Գվատեմալայի նախագահ Բեռնարդո Արևալոն հայտարարել է երկրի ամբողջ տարածում 30 օր ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես որոշում եմ ընդունել երկրի ամբողջ տարածքում 30 օրով պաշարողական դրության ռեժիմ սահմանել՝ սկսած այսօրվանից: Դրա նպատակն է երաշխավորել քաղաքացիների պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև գործի դնել պետության ամբողջ ուժը, առաջին հերթին՝ Գվատեմալայի Ազգային քաղաքացիական ոստիկանությունը և բանակը՝ ավազակախմբերի դեմ պայքարելու և նրանց ահաբեկչական գործունեությունը կանխելու համար», - հայտարարել է պետության ղեկավարն իր ուղերձում, որը հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ:
Նախագահն ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն զիջել քրեական կազմակերպություններին և կշարունակեն խիստ միջոցներ ձեռնարկել իրավակարգի վերականգնման համար: Նրա խոսքով՝ բռնության աճը դարձել է հանցավոր խմբերի պատասխանը բանտերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իշխանությունների գործողություններին։ Իսկ բանտերում ավելի վաղ տեղի էին ունեցել զանգվածային խռովություններ, գերի էր վերցվել 46 մարդ: Նախագահը հայտնել է, որ անվտանգության ուժերի համատեղ գործողությունների շնորհիվ պետությանը հաջողվել է լիովին վերականգնել վերահսկողությունը մի շարք բանտերի նկատմամբ և ազատել բոլոր գերի պահվող անձանց:
Գվատեմալայի օրենսդրության համաձայն, պաշարողական դրությունը կարող է ժամանակավորապես սահմանափակել կամ կասեցնել քաղաքացիական ազատությունները և ընդլայնել անվտանգության ուժերի լիազորությունները՝ ի պատասխան հասարակական կարգի սպառնալիքների։
Արևալոն նաև եռօրյա ազգային սուգ է հայտարարել հանցավոր խմբների հարձակումների զոհ դարձած ոստիկանների մահվան առնչությամբ:









