Foto

«Մարդիկ իրենց եկամուտների վրա են զգալու տնտեսական աճը»․ տնտեսագետը՝ Կարապետյանի ծրագրի մասին

«Մեր ձևով» շարժումն այսօր՝ հունվարի 20-ին, ներկայացրեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը՝ կապված ՀՀ զարգացման իրենց տեսլականի հետ։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց 5 կետից բաղկացած ծրագիրը, որը ենթադրում է 300 հազար նոր աշխատատեղ ՀՀ-ում, Հայաստանում փոքր բիզնեսի հարկերից ազատում, դեղերի գների նվազում, ինչպես նաև մթերման կայանների ստեղծում, որ գյուղացիները կարողանան են մթերել իրենց բերքը, ու այն սեզոնին չփչանա։ Նշվեց, որ այս ամենը պետք է իրականացնել 5 տարում։

Ըստ տնտեսագետ Աշոտ Ֆարսյանի՝ գլխավոր հարցը լինելու է ներդրումները։

«Հաշվի առնելով Հայաստանում ներկա ներդրումների մակարդակը, իհարկե, մեծ ջանքեր են պահանջվելու։ Հեշտ չի լինելու, բայց իրատեսական է։ Մենք հասկանում ենք, որ մարդիկ խոստումներին չեն հավատում և վստահության մակարդակն ընկած է, բայց նաև պետք է հասկանալ, որ սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել»,-24News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Ըստ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի՝ փոքր բիզնեսը կազատվի հարկերից։ Տնտեսագետ Աշոտ Ֆարսյանն ասում է, որ այդտեղ մեկ ռիսկ կա՝ պետք է մեծ բիզնեսները չտրոհվեն՝ դառնալով փոքր ընկերությունները։

«Վստահաբար կարողանալու ենք այդ գումարները հետ ստանալ այլ ոլորտներից։ Պետք է այդ մարդկանց, ովքեր փոքր բիզնեսով իրենց հարցերն են լուծում, ավելի շատ հնարավորություններ տրվեն, որպեսզի նրանք ավելի շատ մտածեն իրենց բիզնեսի մասին, ինչպես նաև խրախուսել ձեռներեցությունը։ Միանշանակ գտնելու ենք լուծումներ, որպեսզի մեծ բիզնեսների տրոհման ռիսկն իրականություն չդառնա»,-նշեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ ծրագրի հաջողելը նաև կապված է Սամվել Կարապետյանի գործոնի հետ, հաշվի առնելով, որ նա հաջողակ բիզնեսմեն է, լավ տիրապետում է տարբեր նրբություններին։

«Ես ինքս էլ ունեցել եմ նման փորձ, երբ մենք ներդրումային բանակցությունների մեջ էինք, և դիմացի կողմը, տեսնելով, թե ովքեր ենք մենք, ավելի հեշտ եկավ համաձայնության։ Նա տեսավ այդ խոշոր կապիտալը և վստահ եղավ, որ իրեն չեն «քցի»»,-ասաց նա։
Տնտեսագետն ասում է, որ այս պահին Հայաստանում կա թվացյալ տնտեսական աճ, բայց որի մեջ չկա որակական կոմպոնենտ։

«Դա հիմնականում կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Այս աճն այս տեմպով ու որակով երկար շարունակվել չի կարող։ Մենք խոսում ենք ավելի շատ որակական աճի մասին, որը գալիս է մեր պոտենցիալից»,-ասաց Աշոտ Ֆարսյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ զգալու են, որ իրենց տան կողքը կարողանում են աշխատանք գտնել և իրենց եկամուտների վրա են զգալու տնտեսական աճը։
«Գյուղացին տեսնելու է, որ ինքը կարողանում է իր մթերքը մթերել։ Թոշակառուն տեսնելու է, որ օրինակ, այն դեղերի համար, որ ինքը վճարում էր իր եկամուտի կեսը, հիմա վճարում է ոչ թե կեսն, այլ շատ ավելի քիչ։ Երիտասարդն էլ տեսնելու է, որ եթե այն ժամանակ ինքը չէր կարող մտածել բնակարան ունենալու մասին, արդեն կարող է մտածել բնակարան ունենալու մասին»,-ասաց տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։

Հասմիկ Սարգսյան