Foto

Աշխարհաքաղաքական բախումների հնարավոր ռեզոնանսները

Այն փաստը, որ հարավկովկասյան տարածաշրջանն իր կարևորությամբ դառնում է գործոն, խոսում է սպասվող առանցքային վերադասավորումների մասին։ Միանշանակ է, որ այստեղ հատվող ածխարհաքաղաքական շահերը գնալով էլ ավելի են թանձրանում։ Վերջին շրջանում ԱՄՆ-ից ստացված մեկնաբանություններն էականորեն կարևոր են՝ ամբողջացնելու համար ՀՀ շուրջ վերջին տարիներին գեներացվող «աշխարհաքաղաքական փազլը»:

Եվ այսպես, ըստ Վաշինգտոնի՝ հայ-թուրքական երկխոսությունը կարևոր է Ռուսաստանի պատերազմի ֆոնին։ Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է հայ-թուրքական բարձրաստիճան հեռախոսազրույցին ու հայ-թուրքական երկխոսությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: «Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի՝ մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքում:

Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխությունից հետո, ՀՀ այցելած Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ծրագրել է հեղաշրջումներ արտասահմանում, և հիշեցրել է Վենեսուելայի դեպքում ընդդիմության անհաջողությունը:

Ներկայացնենք Բոլթոնի հայաստանյան այցից հետո մի շարք կարևոր թեզեր, որոնք բավական կասկածելի հանգամանքներում անուշադրության էին մատնվել։  «Կարծում եմ՝ իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ, եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը»:

Ըստ էության, Բոլթոնը Փաշինյանին բաց տեքստով հրավիրել է դառնալ տարածաշրջանային իրողությունների վերանայման գլոբալ նախագծի մաս, որը նախատեսում է ոչ միայն իրանական գործոնի ոչնչացում, այլև աշխարհաքաղաքական պլան Մերձավոր Արևելքի փոխակերպման համար, որտեղ Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետևողական դաշնակիցն է։ Հետևելով դեպքերի հետագա զարգացումներին՝ ակնհայտ է դառնում, որ Նիկոլը ոչ միայն համաձայնվել է դառնալ այդ մեծ պլանի մի մասը, այլ նրա վրա հստակ գործառույթներ են դրված, որոնք նա գլխիկոր իրականացնում է, ու, ինչպես երևում է ընդհանուր ընթացքից՝ իրականացնում է բավական բարձր մակարդակի։

Ընդհանուր առմամբ ստացվում է, որ նույն Բոլթոնի ծրագրով Հայաստանը պետք է ձերբազատվեր «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ դուրս գար ռուսական ազդեցությունից և հայտնվեր արևմտյան ազդեցության գոտում։ Եվ քանի որ Թուրքիան տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի» և հավաքական Արևմուտքի օպերատորն է, Փաշինյանին, փաստացի, առաջարկվել է մտնել թուրքական շահերի ուղեծիր։

Հիմա խոսենք ավելի վտանգավոր և միանշանակ ՀՀհամար բավական մեծ ռիսկ ներկայացնող թեմայի մասին. բանն այն է, որ դիվանագետը, փաստացի, առաջ է քաշում մի գաղափար, որ Հայաստանը դառնա Իրանի դեմ ուղղված քայլերի մասնակից՝ չբացառելով հայ-իրանական սահմանի փակումը, ինչի մասին ավելի ուշ ԱԺ ամբիոնից խոսեց  Փաշինյանը: «Բոլթոնի պլանը» նախատեսում էր նաև այն, որ Հայաստանը պետք է գնա զիջումների ղարաբաղյան հարցում՝ «մինչ այդ իր հասարակությանը նախապատրաստելով խաղաղության»։

Ըստ էության, միջազգային դիվանագիտությունը շարունակում է իր բացասական ավանդույթները և փորձում է անգամ երկկողմ հարաբերությունները հարևան երկրների միջև վերածել իր անձնական շահերի ու անձնական մեծ քաղաքական խնդիրների սպասարկման, այն էլ՝ հայ-թուրքական հարաբերությունը, որը դարերի կնճռոտ խնդիրներից մեկն է: Նման գործունեությամբ արևմտյան ուժերն ու ԱՄՆ-ը ցույց են տալիս, որ առնվազն անկեղծ չեն իրենց խաղաղասիրական և այս տարածաշրջանում լարվածության թուլացմանը միտված քայլերում:

Եթե փորձենք ներկայացնել ընդհանուր գնահատականներ, ապա Հայաստանի հետ կրկնվում է այն ճակատագրապաշտական խնդիրը, որ դարեր շարունակ մեզ ուղեկցել է՝ Հայաստանը դառնում է մեծ ուժերի պայքարի՝ քաղաքական, ռազմական, թատերաբեմ:

Ինչպես հայտնի է՝ գաղտնիք չէ, որ այս տարածաշրջանում ամենաէական ազդեցությունն ունի ՌԴ-ն, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, և այդ հարաբերություններում գոյություն ունեցող անկեղծության բաղադրիչը պետք է պահպանվի, և հարաբերություններն այլ երկրների հետ չպետք է ծառայեցվեն մեր դաշնակցի դեմ, իսկ սրանով փաստորեն մենք մտնում ենք մի մեծ քաղաքական խնդրի մեջ: Ըստ էության, տարածաշրջանում տեղի ունեցող ուժային փոփոխությունները, ՌԴ դուրսմղումը, Արևմուտքի ամրակայման ցանկությունը տեղի է ունենում նաև Հայաստանի և հայկական շահերի ոտնահարման միջոցով։

Արմեն Հովասափյան