Foto

ՀՀ տնտեսության տարօրինակ ու զավեշտալի պարադոքսը

Հանուն արդարության պետք է արձանագրենք, որ չնայած այն փաստին, որ մեր տնտեսության արտահանելի հատվածի գործերը վերջին ամիսներին այնքան էլ լավ չեն՝ կապված դրամի ամրապնդման հետ, այնուհանդերձ, ինչքան էլ տարօրինակ թվա, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է արտահանման տեմպի բավական բարձր աճ։ Ըստ էության՝ հինգ ամսվա տվյալներով, արտահանումն ավելացել է 27,5 տոկոսով։ Սա իշխանությանը հպարտանալու լավ առիթ է տվել, իսկ թե իրականում ի՞նչ կա թաքնված դրա տակ, ոչ մեկը չի ուզում խոսել։

Ստեղծված իրավիճակում աբսուրդայինն ու տարօրինակն այն է, որ արտահանումն աճել է Վերին Լարսում ստեղծված լուրջ դժվարությունների պայմաններում։ Ինչպես հայտնի է՝ բեռնափոխադրողները շաբաթներով հերթերի մեջ են մնում և չեն կարողանում ժամանակին իրականացնել մատակարարումները։ Թվում է, թե դրանից արտահանումը պետք է մեծապես տուժեր, բայց, ինչպես տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ, առաջընթաց տեմպերով ավելացել է։ Դա տեղի է ունեցել նաև տնտեսության արտահանելի հատվածի ամենակարևոր ոլորտում արտադրության ծավալների չնչին աճի պայմաններում, տվյալ դեպքում խոսքն արդյունաբերության մասին է։ Այն ժամանակ, երբ արտահանումը մեր երկրից ավելացել է 25,7 տոկոսով, արդյունաբերության աճը, որը պիտի լիներ ապրանքների հիմնական մատակարարը, կազմել է ընդամենը 2,7 տոկոս։ Դրանից բացի՝ գյուղատնտեսության մեջ, ինչն ապրանքների արտահանման մյուս կարևոր մատակարարն է, նույնիսկ անկում է գրանցվել։

Չնայած այն, որ մեր տնտեսության այս 2 առանցքային հատվածներում տնտեսական իրավիճակը բարվոք չէ, պաշտոնական վիճակագրության համաձայն, արտահանման բավական բարձր տեմպ ունենք։ Դրանում, իհարկե, մասնագետները տեսնում են վերարտահանման ազդեցությունը, երբ այլ երկրներից տարբեր ապրանքներ ներմուծվում են ՀՀ և ՀՀ-ից վերարտահանվում ռուսական շուկա։ Բանն այն է, որ պատժամիջոցներից հետո ռուսական շուկայում բազմաթիվ արտասահմանյան ապրանքների դեֆիցիտ է առաջացել, ու դա լավ հնարավորություն է ստեղծել տարբեր երկրների գործարարների համար՝ վերարտահանման միջոցով մատակարարումներ իրականացնել ու գումարներ վաստակել ռուսական շուկայում։ Դրանից, ըստ էության, օգտվում են նաև հայաստանյան, գուցե նաև ոչ հայաստանյան գործարարները։ Քանի որ հանգիստ կարելի է ընկերություն գրանցել ՀՀ-ում ու դրա միջոցով ներմուծումներ իրականացնել Հայաստան, իսկ հետո արտահանել ՌԴ։

Փաստ է այն, որ մեր արտահանման այս տարվա բարձր աճը բացատրվում է նաև սրանով, թեև դա կարծես սկսել են հասկանալ նաև պատժամիջոցներ կիրառող երկրները։ Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք կարող են դառնալ ռուսական շուկա պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մատակարար։

Հատկանշական է նշել, որ օրերս ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ ֆիննախի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր. «Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանել է որոշ ընդհանուր փոխաբեռնման կետեր, որոնց միջոցով, ինչպես հայտնի է դարձել, իրականացվում է սահմանափակված կամ վերահսկվող արտահանում դեպի Ռուսաստան և Բելառուս: Այդ կետերը ներառում են, բայց չեն սահմանափակում Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ուզբեկստանը»:

Մնում է հասկանալ, թե այս հայտարարությունից բխող հետևանքներն ինչպիսին կլինեն Հայաստանի համար։ Մինչ այդ արձանագրենք, որ արտահանումը մեր երկրից ավելանում է։ Տարվա առաջին 5 ամիսներին այն կազմել է 1 մլրդ 385 մլն դոլար, ինչը շուրջ 299 մլն դոլարով ավելի է նախորդ տարվանից։ Սրա մեջ, իհարկե, կա նաև դրամի ամրապնդման ազդեցությունը։ Դրամով արտահայտված մեր արտահանումն ավելի քիչ է աճել՝ շուրջ 16 տոկոս։ Բայց քանի որ պաշտոնական վիճակագրությունը հաշվարկները կատարում է դոլարով, ստացվում է, որ դոլարի փոխարժեքի անկումը և դրամի ամրապնդումը լրացուցիչ աճ է գրանցում մեր արտահանման հաշվին։

Մի քանի դիտարկմամաբ փորձենք հասկանալ, թե ինչի հաշվի էր ավելացել արտահանումը. 299 մլն դոլար աճից շուրջ 78 միլիոնը եղել է՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, 67 միլիոնը՝ ոչ թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի հաշվին։ Ընդհանուր այս երկու ապրանքախմբերի գծով արտահանումն ավելացել է 145 միլիոնով։ Մնացած 154 միլիոնից 37 միլիոնը բաժին է ընկնում պատրաստի սննդին, և 29 միլիոնը՝ հանքահումքային արտադրանքներին։

Նշենք, որ հանքահումքայինի մեջ հիմնականը պղինձն է։ Պղնձի արտադրության և արտահանման ծավալներն այս տարի նվազել են, բայց միջազգային շուկաներում ձևավորված բարձր գների պարագայում ունեցել ենք արտահանման աճ։ Սա մեր տնտեսության ու տնտեսական զարգացումների հետ մեծ հաշվով որևէ կապ չունի։ Հանքարդյունաբերության ոլորտում 5 ամսում արտադրության ծավալները բավական կտրուկ նվազել են՝ ավելի քան 12 տոկոսով։ Պղնձի խտանյութի արտադրությունն էլ կրճատվել է գրեթե 17 տոկոսով, չնայած դրան, միջազգային շուկաների բարձր գները նպաստել են, որ հանքահումքային ապրանքների արտադրության գծով ունենանք արտահանման աճ (վերջին շրջանում մետաղների, այդ թվում՝ պղնձի գները միջազգային շուկայում սկսել են նվազել)։ Ի դեպ չի բացառվում, որ առաջիկայում այս հանգամանքը հավանաբար իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտից արտահանման արձանագրվող աճի ցուցանիշների վրա։

Վերջում հավելենք, նաև, որ պատժամիջոցների հետևանքով մեծացել է արտասահմանյան ավտոմեքենաների պահանջարկը ռուսական շուկայում։ Հիմնականում ահա այս ոլորտների հաշվին է ավելացել արտահանումը։ Բայց դրանց զգալի մասում մեր տնտեսության մասնակցության աստիճանը շատ ցածր է։

Արմեն Հովասափյան