Foto

Խորքային վերլուծությունների և հետևությունների առիթ հանդիսացած այցը

Վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանի առաջնային քննարկվող հարցերից մեկը ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցն էր, որը տարբեր մեկնաբանությունների ու հնարավոր հետևանքների առիթ հանդիսացավ։  Նշենք նաև, որ ԱՄՆ գլխավոր հետախույզի այցը մի շարք վերլուծաբաններ պայմանավորեցին դրան զուգահեռ  Ջո Բայդենի՝ Մերձավոր Արևելք կատարած այցի, ինչպես նաև դրանից հետո օրերս՝ հուլիսի 19-ին Թեհրանում Վլադիմիր Պուտինի, Իբրահիմ Ռայիսիի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների հետ։

Ըստ էության, Բըրնսի տարածաշրջանային այցի իրական օրակարգն այդպես էլ մնաց փակ դռների ետևում։ Սակայն օրերս հայտնի դարձավ, որ տարածաշրջանից հետո Բըրնսը ԱՄՆ-ում մասնակցել է անվտանգության հարցերով Ասպենի համաժողովին։ Անվտանգային այդ համաժողովի Բըրնսի ելույթներից հատվածներ են տեղադրել մի շարք ԶԼՄ-ներ։

Պետք է արձանագրենք, որ Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում լրջորեն անհանգստացնում է բոլորին: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից, և Իրանը հրաժարվեց իր պարտավորություններից, Թեհրանը մեծացրել է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ հարստացված ուրան արտադրելու իր կարողությունը: Ըստ էության, այժմ նրանք կարող են դա անել ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում:

Փաստենք, որ Բայդենի Մերձավորարևելյան այցից հետո ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսրայելը և Սաուդյան Արաբիան ավելի սերտ կաշխատեն իրանական սպառնալիքի վրա, և լիահույս են, որ Իսրայելի և արաբական միապետությունների միջև հետագա նորմալացում կընթանա։  

Ըստ էության, Բըրնսը խոստովանել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Իրանում արված լուսանկարներն իրեն հիշեցրել են իր սպիտակ մազերի մասին: «Ես նոստալգիայի մեջ չեմ ընկնում, երբ նայում եմ նախագահ Պուտինի ու Խամենեիի նկարներին, քանի որ իմ սպիտակ մազերի մեծ մասը տարիների ընթացքում հայտնվել է ռուսների ու իրանցիների հետ բանակցություններից»,- շեշտել է նա: Բըրնսը նաև կարծիք է հայտնել, որ ՌԴ իշխանությունը նպատակ ունի վերականգնելու ազդեցության ոլորտները հարևան երկրներում և վերակազմավորելու «Ռուսաստանը որպես հզոր ուժ», բայց չի կարծում, որ դա «կարելի է անել առանց Ուկրաինայի վերահսկողության»:

Պետք է արձանագրենք, որ Ասպենի գագաթնաժողովում Բըրնսի ելույթի շեշտադրումները բացահայտում են նրա գործունեության թիրախները ու հնարավոր ոլորտները։ Ինչ վերաբերում է ելույթի շեշտադրումներին, ապա դրանք վերաբերում էին ՌԴ-ին, Իրանին, պատերազմին Ուկրաինայում և Մերձավոր Արևելքին, որտեղ Ռուսաստանն ու Իրանը համագործակցության նոր արմատներ են փորձում գցել։ Դա միանշանակ է, քանի որ այս համագործակցությունը չի կարող չանհանգստացնել Միացյալ Նահանգներին բանն այն է, որ բացի Սիրիայում համագործակցությունը, փորձ են անում ընդլայնելու Աստանայի ձևաչափը, որի արդյունքները խիստ կասկածելի են, սակայն այդ ամենն ունի հստակ հակաամերիկյան բնույթ։ Ի դեպ՝ այդ համագործակցությունը կարող է տարածվել նաև ուկրաինական ուղղությամբ, թեև այդ կասկածներն իրանական կողմը որոշ հայտարարություններով չեզոքացրեց։

Ինչպես հայտնի է՝ մի քանի օր առաջ Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հատկապես Իրանն ու Ռուսաստանը ցույց տվեցին իրենց շփման այդ կենտրոնական նպատակը՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ։ Սա ենթադրում է, որ Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարի նոր փուլ է լինելու այս թևի ու Արևմուտքի միջև։ Բըրնսի այցը տարածաշրջան ու Հայաստան՝ ՌԴ-ի գործընկեր, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ երկիր, ցույց է տալիս, որ ազդեցության նոր գոտիներ գծագրելու գործընթաց է գնալու և դեռ հայտնի չէ, թե ինչ նոր սահմաններ են լինելու, քանի որ դեռ ամեն ինչ նոր է սկսվում։ Իրանը հարավկովկասյան տարածաշրջան նոր հայտեր է ներկայացնում, այսպես կոչված, Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ դիրքորոշումներ է հայտնում, զուգահեռ՝ կա Մերձավոր Արևելքում թուրք-իրանական ուժերի միջև սրացումներ, սրանք գործընթացների նոր փուլեր են, ուստի Բըրնսի այցը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի այցը Հարավային Կովկաս, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ռեգիոնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցության խորացման դեմ պայքարելու համար։

Ըստ էության, միանշանակ դժվար է ասել՝ արդյո՞ք Բըրնսը Երևանում կամ Հարավային Կովկասում էր ռուսական կողմի հետ կոմունիկացիաների նպատակով, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Բըրսնի այցը լիովին տրամաբանական է ու տեղին։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ասպենի ժողովում արած նրա շեշտադրումներն իսկապես կողմնորոշիչ են և ցույց են տալիս նրա գործունեության ուղղությունները։ Այստեղ կարևոր է չմոռանալ, որ նա Ռուսաստանի, Իրանի հարցերով մասնագետ է, որը կատարում է ոչ միայն հետախույզի գործառույթներ։ Այնպես, որ այդ այցը նպատակ ուներ նաև կանխել ռուս-իրանական մերձավորարևելյան «ընդլայնումը» դեպի Հարավային Կովկաս, դրան զուգահեռ նաև կառավարել ԱՄՆ-ի համար այդ կողմից եկող սպառնալիքները։

Արմեն Հովասափյան