Ինչպես հայտնի
է՝ օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
ԼՂ հակամարտության հարցից տարանջատելու թեմային: Իր խոսքում նա շեշտել է, որ պետք է
ակտիվորեն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից
տարանջատելու տարբերակը: Գրիգորյանը նաև նշել է՝ կա գաղափար, մոտեցում,
որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի առանց ղարաբաղյան
խնդրի վերջնական լուծման։
«Մենք բազմիցս ենք ասել,
որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային
է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով,
որ Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման համար ռուսական զորակազմի առկայությունը
միջազգային երաշխիք է:
Նա նաև ընդգծել
է, որ այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի
դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է։
Կարևոր է փաստել,
որ Գրիգորյանի գնահատմամբ՝ «մեծ հաշվով Հայաստանն ընթանում է Ադրբեջանի հետ խաղաղության
պայմանագիր կնքելու ճանապարհով»։ Ի դեպ՝ ավելի վաղ Գրիգորյանը նաև հայտարարել էր, որ
Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, իսկ պատերազմի
ընթացքում ՊԲ-ին օգնելու համար Արցախ գնացած ստորաբաժանումների՝ Հայաստան վերադառնալու
գործընթացը կավարտվի սեպտեմբերին: «Հրադադարի
հաստատումից և Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո Հայաստանի ԶՈւ
ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղից տրամաբանական է»,- նշել էր նա: Վերջինս
իր խոսքում ավելացրել էր, որ, այնուամենայնիվ, Հայաստանից ՊԲ պայմանագրայիններ չեն
զորակոչվում, Արցախը տեղում է կազմակերպում պայմանագրայինների ներգրավումը:
Հատկանշական է
այն հանգամանքը, որ Գրիգորյանի վերը նշված դիտարկումները հաջորդել էին Իլհամ Ալիևի
ելույթին, որտեղ նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմից ավելի քան 1.5 տարի անց Հայաստանը
դեռ չի կատարել ստանձնած պարտավորությունները, մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարության
ներկայացուցիչը Բաքվում խոստացել էր, թե հայկական զորքերը մինչ հունիս դուրս կբերվեն
Ղարաբաղից։
Նշված մոտեցումներից
ու թեմայի վերաբերյալ նմանօրինակ դրսևորումները հերթական անգամ խոսում են այն մասին,
որ այս ամենը ՀՀ իշխանությունների ապիկար ու հակազգային քաղաքականության շարունակությունն
է, որտեղ հայկական կողմը քիչ-քիչ դառնում է ավելորդ խաղացող ու շարունակաբար զիջում
է իր բոլոր դիրքերը, ինչն ակներև է անզեն աչքով։
Ըստ ամենայնի՝
ԱԽ քարտուղարի վերջին երկու հայտարարությունները (նաև Արցախ Հայաստանից զինծառայողների չմեկնելու մասին) կոնկրետ
մեկ ուղղության վրա պետք է դիտարկել, գուցե ինչ-որ մի օր հնարավոր լինի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում
ինչ–որ քայլեր քննարկել կարգավիճակի հետ կապված, սակայն այս պահին Հայաստանը կենտրոնանում
է միմիայն իր՝ Հայաստանի խնդիրների վրա՝ սահմաններ, ճանապարհներ:
Հընթացս պարզ է
մի բան․ այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախի անվտանգությունը
և այնտեղ անվտանգային իրավիճակը բացառապես դրվում է խաղաղապահ զորակազմի վրա, ցանկացած
հարցի կարգավորման շուրջ ռուս-ադրբեջանական մակարդակում քննարկումների անհրաժեշտությունը
կմեծանա, սակայն կար նաև նշում, որ անվտանգությունն ապագայում պետք է կատարելագործվի։
Սրանում նաև ակնարկ կա ռուսական կողմին, թեև դրա մասին որևէ մեկը լրջորեն չի մտածում:
Սակայն տարանջատումը նպատակ ունի կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները և վերացնել
կախվածությունը Ղարաբաղյան հարցից: Այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշում կունենա
Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի հետ
իրենցից յուրաքանչյուրի հարաբերությունները դիտարկում են համակարգի մեջ, և, ամենայն
հավանականության, տարանջատմանը դեմ կլինեն։ Միանշանակ է, որ Ադրբեջանը ջանում է հարաբերությունները
կնքել իր համար լավագույն դիրքերով:
Մենք ապրում ենք
այն դաժան իրականության մեջ, որտեղ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները վաղուց են հրաժարվել Արցախից
և խաչ քաշել նրա վրա։ Ցավալի է, բայց այս ամենը պետք է դիտարկել այդ տրամաբանության
շրջանակում, ինչի դառը պտուղները քաղում ենք ամենօրյա ռեժիմով։
Արմեն Հովասափյան









