Foto

Չալաբյանին պատժելով, իշխանությունը փորձում է հեռու պահել նրան քաղաքական մրցակցությունից. Սողոմոնյան

Ավետիք Չալաբյանի գործին առնչվող ապօրինությունները հերթական անգամ ապացուցում են, որ Հայաստանում խախտված է սահմանադրական կարգը, մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորություններն ուզուրպացված են: Այս մասին Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյան:

Վերջինս, ի ապացույց իր խոսքի, երեք փաստ նշեց:

Առաջին, ապացույցը թե՛ ՔԿ-ի, թե՛ Դատախազության կողմից քաղաքական պատվերների կատարումն է:

Երկրորդ, որ իշխող ՔՊ-ն ՔՕ-ում փոփոխություններ է կատարում՝ հանուն նրա, որ Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը պարունակի հանցակազմ և երրորդ՝ ԿԲ-ն իշխանության թելադրանքով աշխատանքից հեռացնում է Ավետիք Չալաբյանի եղբորը.

«Ապօրինությունների և Սահմանադրության խախտումների այս միտումը խորանալու է, քանի որ ՀՀ գործընկեր կառույցները խրախուսում են այս ամենը:

Խոսքը, հատկապես, վերաբերվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի այն հայտարարությանը, որ իր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այս հայատարարությունը կանաչ լույս է վառում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր բռնաճնշումներ և քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:

Ըստ նրա՝ Ավետիք Չալաբյանին «պատժելու» քաղաքական պատճառները երկուսն են՝ որ նա քաղաքական հակառակորդ է հանդիսանում Նիկոլ Փաշինյանի համար, երկրորդ ՝նրա քաղաքական օրակարգը հակընդդեմ օրակարգ է այն վտանգավոր օրակարգին, որով շարժվում է գործող իշխանությունը.

«Ավետիք Չալաբյանին պատժելով՝ իշխանությունները փորձում են նրան հեռու պահել քաղաքականությունից և քաղաքական մրցակցությունից»,-ասաց Սողոմոնյանը: