Foto

Մարդիկ, որոնք կարող են վիժեցնել Հայաստանի թրքացման եւ Արցախի հայաթափման գործընթացը, մեկուսացվում են․ Քրիստինե Վարդանյան

Արգելքներ կիրառելով Սփյուռքի մեր գործիչների նկատմամբ՝ իշխանությունները փորձում են սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ: Այս մասի այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ասում են՝ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, բայց տեսնում ենք, որ այս իշխանություններն այդ վրեժխնդրության ճանապարհն են բռնել ու ամեն ինչ անում են, որպեսզի արգելված լինի իշխանություններ դեմ բողոքելը: Իրենց կարճ խելքով փորձում են մարդկանց, որոնց համար առաջնային է հայրենիքը, որոնք կամավոր մեկնել են հայրենիքը պաշտպանելու, վախեցնել ինչ-որ արգելքներով: Այդ արգելքը նրանք կիրառում են և Հայաստանի ներսում, և Սփյուռքի մեր գործիչների դեմ՝ այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ»,- ասաց նա: Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ իշխանությունները Փաշինյանին նույնականացնում են սրբության հետ, որի դեմ բողոքելը անթույլատրելի է, այդ պատճառով էլ մի քանի շաբաթ առաջ արգելել էին նաեւ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

«Որևէ հոդաբաշխ բացատրություն չեղավ: Փաստորեն նրանք Փաշինյանին նույնականացրել են պետության հետ և սրբություն դարձրել: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայ ազգի սուրբ կովն է ու իր դեմ  բողոքել չի կարելի: Այն բացատրությունը, որն իրենք տվել են, փաստում է, որ մենք գործ ունենք տարրական քինախնդրության հետ»,-ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ իշխանությունները, չբավարարվելով նոյեմբերի 9-ի փաստաթղթով, գնում են մի նոր նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման:

«Այժմ հայերի սև ցուցակ ունեն Ալիևը և Փաշինյանը: Իսկ ինչո՞ւ են այդ հետապնդումները հիմա սկսվել: Նայեք քաղբանտարկյալների ցուցակը և տեսեք, որ բոլոր քաղբանտարկյալները ընտրված մարդիկ են: Իշխանության ցանկանում է մեկուսացնել Այն  մարդկանց, որոնք ունակ են դիմադրության, ունակ են պայքարելու եւ վիժեցնելու Հայաստանի թրքացման եւ Արցախի հայաթափման գործընթացը, պետք է մեկուսացվեն»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի ԱԳՆ-ի դիմաց՝ Ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։