Ինչպես հայտնի
է նախօրեին համացանցում և սոցհարթակներում ակտիվորեն տարածվում էին հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահման կատարած
կիրակնօրյա այցը լուսաբանող լուսանկարներ։ Ըստ թուրքական պարբերականների՝ Քըլըչը նախօրեին
ժամանել է Կարս, որտեղ այցելել է Ռազմական պատմության թանգարան, ապա ուղևորվել է հայ-թուրքական
սահման՝ այցելելով Անիի ավերակներ և Հայաստանի հետ սահմանին գտնվող «Դողուքափը» անցակետ։
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ այցելության ընթացքում Քըլըչը հանդիպել
է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ և ունեցել է փակ բնույթի հանդիպումներ:
Ըստ էության՝
հիշյալ այցն ընդհանուր հայ-թուրքական գործընթացի մաս է, որի մեջ կարող են լինել՝ ինչպես
երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու խնդիրը, այնպես էլ՝ ուղիղ հայ-թուրքական
սահմանը բացելու հարցը։ Փաստացի այս այցն ուղղված է հայ-թուրքական գործընթացի շուրջ
ստեղծված իմիտացիան ևս մեկ դետալով «զարդարելուն»:
Ստեղծված իրավիճակում
բոլորս ականատեսն ենք եղել սինխրոն գործընթացների, երբ թուրքական կողմից այցելում են
հայ-թուրքական սահման, այստեղից Նիկոլ Փաշինյանն է այցելում սահման, խոսում ասֆալտապատման
մասին, և այլն: Միանշանակ է, որ Քըլըչի այցի հանրայնացումը թուրքական կողմից եկող նաև
որոշակի մեսիջ է, որով փորձում են ցույց տալ, թե գործընթացը ընթացքի մեջ է, քայլեր
են արվում։ Ահկ խոսքով՝ սա ուղերձ է և արտաքին աշխարհին, և հատկապես Հայաստանին:
Ի դեպ՝ չի կարելի
բացառել, որ Հայաստանից համանման ուղերձ էլ մոտ օրերս կուղարկեն թուրքերին համանման
այցի կամ ժեստի տեսքով, իսկ եթե այցը փակ լիներ,
դա արդեն այլ իրավիճակ է:
Այս ամենը գոյություն
ունեցող գործընթացն ավելի ամրապնդելու նպատակ ունի, ցույց տալու, որ Թուրքիան ավելի
հաստատակամ է իբրև թե առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու համար, բայց սրանք
փոքր դետալներ են, քանզի տվյալ փուլում որևէ լուրջ գործընթացի մասին և այս հարցում
չենք կարող խոսել, քանի որ լուրջ գործընթացը վերաբերում է թուրքական հայտնի նախապայմանին։
Լուրջ գործընթաց կարող ենք տեսնել Չավուշօղլուի վերջին հայտարարության մեջ, երբ նա
ևս մեկ անգամ բաց տեքստով հայտարարեց, որ «Ադրբեջանի հետ համապատասխանեցնում են իրենց
բոլոր քայլերը»: Իսկ այս այցը, գեղեցիկ նկարները և այլն, ավելի շատ իմիտացիան ավելի
ամրապնդելուն ուղղված քայլ է: Միանշանակ է նաև, որ առաջիկայում իրենց հռետորաբանությունը
կհարստացվի և մյուս հանդիպման ժամանակ կասեն, որ իրենք կոնկրետ քայլեր են անում, այցելում,
ուսումնասիրում են տեղում սահմանը, և այլն:
Այսօր ցավալի
ու անդառնալի է այն հանգամանքը, որ հայաստանյան իշխանությունները և նրանց ապաշնորհ
քաղաքականությունը ՀՀ-ն հասցրել է այն եզրագծին, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ից
ակնկալում են կոնկրետ քայլեր, իսկ այդ քայլերը թուրքական նախապայմանների իրականացումն
է, այսինքն՝ կոնկրետ ցավալի զիջումներ որոշակի հարցերի շուրջ: Թուրքերը, լինելով իրականում
հմուտ դիվանագետներ, այս խաղը տանում են դեպի պատային իրավիճակ, որից դուրս գալու համար
ՀՀ-ն պետք է համապատասխան քայլեր անի թուրքական գծած սցենարով։ Այսինքն՝ Հայաստանից
այլևս իմիտացիոն քայլեր, որոնք միտված են ժամանակ ձգելուն, Թուրքիան չի ակնկալում և
բավական կոշտ կարձագանքի նման քայլերին: Անկասկած հաջորդ արձագանքն ավելի կոշտ կլինի,
եթե ՀՀ իշխանությունները փորձեն իմիտացիոն քայլերով ձգել պրոցեսը, որովհետև Թուրքիային
ձեռնտու չէ ձգձգվող գործընթաց, Թուրքիային ձեռնտու է կոնկրետ արդյունք՝ նախապայմանների
հստակ իրականացում:
Կարևոր է վերջում
արձանագրել, որ այս ընթացքում պարբերաբար խոսվող հայ-թուրքական սահմանի բացման խոսակցությունները
ևս իլյուզիայի դաշտից է, քանի որ վստահաբար կարող ենք փաստել, որ սահմանի բացումը կամ
թե չէ թուրքական կողմի հետ ուղիղ շփումներ կլինեն միայն հայ-ադրբեջանական ուղիղ խնդիրների
կարևոր մասն ադրբեջանանպաստ ձևով լուծելուց հետո: Մինչ այդ, ուղիղ հայ-թուրքական քայլեր,
որոնք նաև Հայաստանին կարող են շոշափելի օգուտ կամ ապացույց լինել, որ գործընթացը,
իրոք, գնում է առաջ ու արդյունք է տալիս, չի լինելու, մինչև ադրբեջանանպաստ քայլերի
Հայաստանին չպարտադրեն:
Իրավիճակի ողբերգական
հատվածն այն է, որ ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը, ելույթները խոսում են այն
մասին, որ իրենք պատրաստում են հասարակությանը թուրքերի հետ «քիրվայության» գործընթացին:
Ասվածի փայլուն օրինակներից է օրերս ԱԽՔ-ի այն համարձակ հայտարարությունը, ըստ որի՝
սեպտեմբերին Արցախ այլևս զորակոչ չի ուղարկվելու, կամ Փաշինյանի հայտարարությունը՝
Բերձորն Ադրբեջանին հանձնելու մասին։ Փաստացի նման հռետորաբանությամբ ՀՀ անհայրենիք
իշխանությունը պատրաստում են հասարակությանը՝
թուրքանպաստ, ադրբեջանանպաստ քայլերի գնալու հարցում, իսկ էլ ավելի կործանարար է այն,
որ հասարակության մեծ մասը գոնե անտարբեր է և շարունակում է, պայմանական ասած, «գինու
փառատոնի» ռեժիմի մեջ ապրել:
Արմեն Հովասափյան









