Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թվեր է հրապարակում աշխատատեղերի
վերաբերյալ և հայտարարում, որ հերթական պատմական ռեկորդն է գրանցվել։ Վերջին անգամ
նա նման հայտարարություն արեց հունիսի 23-ին կառավարության նիստում, նշելով՝ «Մայիս ամսին բացարձակ ռեկորդ է սահմանվել բոլոր
ամիսների համար։ Մայիսին ՀՀ-ում արձանագրվել է 673 224 վճարովի գրանցված աշխատատեղ»։
Ինչպես հայտնի
է՝ աշխատատեղերի «բացարձակ ռեկորդների» հետ կապված այսպիսի հայտարարություններ Փաշինյանը
հաճախ է հնչեցնում։ Նրանից հետ չի մնում Քերոբյան Վահանը, ավելին՝ երբեմն նույնիսկ
առաջ է ընկնում՝ շտապելով հայտնել աշխատատեղերի հերթական ռեկորդի մասին։ Սակայն, ինչպես
Փաշինյանը, այնպես էլ Քերոբյանը խուսափում են նույնպիսի էնտուզիազմով հրապարակել զբաղվածության
և գործազրկության ցուցանիշները։ Հենց սրանք են այն ցուցանիշները, որոնք ցույց են տալիս
աշխատանքի շուկայի իրական վիճակը։
Ի դեպ՝ այն, ինչ
Նիկոլ Փաշինյանն ու Վահան Քերոբյանը հայտարարում են հայտարարագրված աշխատատեղերի վերաբերյալ,
այդ շուկայի ընդամենը մի մասն է։ Աշխատանքի շուկան շատ ավելի լայն հասկացություն է,
որը շատ հաճախ անգամ պետական պաշտոնյաները շփոթում կամ հատուկ խառնում են հայտարարագրվող
աշխատատեղերի հետ։ Աշխատանքի շուկայի վերաբերյալ պատկերացում կազմելու համար կարևոր
են ոչ այնքան գրանցված աշխատատեղերը, որքան զբաղվածությունը, քանի որ պաշտոնական վիճակագրությունը
դրա հիման վրա է տալիս աշխատանքի շուկայի բնութագիրը։
Ներկայումս աշխատանքի
շուկայի վերաբերյալ հրապարակված վերջին ցուցանիշներն առաջին եռամսյակով են։ Կարելի
է ասել, դրանք ինչ-որ տեղ արդեն «հնացած են», բայց թույլ են տալիս պատկերացում կազմել
աշխատատեղերի «պատմական ռեկորդների» վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարությունների
ու իրական զբաղվածության միջև տարբերությունը։
Ի դեպ՝ այդքան
խոսվում է այս տարի գրանցվող աշխատատեղերի ռեկորդների մասին, բայց արի ու տես, որ պաշտոնական
վիճակագրությունը տարեսկզբին աշխատանքի շուկայի վատթարացում է արձանագրել, քանի որ
կրճատվել է զբաղվածությունը։ Տարվա առաջին եռամսյակում մեր երկրում ավելի քիչ մարդ
է զբաղված եղել, քան եղել էր անցած տարվա վերջին եռամսյակում։ Նշենք, որ ավելացել է
նաև գործազուրկների քանակը։
Ըստ պաշտոնական
վիճակագրության՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբաղված է եղել 1 մլն
70 հազար մարդ։ Ավելի շատ, քան այն գրանցված աշխատատեղերն են, որոնց մասին պարբերաբար
հայտարարում են Փաշինյանն ու Քերոբյանը։ Զբաղված 1 մլն 70 հազարի մեջ մտնում են նաև
գյուղացիները կամ գյուղացիական տնտեսություն վարողները, որոնք թեև գրանցված չեն, բայց
համարվում են զբաղված։ Հողի սեփականատեր լինելը նրանց դասակարգել է զբաղված քաղաքացիների
շարքում, չնայած դա բավարար պայման չէ, որպեսզի նրանք համարվեն աշխատանք ունեցող։ Ինչպես
հայտնի է՝ ցածր արտադրողականության հետևանքով բազմաթիվ գյուղացիներ հրաժարվում են մշակել
իրենց հողատարածքները։ Բայց դա չի խանգարում, որպեսզի պետությունը նրանց դասի զբաղվածների
շարքում։
Նշենք, որ զբաղվածների
քանակը մեր երկրում տարեսկզբի առաջին 3 ամիսներին կրճատվել է գրեթե 23 հազարով։ Դա
կապ չունի գյուղացիական տնտեսությունների հետ։ Բանն այն է, որ զբաղվածները պակասել
են աշխատանքը կորցնելու հետևանքով, ինչն ուղեկցվել է գործազրկության խորացմամբ։ Զբաղվածների
մի մասը համալրել է գործազուրկների շարքերը, մի մասն էլ հավանաբար հեռացել է երկրից։
Ամեն դեպքում, կրճատվել է աշխատուժի առաջարկը, որի գլխավոր պատճառներից մեկն արտագաղթն
է։ Ասել է թե՝ ավելացել է գործազրկությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին եռամսյակում
Հայաստանում գործազուրկ է եղել 186 հազար մարդ։ Սա կազմում է աշխատունակ բնակչության
14,8 տոկոսը։ Նախորդ տարվա վերջի համեմատ գործազուրկների քանակն այս տարվա սկզբին ավելացել
է 4,6 հազարով, իսկ մենք պարբերաբար լսում ենք աշխատատեղերի ռեկորդների, այն էլ՝ բացարձակ
ռեկորդների մասին։
Ըստ էության, բացարձակ ռեկորդները
ռեկորդներից տարբերվում են նրանով, որ դրանք գերազանցում են ոչ միայն նախորդ տարվա,
այլև ընդհանրապես բոլոր ժամանակների ցուցանիշները։ Բայց ինչպես տեսնում ենք, դրանից
գործազրկության ու զբաղվածության իրավիճակը միշտ չէ, որ բարելավվում է, երբեմն նույնիսկ
վատանում է, այնպես, ինչպես եղել է տարեսկզբին։
Ընդգծենք նաև,
որ զբաղվածության կրճատումն ու գործազրկության ավելացումը տարեսկզբին տեղի է ունեցել
բարձր գնաճի պայմաններում։ Շատ հաճախ, երբ խոսվում է գնաճի ու դրա հետևանքների մասին,
մոռացվում է, որ մեր երկրում բավական մեծ թվով գործազուրկներ կան։ Մարդիկ, որոնք ոչ
մի տեղ չեն աշխատում ու եկամուտ չեն ստանում։ Չաշխատելու պատճառն աշխատատեղ չլինելն
է, այդպիսի քաղաքացիների թիվը տարեսկզբին մեր երկրում եղել է 186 հազարից ավելի։
Այսօր ունենք
մի իրավիճակ, երբ աշխատունակ բնակչության գրեթե 15 տոկոսն աշխատանք չունի, ու դա լուրջ
խնդիր է, հատկապես այսպիսի բարձր գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։ Եթե
աշխատանք ունեցողներն են եկամուտ ստանալով աղքատանում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ
վիճակում են գտնվում նրանք, ովքեր համալրում են գործազուրկների շարքերը։
Ամփոփելով հավելենք,
որ առաջին հայացքից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության իրավիճակը
մեր երկրում բարելավվել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարվա առաջին եռամսյակում
մեր երկրում արձանագրել էր 207 հազարի հասնող գործազուրկների թիվ, այս տարվա առաջին
եռամսյակում՝ 21 հազարով պակաս։ Բայց դրան Վիճակագրական կոմիտեն հասել է նախորդ տարվա
որոշ ցուցանիշներ վերանայելու և փոփոխելու, կամ, ինչպես իրենք են ասում, ճշգրտելու
արդյունքում։
Արմեն Հովասափյան









