օրենքին, իսկ ԱՄՆ-ն ավելի անխոհեմ կլինի եւ կվախեցնի մյուս երկրներին։ «Մենք չենք կարող դա թույլ տալ, եւ բոլոր երկրները նույնպես պետք է միավորվեն՝ դա կանխելու համար»,-ասել է նա։
Նա նշել է, որ ավելի քան 100 երկրներ հրապարակայնորեն վերահաստատել են իրենց հավատարմությունը «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հստակեցրել է, որ ՄԱԿ-ը կշարունակի հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2758 բանաձեւին: «Դա հիմնված է «Մեկ Չինաստանի» սկզբունքի վրա, այսինքն՝ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, ՉԺՀ կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի մի մասն է։ Սա արդարության ձայնն է, որը կիսում է միջազգային հանրությունը»,-հավելել է Վան Ին։
Վան Ին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Չինաստանը վերահսկելու համար Թայվանի օգտագործումը պարզապես ֆանտազիա է, եւ դա չի կարող կանգնեցնել Թայվանի վերադարձի պատմական միտումը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան փաստացի վերածվել է ֆարսի՝ միաժամանակ ամրապնդելով միջազգային հանրության կոնսենսուսը եւ ոգեշնչելով չինացիներին միավորվել եւ արագացնել սոցիալիստական արդիականացման կառուցումը։









