Դուք բոլորդ ականատես եղաք այն իրավական աբսուրդին, որ տեղի ունեցավ այսօր դատարանի նիստում. այն պայմաններում, երբ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը բացահայտ արգելում է կալանքից դուրս եկած անձին նորից կալանավորել առանց հիմքերի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով իրեն երեք ամսով կալանավորելու դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմանը:
«Այն պայմաններում, երբ դատախազությունը որպես խափանման միջոց առաջարկեց գրավը, այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրային հեղինակություն ունեցող անձինք երաշխավորություն էին ներկայացրել դատարանին, դատարանը կամայական, առանց որեւէ հիմնավորման, ես կասեի խելահեղ որոշում կայացրեց՝ երեք ամսով ինձ կալանավորելով: Սա այս երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է, այս երկրում չկա ոչ մի դատավոր, որ ինքնուրույն կարողանա այդպիսի խելահեղ որոշում ընդունի: Այս դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչակազմի ուղիղ պատվերը: Այս վարչակազմը, ենթադրելով, որ ինձ կալանավորելով կարող է լռեցնել իմ ձայնը, խորապես սխալվում է: Նույնիսկ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան իրենք ու իրենց ուսապարկերը: Իրենք ստրուկ են, ես ազատ մարդ եմ: Իրենք ազատ մարդուն չեն կարող լռեցնել: Ամեն ազատ մարդու հետեւից ուրիշ ազատ մարդիկ են գալու եւ ի վերջո, ստրուկներին երկրից դուրս են նետելու: Դատավորը այդ ստրուկներից մեկն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:









