ՀՀ-ում գրեթե ոչ մեկի
համար այլևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է ավտորիտարիզմի
ճանապարհը։ Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում նրա գրեթե բոլոր քայլերն
ուղղված են սեփական անձնիշխանության ամրապնդմանը և կապիտալի վերաբաշխմանն այնպես, որ
ինքը դառնա դրա թիվ մեկ շահառուն։ Հենց այստեղ կարևոր է արձանագրել, որ ճակատագրի հեգնանքով,
իսկ իրականում՝ քաղաքական օրինաչափությամբ դա անում է մեկը, ով իշխանության է եկել
«դիկտատուրայի դեմ պայքարի» ու «թալանը վերացնելու» խոստումներով։
Հստակեցնենք գլխավոր հանգամանքներից
մեկը. Նիկոլ Փաշինյանն այդ առումով միակը չէ. աշխարհի բազմաթիվ երկրներում
ժողովրդական ընդվզման, հեղափոխական կամ պսևդոհեղափոխական ալիքների արդյունքում իշխանության
են եկել գործիչներ, որպես կանոն՝ պոպուլիստ, որոնք իշխանության գալուց առաջ խոստացել
են վերացնել արատները, բայց կարճ ժամանակ անց իրենք են դարձել այդ նույն արատների կրողներն
ու շահառուները։ Ակադեմիական շրջանակներում այս երևույթը բնորոշվում է՝ որպես կորզող
մեկ համակարգը մեկ այլ կորզող համակարգով փոխարինելու երևույթ։
Իսկ հիմա ամենաթարմ իրադարձության
մասին․ բոլորս ենք հիշում, թե ինչպես էր 5 տարի առաջ, խորհրդարանի ամբիոնը գրկած Նիկոլը կոկորդ պատռում, թե «քաղաքացին
տուգանքի մատերիալ չէ»։ Ահա այս պոպուլիստական կարգախոսի կնքահայրը կառավարության այսօրվա
նիստում որոշում կայացրեց ճանապարհային խախտումները տեսանկարահանող «Սեքյուրիթի դրիմ»
ընկերությունը գործնականում պետականացնելու մասին։ Դա, իհարկե, տեղի է ունենալու զանազան
խրթին իրավական ձևակերպումներով, սակայն երևույթի իմաստը դրանից չի փոխվում. տեղի է ունենում մասնավոր
բիզնեսի պետականացում: Այլ խոսքերով՝ պետությունը՝ տվյալ դեպքում Փաշինյանը, խլում
է մասնավոր բիզնեսը։ Այսինքն՝ նա առաջնորդվում է ոչ թե «քաղաքացին տուգանքի մատերիալ
չէ», այլ «քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է, պարզապես տուգանքի գումարը ես պետք
է ստանամ» սկզբունքով։
Ի դեպ շատ կարևոր է ֆիքսել,
որ սա մասնավոր բիզնեսի պետականացման կամ խլման միակ օրինակը չէ։ Ինչպես հայտնի է՝
2022-ին կառավարությունը «պետականացրեց» ԶՊԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը՝ հայտարարելով,
թե այլևս դրա սեփականատերը «ժողովուրդն է»։ Եթե շարժվենք նիկոլական տրամաբանությամբ,
ապա քանի որ ինքը «ժողովրդի վարչապետն է», հետևաբար՝ ինքը ժողովուրդն է, այսինքն՝ իր
սեփականությունը ժողովրդի սեփականությունն է հայտարարություններում, բայց ժողովրդի
սեփականությունն իր սեփականությունն է գործնականում։
Եթե ներկայացնենք տեղի
ունեցածն իրականում, այն, ինչ անում է Նիկոլը, լրջագույն հարված է ազատական տնտեսությանը,
ազատ շուկայական հարաբերություններին։ Փաշինյանը կառավարության որոշումներով բռնաբարում
է ազատականության հիմքը՝ մասնավոր սեփականության ինստիտուտը, ինչը լրջագույն ու անդառնալի
վնաս է հասցնելու Հայաստանի՝ առանց այն էլ չեղած ներդրումային գրավչությանը։ Բայց բիզնեսների
պետականորեն խլման այս դեպքերը միայն կապիտալի վերաբաշխման ու Նիկոլ Փաշինյանի հարստացման
խնդիրները չեն լուծում։ Իրականում այս գործընթացն օրգանական կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի
կողմից ներքին քաղաքականության ոլորտում կատարվող քայլերի հետ, որոնք միտված են նրա
քաղաքական իշխանության, անձնիշխանության ամրապնդմանը։ Նա հետևողականորեն վերացրել ու
շարունակում է վերացնել ժողովրդավարության հիմնասյուները համարվող հակակշիռների ու
փոխզսպումների համակարգերը, հաստատել է գործնականում մեկ անձի իշխանություն։ Նրա ներքաղաքական
սանձարձակությունը հասել է այնտեղ, որ ցանկանում է մանդատներից զրկել ընդդիմադիր պատգամավորներին։
Կապիտալի վերաբաշխումն ահա այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Փաստացի, Փաշինյանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ,
որ եթե երկրում կա իշխանության մեկ սուբյեկտ՝ ինքը, ապա պետք է լինի նաև կապիտալի մեկ
կրող՝ կրկին ինքը։
Ըստ էության, ինչպես քաղաքական, այնպես
էլ տնտեսական կյանքում կատարվող այս գործընթացները, իհարկե, փաթեթավորվում են ամենատարբեր
«ժողովրդավարական ընթացակարգերով», բայց դրանից տեղի ունեցողի հակաժողովրդավարական
բովանդակությունը չի փոխվում։
Հատկանշական է այն, որ
նշված գործընթացները տեղի են ունենում «առաջադեմ աշխարհի», հավաքական Արևմուտքի լռության,
իսկ ավելի հաճախ՝ աջակցության պայմաններում։ Որևէ այլ երկրում, որտեղ արևմտյան կառույցները
չունենային աշխարհաքաղաքական շահեր, ժողովրդավարության դեմ կատարվող նման քայլերը կարժանանային
ամենասուր քննադատության, գուցե անգամ՝ պատժամիջոցների։ Բայց Հայաստանում դրանք արժանանում
են արևմտյան դեսպանների խոնարհվող ողջույններին ու ծափահարություններին, ինչը նշանակում
է, որ Արևմուտքը Փաշինյանի ավտորիտարացման համար ստանում է իր վճարը, բնականաբար, ոչ
թե Նիկոլի, այլ Հայաստանի և քաղաքացիների հաշվին։
Ստեղծված զարգացումներն,
ըստ էության, ձեռնտու է նաև ՌԴ-ին, քանի որ եվրասիական ավտորիտարիզմի տարածքում
կայանում է ևս մեկ դիկտատոր, որը, սակայն, իշխանության է եկել «հեղափոխության միջոցով»։
Ի դեպ՝ սա հրաշալի օրինակ է այլ հետխորհրդային երկրներին ցույց տալու համար, թե ինչի
են հանգեցնում գունավոր հեղափոխությունները։
Արմեն Հովասափյան









