Foto

Տատանումները միշտ են եղել, քաղաքացին գումար չի կորցրել, նրա կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքը նվազել է․ ԿԲ

Կուտակային համակարգի մասնակիցների կենսաթոշակային հաշիվներում հաշվառվում են կենսաթոշակային ֆոնդերի փայեր, որոնց քանակը ոչ միայն չի նվազել, այլեւ անընդհատ աճում է, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական կարգավորման վարչության Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը։

«Ուղղակի մասնակիցների համար ավելի հասկանալի լինելու համար քաղվածքներում մնացորդը ներկայացվում է դրամական արտահայտությամբ, այսինքն այդ փայերի դրամական արժեքը։ Այս կիսամյակում այդ փայերի դրամական արտահայտությամբ արտահայտված արժեքն է նվազել, որը պայմանավորված է կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների վերագնահատված արժեքի նվազմամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է արտասահմանյան բաժնետոմսերի, պարտատոմսերի, ՀՀ պարտատոմսերի եւ դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի նվազմամբ»,– ասաց նա՝ հավելելով, որ առաջին կիսամյակում այն նվազել է միջինը մոտ 9 տոկոս, հուլիսի տվյալներով, արդեն որոշակի վերականգնում կա մոտ 1.5 տոկոսի չափով։

Վիգեն Շահնազարյանը նշեց, որ տատանումները միշտ եղել են, քանի որ կառավարիչները պարտավոր են յուրաքանչյուր օր իրականացնել ակտիվների վերագնահատում եւ դա արտահայտել այդ օրվա շուկայական գնով, այդ թվում արտարժույթային ակտիվները, արտարժույթային ավանդը կամ պարտատոմսական ֆոնդերում ներդրումները արտահայտել այդ օրվա փոխարժեքով։

«Մի կարեւոր բան եմ ուզում նշել՝ այդ այսպես կոչված վնասը՝ փայերի արժեքի նվազումը, ընդամենը վերագնահատման արդյունք է, հաշվարկային նվազում է, ոչ թե փաստացի իրացված վնաս։ Քաղաքացին գումար չի կորցրել, ուղղակի քաղաքացու կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքը նվազել է իմ նշած գործոններից ելնելով, որովհետեւ կառավարիչը այդպիսի պարտավորություն ունի՝ յուրաքանչյուր օր պետք է արտահայտի ամբողջ ակտիվները դրամական արտահայտությամբ եւ այդ վերագնահատման արդյունքում փայերի տատանումները բնական են, եթե հետևեք դրանց, ապա կտեսնենք, որ անընդհատ տատանվում են շուկայական արժեքով պայմանավորված»,– ասաց նա։

Վիգեն Շահնազարյանը նշեց, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ներդրումներն իրականացնում են օրենքով սահմանված կարգով եւ սահմանաչափերի ներքո պրոֆեսիոնալ կերպով, այդ կերպով օգտագործելով իրենց մայր ընկերությունների կարողությունները։ «Կարևոր է գիտակցել, որ այս կարճաժամկետ տատանումները հիմք չեն կարող հանդիսանալ ֆոնդերի կատարողականը գնահատելու համար, պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ կառավարիչները ներդրումներն իրականացնում են երկարաժամկետ ռազմավարությամբ»,–ասաց նա։

Հարցին, թե արդյոք քաղաքացին պետք է մտահոգվի, որ իր կուտակած գումարը կարող է իրեն չվերադարձվել, ԿԲ պաշտոնյան ասաց, որ օրենքի ողջ կարգավորումը ուղղված է նրան, որ այդ ռիսկերը նվազեցվեն, մասնավորապես՝ կան դիվերսիֆիկացիայի պահանջներ, իսկ դա նշանակում է, որ կառավարիչն իրականացնում է ներդրումներ ոչ թե տարբեր գործիքներում, այլեւ տարբեր երկրներում, տարբեր աշխարհամասերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։