Foto

«Ատլետիկոն» հաղթեց «Էսպանյոլին»

Իսպանական Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի 25-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ՝ «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում, ուժերը չափեց «Էսպանյոլի» հետ։ Գոլառատ հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4:2 հաշվով հաղթանակով։


Խաղի հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին. հյուրերին առաջ մղեց Խոֆրե Կարերասը: Սակայն 21-րդ րոպեին «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սորլոթը վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Ջուլիանո Սիմեոնեն առաջ մղեց մադրիդյան թիմին, իսկ 58-ին Ադեմոլա Լուկմանը խփեց տանտերերի երրորդ գնդակը։

72-րդ րոպեին Սորլոթը դուբլ ձևակերպեց՝ խոշոր դարձնելով հաշիվը։ Խաղի վերջակետը 80-րդ րոպեին դրեց հյուրերի կիսապաշտպան Էդու Էսպոսիտոն՝ ձևակերպելով վերջնական 4:2 հաշիվը։


Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 48 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ամրապնդվեց երրորդ հորիզոնականում։ «Էսպանյոլը» 35 միավորով 6-րդ տեղում է։

Առաջնության հաջորդ տուրում «Ատլետիկոն» փետրվարի 28-ին արտագնա խաղում կմրցի «Օվյեդոյի» հետ, իսկ «Էսպանյոլը» մեկ օր անց ուժերը կչափի «Էլչեի» հետ։