Ինչպես հայտնի
է՝ Արցախում, արդեն երրորդ օրն է, լարված իրավիճակ է՝ ադրբեջանական կողմը պարբերաբար
առաջխաղացման փորձեր է անում։ Նախօրեին ՊԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ 19 զինծառայող
տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ 2 զինվոր զոհվել է։ Այս օրերին Արցախի
պաշտոնյաներն իրենց հարցազրույցներում, գրառումներում նշում են, որ լարվածություն է
նկատվում Արցախի տարբեր ուղղություններում, ընդգծելով, որ իրավիճակը ծայրահեղ լարված է (այդ մասին
կառավարության նիստի ժամանակ հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը)։
Վերջին մի քանի
շաբաթներին Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններից, ինչպես նաև
նախորդ օրերին տեղի ունեցած միջադեպերից պարզ է դառնում, որ Ադրբեջանը հաստատուն քայլերով
գնում է Արցախում իրավիճակի արհեստական լարման: Տրամաբանությունը հուշում է, որ, հաշվի
առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի միջանկյալ նպատակները, չի բացառվում, որ Հայաստանի սահմանամերձ տարածքներում
ևս սադրանքներ արձանագրվեն։
Կարևոր է արձանագրել,
որ Ադրբեջանի նման գործողությունների համար կանաչ լույս վառեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի
այն հայտարարությունը, որ Հայաստանը զորք է դուրս հանելու Արցախից, և դա այն դեպքում,
երբ ՀՀ-ից Արցախ զորք 2020 թվականի պատերազմից հետո չի էլ գնացել, սակայն այդ պաշտոնյայի
հայտարարությունը հիմք տվեց Ադրբեջանին իրականացնելու, իր ձևակերպմամբ՝ «հակաահաբեկչական
գործողություններ» (կառավարության նիստին Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի տարածքում
ՀՀ զինծառայող գոյություն չունի, ի դեպ՝ մինչ
այդ մամուլում տեղեկատվություն էր շրջանառվել, որ այս օրերին Արցախում ծառայող զինծառայողներին
տարբեր պատճառաբանությամբ տեղափոխել են Երևան)։
Եթե փորձենք զուգահեռներ
անցկացնել, ապա ակնհայտ է, որ այս զարգացումները հստակ համապատասխանում են իշխանական
«խաղաղության դարաշրջան» ադրբեջանամետ կոնցեպտի տրամաբանությանը, որի արդյունքում լինելու
են հայկական կողմի նոր կորուստները՝ հօգուտ թուրք-ադրբեջանական օկուպանտների։
Ադրբեջանական կողմն իր ծավալապաշտական նկրտումներում արդեն հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական
տանդեմը պահանջում է շարունակել Արցախի ինքնիշխան տարածքների, այս անգամ Բերձորի և
Արցախը Հայաստանին կապող բերձորյան միջանցքի հանձնումը։
Ըստ էության, թուրքերի համար
խիստ անհրաժեշտ է թուրքական գործողություններից ռուսների որոշակի կախվածության իրավիճակ
ստեղծել։ Ինչպես ցույց տվեցին աշխարհաքաղաքական վերադասավորումները՝ Սիրիան և Իրաքը չաշխատեցին որպես ռուսների վրա ճնշման գործոն (ճիշտ հակառակը), մնում է հայկական
գործոնը, որը թուրքերը, ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, օգտագործում են իրենց ձեռնտու
տարբերակով։
Գաղտնիք չէ, որ
Արցախի անվտանգության երաշխավորը մոտ 30 տարի եղել է Հայաստանը, և այդ իրավունքը նվաճել
էինք մենք. ըստ էության, մեր ուժերով Արցախը
պաշտպանում էինք բոլոր տեսակի ոտնձգություններից: Իսկ այսօր Նիկոլը ձախողել է ամեն
ինչ, քանդում ու վերացնում այն ամենը, որ մեր, որպես ազգի, գոյության հիմքն է կազմում,
խաղաղության մասին վայրահաչելով՝ մեզ հասցրել է նոր պատերազմի։
Շատ է խոսվել՝
Նիկոլի հակահայկական օրակարգի, Արցախը ատելու, հայ ժողովրդի ազգային արժեհամակարգը
կործանելու մասին։ Այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ նա ունի թեմայից փախչելու,
սեփական մեղքերն ուրիշի գրպանը «գցելու», ամեն ինչում արհեստական մեղավոր նշանակելու
գործելաոճ։ Այսօրվա ստեղծված իրողությունը վկայում է, որ նախատեսած տարածքները հանձնելուց
հետո նա նորից կհայտնվի և իր թիմակիցներից մեկի վրա կթափի ժողովրդի ցասումը, հետո կանցնի
քրեական գործերով մարդկանց ճնշելու գործընթացին:
Ակնհայտ փաստ
է այն, որ այսօր Հայաստանը վերածվել է «քաղաքական
փալասի», ոչինչ չորոշող մի գոյացության, և հակազգային իշխանությունը հանկարծ որոշել
է, որ ՀՀ-ի համար Արցախի խնդիրը ավելին չէ, քան այնտեղ ապրող մի բուռ հայերի
իրավունքների պաշտպանությունը: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք
է պաշտպանեք արցախցիների իրավունքները՝ ՊԲ-ն ոչնչացնելո՞վ (Փաշինյանն իր խոսքում այսօր
ակնարկեց), Հայաստանն Արցախի հետ կապող միակ ճանապարհը թշնամուն հանձնելո՞վ, Ադրբեջանին
տված ձեր չմտածված խոստումները կատարել չկարողանալու պատճառով նոր պատերազմ հրահրելո՞վ:
Իսկ մինչ այդ՝ Երևանն ապրում է լեթարգիական քնով և շարունակում է իր ամենօրյա գինարբուքներն
ու հրավառությունները։
Արմեն Հովասափյան









