Foto

Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց

Երեւանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ օգոստոսի 3-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:

Հատկանշական է, որ հանրային մեղադրողն աաջարկեց Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ ցանկացած դեպքում խափանման  միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած. «Այս պայմաններում դատարանը, երբ քննարկում է  խափանման միջոցի հարցը, պետք է անդրադառնա հիմնավոր կասկածին»,- ասաց պաշտպանը՝  ընդգծելով, որ օրենքի հիման վրա ձեռք բերված ապացույց չկա այս գործով։

«Մեր կողմից մատնանշված որեւէ հիմնավորման դատարանը չանդրադարձավ: Սա որերորդ դեպքն է, որի վերաբերյալ մենք պարտաճանաչ ներկայացնում ենք միջնորդություններ, փաստական բազմաթիվ հանգամանքներ, դատարանը դրանցից ոչ մեկին չի անդրադառնում, հետո պնդում է անում, որ դատարանը գտնում է, որ առկա է խոչընդոտման բարձր ռիսկ եւ կալանք է կիրառում: Ինչու դատարանը հաշվի չի առել, որ այս ընթացքում Ավետիք Չալաբյանի կողմից որեւէ խոչընդտոման փաստ չկա»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։

Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»: