Վերջին
ամիսներին դրամն առնվազն 15 տոկոսով արժևորվել է։ Նախկինում դոլարի փոխարժեքը հիմնականում
480-490 դրամի սահմաններում էր, իսկ հիմա 410-420 դրամի։ Երեք ամսվա ընթացքում դոլարի
փոխարժեքը նվազել է առնվազն 70 դրամով, ինչն իր հերթին սթրեսի է ենթարկել տնտեսությանը։
Ամենադաժան երազում անգամ քչերը կարող էին պատկերացնել, որ տարադրամը Հայաստանում այսքան
կէժանանա։
Նշենք, որ նախկինում պարբերաբար
եղել են դոլարի որոշակի թուլացման և դրամի ամրապնդման երևույթներ, բայց այն երբևէ այս աստիճանի չէր հասել։ Ավելի հաճախ արձանագրվել է ազգային արժույթի թուլացում, և փոխարժեքները
միշտ էլ հակվածություն են ունեցել դրամի արժեզրկման ուղղությամբ։ Վերջին ամիսներին
հակառակ պրոցեսն է տեղի ունենում. դրամն անսպասելի և մեծ չափով արժևորվել է տարադրամի
նկատմամբ։
Ըստ էության՝ ԿԲ-ն կարող
էր դա թույլ չտալ և այս պրոցեսը կանխելու
համար անհրաժեշտ էր ընդամենը շրջանառության մեջ ավելացնել դրամի զանգվածը և ներքաշել
ավելցուկային տարադրամը։ ԿԲ-ն որոշ գնումներ կատարել է արժութային շուկայում, բայց
ոչ այն ծավալով, որը կարող էր թույլ չտալ, որպեսզի դրամն այսքան ամրապնդվի։ Վերջերս
հայտարարվեց 100 մլն դոլարի գնման մասին։ Իրականում չի բացառվում, որ ավելի շատ է գնվել,
բայց դա չի բավարարել փոխարժեքի շուկայում տեղի ունեցող դրսևորումները կանխելու համար։
Տարադրամի ավելցուկը շուկայում շատ ավելին է, քան ԿԲ-ն ներքաշել է։
Հարց է առաջանում, թե
ինչո՞ւ Կբ-ն հակված չի եղել ավելի շատ տարադրամ գնել և կանխել փոխարժեքների անկումը,
նշենք, որ դրա պատճառները տարբեր են։ Նախ՝ ամերիկյան արժույթը համաշխարհային տնտեսության
մեջ կորցնում է պահանջարկը, և հարց է առաջանում, պե՞տք է արդյոք դոլարի հետագա կուտակում,
թե՞ ոչ։ Առավել ևս, որ մեծանում է գայթակղությունը այլ՝ հատկապես ազգային արժույթներով
առևտրի նկատմամբ։ Տարադրամի այսպիսի արժեզրկում թույլ տալու մյուս կարևոր գործոնը
բարձր գնաճն է։ Դրսից թելադրվող գնաճի պարագայում ազգային արժույթի ամրապնդումը ամենաարդյունավետ գործիքն է, որը կարող է ազդել գների վրա։ Այդ գործիքը միշտ չէ, որ
լիարժեք գործում է, բայց բոլոր դեպքերում թողնում է իր ազդեցությունը. առնվազն զսպում
է գների հետագա բարձրացումը։
Ըստ էության՝ հենց նման
սկզբունքով էլ առաջնորդվել է Կենտրոնական բանկը՝ թողնելով, որպեսզի տարադրամի գներն
այսքան նվազեն։ Հակառակ պարագայում հիմա գնաճը մեզ մոտ շատ ավելին կլիներ, քան կա (չնայած
հիմա էլ ցածր չէ)։ Նույնիսկ այդքանից հետո գնաճի միջին ցուցանիշն անցնում է 10 տոկոսից,
և սպասվում է, որ առաջիկայում դեռ կշարունակի բարձրանալ։ Գնաճի դեմ պայքարելու համար
նախկինում ԿԲ-ն գերադասում էր օգտագործել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վերջին
ամիսներին նախապատվությունը տալիս է հատկապես դրամի ամրապնդմանը։ Դրամի ամրապնդումը
նպաստավոր գործոն է գնաճը զսպելու առումով, սակայն այն նաև լուրջ խնդիրներ է ստեղծում
տնտեսության արտահանելի և ոչ միայն արտահանելի հատվածի համար։ Դրամի ամրապնդումը խթանում
է ներմուծումը, փոխարենը՝ թուլացնում է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Այնպես
չէ, որ դա միայն դրսում է արտահայտվում։ Տեղական արտադրանքի մրցունակությունը թուլանում
է նաև ներքին շուկայում։ Այն դուրս է մղվում և փոխարինվում ներմուծվող ապրանքներով,
որովհետև ներմուծումն ավելի ձեռնտու է դառնում, քան տեղում արտադրություն կազմակերպելը։
Ի դեպ՝ ներմուծման ակտիվացում
արդեն տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ։ Ունենք էական աճ. 5 ամսում ներմուծումները
Հայաստան ավելացել են 42 տոկոսով։ Դրանում որոշակի դեր ունեցել են նաև վերարտահանումները,
որոնց հնարավորությունները բացվել են հատկապես ռուսական շուկայում, բայց առկա է նաև
դրամի ամրապնդման ազդեցությունը, ինչը բերել է ներմուծվող ապրանքների մրցունակության
բարձրացման։ Սա լուրջ վտանգ է ներքին տնտեսության համար։
Չնայած այն հանգամանքին,
որ վերջին շրջանում հաճախակի խոսվում է դրամի ամրապնդման ազդեցությունների մասին, այնուհանդերձ
հիմնական շեշտադրումը կատարվում է արտահանմանն ուղղված տնտեսական հատվածի կորուստների
վրա։ Արտաքին շուկաներում սա դժվարություններ է ստեղծում, բայց քիչ խնդիրներ
չի ստեղծում նաև ներքին շուկայում իրացվող տեղական ապրանքների համար։ Դրանք թանկանում
են, փոխարենը՝ տարադրամի այսպիսի էժանացնումն էական ազդեցություն է թողնում ներմուծման
գների կրճատման վրա։ Եթե նախկինում նույն ապրանքը ներմուծելու համար ներկրողները ստիպված
էին դոլարը ներքին շուկայում ձեռք բերել 480-490 դրամով, հիմա ձեռք են բերում
410-420 դրամով։ Այս գործոնի արդյունքում ներմուծումն առնվազն 15 տոկոսով շահում է։
Դա միշտ չէ, որ հանգեցնում է գների նվազեցման, բայց ինչ-որ չափով կանխում է հետագա
թանկացումը և բարձրացնում է ներքին շուկայում ներմուծվող ապրանքների մրցունակությունը։
Ստացվում է, որ տեղական արտադրողը տուժում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայում,
դրան զուգահեռ շահում է ներմուծումը։
Կարևոր է արձանարգրել,
որ ընդհանուր այս «շիլայի» մեջ էական էր, որ փոխարժեքների ազդեցությունը վերջին մի քանի
ամիսներին չկար ռուսական շուկայում, այլապես հիմա տնտեսությունը կաթվածահար վիճակում
կլիներ։ Նախկինում տնտեսության աճի հետ կապված մտահոգությունները պայմանավորված էին
հիմնականում ռուբլու արժեզրկմամբ, բայց ռուբլին կարողացավ դիմանալ։
Ըստ էության՝ թե ՀՀ տնտեսությունը
որքան կդիմանա այս իրավիճակին, ցույց կտա ժամանակը: Բայց որ այսպես չի կարող երկար
շարունակվել, միանշանակ է։ Տնտեսությունը խրվում է ճահիճը, որը կարող է հանգեցնել շատ
մեծ կորուստների։
Արմեն Հովասափյան









