Foto

Սա դիվանագիտական խաղ չէ, սա շատերի համար կյանքի ու մահվան հարց է․ Ժոզեպ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հուսով է, որ հացահատիկի հարցով բանակցությունները կհանգեցնեն Ուկրաինայի նավահանգիստների ապաշրջափակմանը արդեն այս շաբաթ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ ապահովենք հացահատիկի արտահանումը այլ ճանապարհներով, այդ թվում՝ համերաշխության միջանցքներով Սև ծովով՝ Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով։ Բայց դա բավարար չէ։ Հուսով եմ, որ այս շաբաթ հնարավոր կլինի համաձայնության հասնել Օդեսայի նավահանգստի և Ուկրաինայի այլ նավահանգիստների ապաշրջափակման շուրջ: Հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը կախված է այդ համաձայնագրերից։ Սա դիվանագիտական խաղ չէ։ Սա շատերի համար կյանքի ու մահվան հարց է»,- ասել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակություններն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները հուլիսի 13-ին «հացահատիկի հարցի» շուրջ բանակցել են Ստամբուլում։

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիր չկա, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։