Foto

Հարվածներ՝ Լիսագորին, տարհանման փորձ Բերձորում. ԱԽՔ-ը քնեցնո՞ւմ է մարդկանց

Արցախից Yerkir.am-ին հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերն ականանետային կրակով և աթս-ներով հարվածել են Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի դիրքերին՝ նպատակ ունենալով առաջանալ և կտրել Ստեփանակերտ – Բերձոր մայրուղին: Զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկատվություն չենք կարող տրամադրել: Այժմ իրադրությունը խիստ լարված է այդ հատվածում:

Ադրբեջանցիներն առաջացել են նաև հարևան Եղցահող գյուղին և այժմ գտնվում են գյուղից 500-600 մետր հեռավորության վրա: Այժմ գյուղում իրադրությունը կայուն է, բայց լարված: Այս մասին Yerkir.am-ին հայտնել են Եղցահող գյուղից:

Փորձ է արվել նաև տարհանել Բերձոր քաղաքը, ապամոնտաժել նաև Բերձորի հրապարակի հուշարձանը:  

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամեր առաջ անդրադառնալով Գորիս Ստեփանակերտ նոր երթուղու խնդրին՝ նշել է, որ «…այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունիՀամենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվելհետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ…»:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցի ճանապարհաշինարարներն ամիսներ շարունակ անարգել մտան Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածք և իրականացրին լայնածավալ շինարարություն: Եթե հայկական կողմն այդպես սկզբունքորեն համաձայնություն չէր տվել, ապա չէ՞ր տեսնում տեղի ունեցողը: Եթե ադրբեջանցիները գործում  էին առանց համաձայնեցված պլանի, ապա ինչու՞ հայկական կողմը մինչ օրս ծպտուն չի հանել այդ մասին, իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն իր հունիսի 27-ի  «ասուլիսում» բոլորովին ուրիշ բան էր հայտարարում՝ հաստատելով, որ Ադրբեջանի կողմից Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործումից հետո Արցախի Բերձոր և Աղավնո համայնքներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վերոնշյալ հակասական ու կասկածելի հայտարարություններից մեկ բան կարելի է եզրակացնել՝ Փաշինյանի իշխանությունը հերթական դավադիր պայամանավորվածությունից առաջ քնեցնում է մարդկանց ու ձևացնում, թե ընդդիմանում է Ադրբեջանի պահանջներին:

Չի բացառվում, որ գործ ունենք 44-օրյայի օրերին կիրառվող «Հադրութի, Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտարարությունների ու փորձված ստոր մեթոդների հետ, երբ իշխանությունները հայտարարում էին մի բան, բայց իրականում տեղի էր ունենում բոլորովին այլ բան: Արդյունքում՝ հայ ժողովուրդը կանգնեց Հադրութի, Շուշիի և բազմաթիվ այլ ռազմավարական բնակավայրերի առեղծվածային հանձնման փաստի առջև: