Foto

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանի «Միրաժ» հյուրանոց մոտ․ հայտնաբերվել է Սևանի թերակղզում կրակոցներ արձակողը

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին Երևանում «Միրաժ» հյուրանոցային համալիրի մոտ հայտնաբերվել և  ոստիկանության Սևանի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Բաբկեն Գ․-ն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է հուլիսի 29-ին Սևանի թերակղզու հարավային լողափի տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ արձակելու մեջ։ Կայքի տեղեկություններով՝ Բաբկեն Գ․-ն հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, և նրան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ին, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։