Ռուսական ավիաընկերությունները 2026 թվականին ծրագրում են շահագործման վերադարձնել նախկինում կոնսերվացված ինքնաթիռներ՝ ուղևորափոխադրումների ծավալները պահպանելու նպատակով։ «Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված վերականգնման ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, և դրա շրջանակում նախատեսվում է շահագործման վերադարձնել 12 օդանավ տարբեր տիպերի։
Խոսքը վերաբերում է ինը Տու-204/214 ընտանիքի ինքնաթիռների, մեկ Ան-148-ի և երկու Իլ-96-ի, որոնցից մի քանիսի տարիքը մոտենում է 30-ին։ Ծրագիրը գործում է դեռ 2022 թվականից, և արդեն տասը օդանավ վերականգնվել ու հանձնվել են պատվիրատուներին, այդ թվում՝ Red Wings ավիաընկերությանը։ «Ռոստեխ»-ում նշել են, որ ևս երկու Տու-204 նախատեսվում է վերադարձնել շահագործման 2026–2027 թվականներին։
Բացի ռուսական արտադրության օդանավերից, շահագործման կարող են վերադարձվել նաև օտարերկրյա ինքնաթիռներ։ Մասնավորապես, 2026–2027 թվականներին կարող է կրկնապատկվել կանոնավոր չվերթներ իրականացնող երկհարկ Boeing 747 ինքնաթիռների թիվը։ Մասնագետների գնահատմամբ՝ այս քայլերը միտված են ավիատեխնիկայի պակասի լրացմանը․ 2024 թվականին ավիաընկերությունները փաստացի հասել են իրենց փոխադրական հնարավորությունների սահմանին, իսկ նստատեղերի միջին զբաղվածությունը ամռան պիկ շրջանում գերազանցել է 96 տոկոսը։









