Foto

Այդ հատվածում ճանապարհ չի եղել և հիմա էլ չկա․ փորձագետը՝ հայ-թուրքական սահմանի ենթադրյալ ականազերծման մասին

Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հրապարակում է արել թուրքական «GazeteKars» լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։

«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է «GazeteKars»-ը։ Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը լուրին թերահավատորեն է մոտենում։  «Դա ընդամենը Կարսի տեղական թերթի հրապարակում է։ Հիմա քարտեզն եմ նայում՝ մոտավորապես Արփի լճի հատվածում է՝ Զարիշատ գյուղի դիմացը։ Այդ հատվածում ճանապարհ չի եղել և հիմա էլ չկա։ Եթե նույնիսկ բացվում է, ապա, կարծում եմ, ճանապարհի համար չէ։ Անհասկանալի հաղորդագրություն է։ Այդ տարածքը Ռուսաստանի սահմանապահների պատասխանատվության գոտին է»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց Վրթանեսյանը։

Հարցին, թե արդյո՞ք կարելի սպասել հարձակման վտանգ, եթե նպատակը սահմանների բացոււմը չէ, Վրթանեսյանը պատասխանեց․ «Տեսականորեն հնարավոր է, հարթ տարածք է, միայն մեկ փոքրիկ գետ կա։ Լավ կլինի պաշտոնական հաղորդագրության սպասել»։ Փորձագետի համար անհասկանալի էր նաև, թե ինչու՞ պետք է ականզերծում աներ իսրայելական ընկերությունը։

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասաց, որ համայնքի աշխատակիցները երեկ են եղել Զառիշատ գյուղում և այդ հատվածում որևէ շարժ չեն նկատել, ընդ որում գյուղին հարող հատվածում բնակչություն էլ չկա և տարածքները բնակիչներն օգտագործում են, որպես արոտավայրեր։ Ըստ համայնքի ղեկավարի՝ եթե նման բան լիներ՝ բնակիչները հավանաբար նկատած կլինեին։

ԱԱԾ լրատվականից էլ փոխանցեցին, որ արտասահմանային հարց է և լուրի իսկությունը հերքելու կամ հաստատելու համար կարիք կա ճշտել սահմանապահներից։ Խոստացան պատասխան ունենալուն պես տեղեկացնել։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան