Foto

Լեթարգիական փսիխոզ կամ պետության վախճանը

Ըստ էության, երբ երկրում իշխանությունն անհայրենիք է ու հակազգային, նրա իրականացրած քաղաքականության հիմնական մասն ուղղված է լինելու սեփական պետության ու հասարակության դեմ։ Վերջին 4,5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայաստանյան հասարակությանը ոչ միայն պառակտեց ու դարձրեց իր գրպանին ու քիմքին հարմար, այլ կարողանում է մի ձեռքի շարժումով ծառայացնել։ Կասկածից վեր է, որ դիակապտողների հասարակության նպատակը մահն է՝ անհատական և հավաքական մահը, որի վերջնարդյունքը լինելու է պետության վախճանը։

Այսօրվա հայաստանյան իրականությունն այն է, որ հանրային բարոյականության տարրական սահմանագծերը խախտվում են այնքան, որ կյանքի նկատմամբ հարգանքը տրորած լինելով՝ անարգվում է նաև մահը, ու հենց դրանով էլ հասարակությունն անցնում է անդառնալիության կետը։ Նման հանրությունը չի կարող պետություն ունենալ, որովհետև ամենայնից զատ՝ պետությունը կյանքի խորհրդանիշ է, ոչ թե մեռելներին ծաղրելու տարածություն։

Ասվածից կարող ենք եզրահանգել, որ պետություն չի կարող լինել նաև, որովհետև այն ղեկավարողները՝ սեփական գերեզմանների պղծումն անխուսափելի համարելով՝ քաջալերում են դիակապտության փսիխոզը։

Գաղտնիք չէ, նաև, որ Հայաստանն այսքան ու այսպես բարոյազրկվել է տոտալ անարժանապատվության պատճառով։ Իսկ անարժանապատվությունը սուբլիմացվում է պետության ամենավերևից մինչև շարքային ստորաքարշը, որովհետև սեփական արժանապատվությունը թշնամու առաջ փալաս դարձրած ամենավերևում գտնվողին պետք է, որ պետությունն ու հասարակությունն ամբողջությամբ թաթախվի անարժանապատվության մեջ։

Մեր իրականությունը ցավոտ է և ողբերգական, սակայն, փաստացի, հանրային արժանապատվության նշաձողն իջել է սոցցանցային ստատուսի մակարդակի. մի քանի տող ցասում, և արժանապատվությունը՝ պաշտպանված, անելիքն արված է համարվում։ Հասարակությունն ապրում է զոհից զոհ վիրտուալ գիրն ավելի պաթետիկ դարձնելու ինքնախաբեությամբ։ Մարդիկ մահանում են, ավելի հաճախ՝ սպանվում, իսկ հասարակության պատասխանը մնում է եթերային դատաստանի տիրույթում, որն անէանում է ամեն հաջորդ օրվա հետ։

Աներկբա է, որ այսօր մենք վերածվել ենք ոչ միայն ողջերին հանձնող, այլ նաև մահացածներին տեր չկանգնող հասարակության, հանձնելը մեզ համար դարձել է կենսակերպ՝ անկախ նրանից՝ դա վերաբերում է հողի հանձնելո՞ւն, թե՞ այդ հողը հայրենիք դարձնող մարդկանց։ Համազգային անարժանապատվությունը ծնել է ամենաթողություն, որի մենաշնորհը, ինչպես մենաշնորհների մեծ մասը, պատկանում է արժանապատվությունն իշխանության հետ փոխածին։

ՀՀ-ում պետականությունը տապալածի իշխանության հիմքը, սակայն, ոչ թե հազարավոր ոստիկաններն ու թիկնապահներն են, այլ հասարակության անարժանապատվությունը, որովհետև արժանապատվություն ունեցող համայնքը նման ստորացում չէր հանդուրժի։ Մահից մահ ու զոհից զոհ այդ անարժանապատվությունը խորանում է, այսինքն՝ մեծանում է անարգողի իշխանության  հիմքը։

Ըստ էության, Հայաստանը գտնվում է անհատակ գահավիժման ինքնահոս ճանապարհին, որովհետև դրանում ապրողներն իրենց թույլ են տվել իջնել այնքան ու այնպես, որ մասնակցել են դագաղների փողոցային կառնավալին։

Իսկ դագաղով բերված սիրո ու հանդուրժողականության վերջը միանշանակ դագաղն է։ Դա պետք է հիշեն դիվային ծիծաղող հրճվողները։

Արմեն Հովասափյան