Foto

Պետությունը «քերթում» է խոշորներին

Տարբեր փորձագիտական շրջանակների հավաստմամբ՝ բյուջեի հարկային մուտքերի բևեռացումը, ինչը նկատվեց այս տարվա սկզբին, շարունակելու է խորանալ նաև հետագայում։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների հերթական ցանկը՝ առաջին կիսամյակում վճարած հարկերի հիման վրա, որը ցույց է տալիս, թե ինչի վրա է նստած եղել հարկերի ավելացումը, որով այդքան սիրում է հպարտանալ կառավարությունը։ Ըստ այդմ՝ պետբյուջեի մուտքերի աճը մեծապես կախված է եղել մեկ ոլորտից և հատկապես՝ մեկ ընկերությունից։ Էապես ավելացել են հանքարդյունաբերության մեջ զբաղված ընկերությունների վճարած հարկերը։

Գաղտնիք չէ, որ պետական բյուջեի կախվածությունն ընդերքից միշտ էլ մեծ է եղել, սակայն այն անհամեմատ ավելի է մեծացել վերջին շրջանում։ Միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» այս տարվա առաջին կեսին վճարել է հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի գրեթե 14,5 տոկոսը և ընդհանուր հարկային եկամուտների 11,3 տոկոսը։ Տարեսկզբի առաջին կեսին հազար խոշոր հարկատուները միասին պետբյուջե են փոխանցել 722 մլրդ դրամ։ Միայն ԶՊՄԿ-ն վճարել է շուրջ 104,8 մլրդ դրամ (կոմբինատի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ շեշտակի ավելացել են)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն պետբյուջեի նկատմամբ կատարել էր 26,8 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Այս տարի ընկերության վճարներն ավելացել են 78 մլրդ դրամով կամ գրեթե 4 անգամով։ Դա էլ մեծապես նպաստել է՝ ինչպես խոշոր հարկատուների վճարների, այնպես էլ՝ ընդհանրապես բյուջեի հարկային եկամուտների այն ավելացմանը, որն արձանագրվել է այս տարի։

Ինչպես հայտնի է՝ կառավարությունը տևական ժամանակ է՝ հպարտանում է, որ հարկային մուտքերի առաջին կիսամյակի պլանը գերակատարվել է՝ կազմելով 37,9 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ միայն ԶՊՄԿ-ն նախորդ տարվանից ավելի է վճարել 78 մլրդ դրամ։ Նշենք նաև, որ կտրուկ աճել են նաև հանքարդյունաբերության ոլորտի մեկ այլ ընկերության՝ Ագարակի կոմբինատի վճարած հարկերը։ Անցած տարվա առաջին կեսին այն բյուջեի նկատմամբ կատարել էր ընդամենը 1 մլրդ 854 մլն դրամի պարտավորություն, իսկ այս տարի վճարած հարկերը կազմել են գրեթե 7,8 մլրդ դրամ։ 7,2 մլրդ դրամի հարկ է վճարել «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը»՝ անցած տարվա 262 մլն դրամի փոխարեն։

Ի դեպ՝ ոլորտի ընկերություններից նախորդ տարվա հարկային կատարողականին չի հասել «Թեղուտը», բայց այդ ընկերության պատմությունն այլ է. մարտից այն դադարեցրել է գործունեությունը։ Դադարի պաշտոնական պատճառաբանությունը տեխնիկական խնդիրներն են, բայց իրականում այն կապված է ռուսական ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ։ Չնայած դրան, ընկերությունը դադարից հետո էլ բավական խոշոր գումարի հարկային պարտավորություններ է կատարել (առաջին եռամսյակում վճարել էր 3,8 մլրդ դրամ, կիսամյակի արդյունքներով՝ վճարած հարկերը հասել են 8,9 միլիարդի)։

Ստացված պատկերը հետևյալն է. հանքարդյունաբերության ոլորտի ընդամենը 4-5 ընկերություն վճարել են խոշոր հարկատուների վճարած հարկերի 18-19 տոկոսը։ Այն կազմել է գրեթե 135 մլրդ դրամ։ Ըստ էության, շատ լավ է, որ այդ ընկերությունների վճարած հարկերն ավելացել են, բայց դրանով էապես մեծացել է բյուջեի կախվածությունն այդ ընկերությունից։ Փաստացի տեղի է ունեցել բյուջեի եկամուտների կտրուկ բևեռացում։

Ըստ այդմ՝ եթե անցած տարվա առաջին կեսին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը հազար խոշորների կատարած վճարների 5 տոկոսից պակաս էին, ապա այս տարի հասել են 14,5 տոկոսի։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե այս ընկերության գործունեության հետ կապված խնդիրներ առաջանան։

Գաղտնիք չէ նաև, որ ընդերքի ոլորտում գոյացած հարկային եկամուտների ավելացումը, անշուշտ, կապված է մետաղների գների բարձրացման հետ, ու եթե միջազգային շուկաներում գները նվազեն՝ դա կբերի նաև բյուջեի եկամուտների կրճատման։ Վերջին շրջանում մետաղների միջազգային գները հասցրել են բավականաչափ ընկնել, ու ենթադրվում է, որ առաջիկայում դա իր ազդեցությունը կունենա նաև ոլորտում գոյացող հարկային մուտքերի վրա։

Կարևոր է նաև նշել, որ նախորդ տարվա համեմատ, նկատելի է հարկային վճարների ավելացում ծխախոտի արտադրության ու ներմուծման ոլորտում գործող ընկերությունների մոտ։ «Գրանդ Տոբակոն» տարվա առաջին կեսին վճարել է 20 միլիարդից ավելի հարկ, ինչն ավելի քան 7 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Դրանով հանդերձ, ընկերությունը դեռևս չի հասել այն մակարդակին, որը կար մինչև ճգնաժամը։ Ի դեպ՝ 2020թ. առաջին կեսին ընկերությունը վճարել էր ավելի քան 26 միլիարդ, իսկ 2019թ. առաջին կեսին՝ 28 մլրդ դրամի հարկ։ Սա նշանակում է, որ ընկերությունը չի հասցրել վերականգնել արտադրության այն ծավալները, որոնք ուներ մինչև ճգնաժամը։

Ընդգծենք նաև, որ հարկային վճարներն ավելացել են նաև վառելանյութի շուկայում գործող ընկերությունների պարագայում՝ կրկին պայմանավորված հարկային բեռի ծանրացմամբ ու գների կտրուկ բարձրացմամբ։ Այս դեպքում էլ մուտքերի ավելացման գինը վճարել են սպառողները՝ իրենց գրպանի հաշվին։

Ամփոփելով հավելենք, որ նշված հարկատուների վճարած հարկերի այս աճերը վկայում են, որ հարկային մուտքերի ավելացման վրա ազդեցություն են ունեցել 2 կարևոր գործոն՝ հարկային բեռի ծանրացումն ու գների բարձրացումը։ Երկուսն էլ եղել են ի վնաս սպառողների, որոնց հաշվին էլ ավելացել են բյուջեի հարկային եկամուտները։ Զուտ տնտեսական գործոնների հետ կապված ազդեցությունները մուտքերի վրա շատ ավելի թույլ են։ Ի դեպ՝ կառավարությունը վերանայել է խոշոր հարկատուների ցանկը և դուրս թողել պետական կառավարման մարմիններին. նրանք այլևս ցանկում չկան։

Արմեն Հովասափյան