Միանշանակ ոչ
ոքի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչից զատ, իսկ գուցե ամենից առաջ
ստի վաճառական է և ի դեպ՝ լուրջ ու կայացած վաճառական։ Նա տարիներ, տասնամյակներ շարունակ
լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպես ճշմարտություն,
իրականը՝ որպես կեղծ, կեղծը՝ որպես բնօրինակ հանրությանը հրամցնելու գործում։ Իր բնավորության
համաձայն՝ նույն գործունեությունը էլ ավելի
փայլուն կերպով շարունակում է նաև պետության ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտության
տեղ մատուցվող նրա ստերն անսահմանորեն շատ են, բայց դրանց թվում կան հատկապես ու առանձնապես
այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակություն և կենսական ազդեցություն են թողնում
պետության ու հասարակության վրա։
Ասվածի օրինակ
կարող է հանդիսանալ, ինչու ոչ որպես մեծագույն սուտ կարող ենք քննարկել «Հայաստանի
ժողովրդավարական բրենդի» մասին ցնդաբանությունը, որը Նիկոլն ամեն առիթով ներկայացնում
է ոչ միայն ու ոչ այնքան՝ ներքին, որքան՝ արտաքին լսարանին, որի առաջին շարքերում նստած
արևմտյան դեսպանները սոովորություն ունեն լսելու ոչ թե ճշմարտություններ, այլ այն,
ինչը որպես ճշմարտություն ձեռնտու է իրենց երկրների այդրոպեական շահին։
Նմանօրինակ ֆեյք
«ժողովրդավարության» մասին դասական կուտը ներքին ու արտաքին շուկայում իրացնելուն զուգահեռ՝
Փաշինյանը հետևողականորեն կառուցում է անձնիշխանական այնպիսի համակարգ, որում կա միայն
մեկ տեսակետ, հնչում է միայն մեկ կարծիք, կայացվում է միայն մեկ որոշում, և այդ մեկի
հեղինակն ինքն է։ Կարևոր է շեշտել, որ Փաշինյանը դա անում է առանց ավելորդ ձևականությունների՝
նրբորեն, իսկ ավելի հաճախ՝ գռեհկաբար թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ բովանդակությամբ
ավտորիտար իր իշխանության դրսևորումներն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները։
Ահա «ժողովրդավարության բաստիոն» այս երկրում ղեկավարը հրահանգում է նախարարական աշխատասենյակներից
մինչև վերջին պահակակետը կախել սեփական լուսանկարները՝ մոռանալով, որ ժամանակին կրծքով
պայքարում էր այդ երևույթի դեմ։ Նա ամեն շաբաթ դպրոցի ուսմասվարի հպարտությամբ վայելում
է տեսարանը, թե ինչպես են տասնյակ կոստյումավոր տղամարդիկ և ոչ միայն տղամարդիկ հոտնկայս
դիմավորում իրեն կառավարության նիստերի մեկնարկին։ Ակնհայտ է, որ նա նման տեսարաններից
ոչ միայն ինքնահաստատվում է, այլ իր բառերով ասած՝ «հոգին փառավորվում»։
Ընդգծենք, որ
Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում միայն անձնիշխանության մակերեսային դրսևորումներով։
Նա այլևս ազատ է զգում իրեն վիրավորողին երկիր մուտք թույլ չտալու, իրեն քննադատողին
կալանավորելու, վերջինիս եղբորն էլ աշխատանքից ազատելու հարցում, որովհետև մինչ այդ
հասցրել է վնգստացնել դատավորների զգալի մասին, հնազանդեցնել երբեմնի ընդդիմադիր նույնքան
ՏԻՄ ղեկավարներին, ու այդպես շարունակ։ Ահա այսպիսի, ընդ որում, խորհրդարանական կառավարում
ունեցող երկրում այլևս զարմանալի չէ, որ դրա ղեկավարն ալկոհոլի ազդեցության տակ որոշում
է մանդատներից զրկել ընդդիմադիրներին, իսկ խումհարից հետո փոշմանում է ու մի ամբողջ
ԱԺ-ի դրդում զբաղվել իր իսկ որոշման չեղարկման ներկայացմամբ։ Դա հաճելի է, նա դրանից
կայֆ է ստանում։
Նշված դեպքերը,
ինչպես նաև շատ այլ չհիշատակված բազմաթիվ դրվագներ վկայում են այն մասին, որ Նիկոլ
Փաշինյանը հետևողականորեն ամրապնդում է սեփական անձի իշխանությունը և դա չի անում անգամ
սեփական կուսակցության իշխանության ամրապնդման միջոցով, որը խիստ վերապահումներով կարելի
կլիներ գոնե քաղաքական մոտեցում համարել։ Նրան հետաքրքրում է միայն ու բացառապես սեփական
անձը, որի բարդույթները բավարարում է պետության ու հասարակության հաշվին։
Փաստացի, Նիկոլը
կազմաքանդել է պետական կառավարման համակարգը՝ որպես իշխանության սուբյեկտ, իսկ իշխանության
թևերի տարանջատման՝ տարրական ժողովրդավարական սկզբունքը դարձրել է եթերային, ինչպես
դեսպաններ Վիկտորինի ու Թրեյսիի ժպիտները՝ հայկական ժողովրդավարության մասին հեքիաթի
հերթական ունկնդրման ժամանակ։
Ըստ էության,
Փաշինյանը կերտում է իր անձնիշխանությունը՝ ժողովրդավարական փաթեթավորմամբ։ Նրան չի
հուզում, որ այդ ընթացքում ժողովրդավարական փաթեթավորման գծով համաշխարհային գուրուները
փաթեթավորում են Հայաստանը՝ հարմար պահի այն լիկվիդացնելու նպատակով։ Այսօր Նիկոլը
Հայաստանը վաճառում է հենց լիկվիդացիոն արժեքով, որն իր համար արտահայտվում է սեփական
իշխանությամբ։ Արձանագրենք, որ պոտենցիալ գնորդներն առայժմ շռայլորեն վճարում են, դեռևս։
Արմեն Հովասափյան









