Foto

Մենք իրավունք չունենք Աղավնոյի և Նռնաձորի մեր արժանապատիվ քաղաքացիներին մենակ թողնելու. Ասպրամ Կրպեյան

Սյունիքի մարզի Աղավնո եւ Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Աղավնոյի համայնքապետի հետ զրուցեցինք, ասաց, որ մի թիզ անգամ նահանջելու տեղ չկա, ընդհակառակը՝ վերականգնելու են ու պաշտպանելու են ժառանգություն ստացած սրբազան հայրենիքը: Ասաց՝ իմ զավակներին պետք է փոխանցեմ հավերժական հայրենիք ունենալու երազը, ու ես իրեն հավատում եմ իրեն»,- նշեց Կրպեյանը:

Պատգամավորը կիսվեց նաեւ Նռնաձոր կատարած այցի տպավորություններով:

«Նռնաձորը փոքրիկ գյուղակ է, որտեղ ապրում են Գետաշենի ենթաշրջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Իրենք 1990-ականներին Գետաշենում են կռվել, իրենց սերունդները հիմա՝ Նռնաձորը: 44-օրյա պատերազմի ժամանակ 14-ամյա Վարդանը մեկ ձիով ապահովել է մի ամբողջ գնդի ջուրն ու ուտելիքը: Այլեւս ձի չունի. մնացել են օկուպացված հայրենիքում: Բայց ինքը գիտի, որ արժանապատիվ զիավորը երբեք անժույգ չի մնում»,- ասաց Ասպրամ Կրպեյանը:

Ասպրամ Կրպեյանի խոսքով՝ անկասելի եւ ամուր է նաեւ իրենց պայքարը:

«Մենք իրավունք չունենք Աղավնոյի եւ Նռնաձորի մեր արժանապատիվ քաղաքացիներին մենակ թողնելու: Իրենցից փորձել են հայրենիք ու արժանապատվություն խլել, բայց հայը շարունակելու պայքարել հանուն իր հայրենքի, որովհետեւ չկա առավել բարձր արժեք հայրենիքից»,- ընդգծեց Ասպրամ Կրպեյանը: